ՏՄՊՊՀ-ը նոր նախագահ ունի, անդամների մասով Էդուարդ Աղաջանյանը քաստինգ է անցկացնում

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) նոր նախագահ կունենա, Գյուղատնտեսության նախարար Գեղամ Գևորգյանի անունն այսօր արդեն իսկ ուղարկվել է ԱԺ՝ հաստատման:

Ի դեպ, նախարարի պաշտոնում նա այս պահին վերջին խորհրդակցությունն է անցկացնում: 168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ հանձնաժողովականներին փոխելու մասով դեռ պետք է հայտարարություն անի, ոտքի վրա որոշումներ չի ընդունի, մինչև որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակիցները քվեարկելով՝ իր թեկնածությանը համաձայնություն չտան:

Նշենք, որ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանից ազատվելու որոշումը վարչապետ Փաշինյանը կայացրել է երեկ:

Փաստացի այս կառույցի գոյության ժամկետները սպառվել էին Սահմանադրության համաձայն և անկախ այն հանգամանքից, թե հանձնաժողովի 12 անդամներից որ մասնագետին երբ էր ՀՀ նախկին նախագահը նշանակել, Սահմանադրության համաձայն՝ նրանք բոլորը՝ նախագահողից մինչև վերջին մասնագետը, պետք է լքեին իրենց պաշտոնները, որպեսզի նախագահն իր պաշտոնավորումից ուղիղ մեկ տարի անց ԱԺ ընտրած կադրերի միջոցով կատարեր նոր մարմին ձևավորելու իր պարտականությունը:

Իսկ օրենսդրական այս փոփոխությունից անտեղյակ ներկայիս կառավարությունը, փաստորեն, շարունակում էր «անխոնջ» աշխատել՝ չիմանալով, որ կառավարությունը գործ ունի «ժամկետանց» կառույցի հետ, և հետևապես՝ նրա որոշումները կարող են և լեգիտիմ չհամարվել:

Այս անփութությունը երևի դեռ երկար կշարունակվեր, սակայն ՏՄՊՊՀ իրավաբաններից մեկն օրեր առաջ սեփական նախաձեռնությամբ դիմել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, որպեսզի վերջինս մեկնաբանի օրենքը և ապահովի իր և գործընկեր անդամների լեգիտիմ իրավունքի պաշտպանությունը: Բանն այն է, որ այս երկու հանձնաժողովների 12 անդամները, որից 7-ը՝ ՏՄՊՊՀ-ում, + 5-ը՝ ՀԾԿՀ-ում, նոր օրենսդրությամբ պետք է վերանշանակվեն: Նախկինում տնտեսական այս կառույցների բոլոր անդամները նշանակվում էին հանրապետության նախագահի կողմից՝ 5 տարի պաշտոնավարման ժամկետով, սակայն ներկայումս՝ իբրև պառլամենտական երկիր, ՏՄՊՊՀ անդամները պետք է նշանակվեն ԱԺ-ի կողմից:

Խնդրահարույց վիճակից դուրս գալու համար կառավարությունն անցած նիստին «դլյա գալոչկի»  ընդառաջ գնաց ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին և նրա ներկայացրած նախագծի իրավաչափությունը և նպատակահարմարությունը հաստատեց ԱԺ-ի միջոցով՝ այդպիսով ՏՄՊՊՀ-ի գործելու ժամկետները երկարաձգելով մինչև հունիսի 30-ը:

Ու մինչ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին թվում էր, թե իր պաշտոնն անձեռնմխելի է մինչև հունիսի 30-ը, և անդամների հետ՝ կառավարության «կուտը կերած», խաղաղ սպասում էին իրենց մասին օբյեկտիվ որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը հապշտապ միանգամից երկու քայլ կատարեց՝ օրերս ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի բաջանաղ Գարեգին Բաղրամյանին նշանակեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ, իսկ այսօր էլ, փաստորեն, ՏՄՊՊՀ նախագահ կնշանակվի Գեղամ Գևորգյանը:

Թերևս, կասկած չկա, որ ՏՄՊՊՀ ճակատագիրն արդեն իսկ որոշված է, ու բացառված չէ, որ վարչապետն իր հետ հեղափոխության օրերին քայլած տարբեր անձանցով համալրի նաև ՏՄՊՊՀ-ի հանձնաժողովի մյուս 10 պաշտոնները, իսկ դրանք թափուր դարձնելուց առաջ, ինչպես Արտակ Շաբոյանի կենսագրությունը չէր դիտարկվել, այնպես էլ՝ մյուսներինը, և դժվար թե հարկ համարեն ուսումնասիրել: Ի դեպ, 168.am-ի տեղեկություններով՝ ԱԺ գլխավոր «կադրավիկ»՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն արդեն իսկ իր աշխատասենյակում Տնտեսական հանձնաժողովի անդամների քաստինգ է անցկացնում:

Սյուզի Բադոյան

Տեսանյութեր

Լրահոս