Նիկոլ Փաշինյանը ՏՄՊՊՀ-ի և ՀԾԿՀ-ի ճակատագրերը որոշելու համար կանգնել է փակուղու առաջ
Այսօր Ազգային ժողովում արտահերթ նիստ է հրավիրված, օրակարգում երեք հարց է, որոնցից մեկն առնչվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կարգավիճակը որոշելուն:
Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստում հավանություն է տրվել այս հանձնաժողովների վերաձևավորման վերաբերյալ նախագծին, որն այսօր օրենսդիրները քննարկելու են ԱԺ-ում: Նախագիծը խնդրահարույց է, այդ մասին կառավարության նիստում բարձրաձայնեց նաև ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ով կառավարության նիստի ընթացքում նշեց, որ ներկայացված նախագծի իրավաչափությունը և նպատակահարմարությունը ենթակա է քննարկման:
Բանն այն է, որ այս երկու հանձնաժողովների 12 անդամները, որից 7-ը՝ ՏՄՊՊՀ-ում, և 5-ը՝ ՀԾԿՀ-ում, նոր օրենսդրությամբ պետք է վերանշանակվեն: Նախկինում տնտեսական այս կառույցների բոլոր անդամները նշանակվում էին նախագահի կողմից՝ 5 տարի պաշտոնավարման ժամկետով, սակայն ներկայումս՝ որպես պառլամենտական երկիր, նրանք պետք է նշանակվեն ԱԺ-ի կողմից:
Խնդրահարույցն այստեղ ոչ միայն փոփոխությունն է, որ հապճեպ կերպով և առանց լուրջ իրավական քննարկումների արվել է նախկին իշխանության օրոք, այլ այն, որ դրա պատճառով այսօր վարչապետ Փաշինյանը կանգնել է լուրջ փակուղու առաջ:
Բանն այն է, որ հանձնաժողովների անդամները նախկինում նշանակվել են հինգ տարի ժամկետով, ինչն օրենքի տրամաբանությամբ նշանակում է, որ նրանք պետք է շարունակեն պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների և ժամկետի ավարտը: Իրականում ստեղծվել է խնդրահարույց իրավիճակ, և, եթե վարչապետ Փաշինյանը որոշի, այնուամենայնիվ, գնալ անդամների վերանշանակման, ապա ստիպված է լինելու խախտել այդ 12 անդամների լեգիտիմ իրավունքը, ինչն ամրագրված է օրենքով:
Նշենք, որ այս երկու տնտեսական մարմիններում անդամների պաշտոնները քաղաքական չեն, հետևապես՝ քաղաքական կոնյունկտուրայի փոփոխություններով պայմանավորված՝ քաղաքական ուժերի դասավորվածությունն ու հարաբերակցությունն ԱԺ-ում չեն կարող ազդող գործոն լինել այս անկախ մարմինների համար, ինչպես, օրինակ, ՄԻՊ-ի դեպքում կամ ՍԴ անդամների: Այս պարագայում ևս տարբերակում և օրենքի խտրական կիրառում չպետք է լինի:
Այդուհանդերձ, ինչ որոշում կկայացնի հեղափոխական կառավարության ղեկավարը, կպարզվի առաջիկայում: Այսօր կառավարութան կողմից հարցը հրատապ դրվել է ԱԺ օրակարգ, որպեսզի օրենքների ժամկետները երկարաձգվեն, ինչն էլ հնարավորություն կտա Կառավարությանը մինչև ս/թ հունիսի 30-ը հասկանալ և կողմնորոշվել, թե որ ճանապարհով են գնում՝ մարդու իրավունքի գերակայությա՞ն, մարմնի լեգիտիմությա՞ն, թե՞ ապաշնորհ ու անօրեն ուղիով:
Սյուզի Բադոյան