Բաժիններ՝

Ինչպե՞ս ստեղծել խաղեր և հավելվածներ փոքր տարիքում. Նանե Սարգսյան

168.am-ը շարունակում է ներկայացնել հայկական տեղեկատվական տեխնոլոգիայի ոլորտում հաջողություններ գրանցած փոքր և պատանի ներկայացուցիչներին:

Այսօր մեր հերոսը 19-ամյա Նանե Սարգսյանն է, ով աշխատում և ստեղծում է ՏՏ ոլորտում արդեն մի քանի տարի: Նանե Սարգսյանի մասին 168.amպատմել է տարիներ առաջ, երբ նա ստեղծել էր կենդանիների վիրտուալ լաբորատորիա:

«Առաջին խաղս պատրաստել եմ 12 տարեկանում, Թումոյի ծրագրավորման դասընթացի շրջանակներում։ Այն հայտնի «Ծովային պատերազմ» խաղի թվային տարբերակն էր։

2016 թվականին ստեղծել եմ «Animal Lab» խաղը, որի և՛ ծրագրավորմամբ, և՛ դիզայնով ինքս եմ զբաղվել։ Այն Digicode 2016 մրցույթում «Լավագույն վիրտուալ լաբորատորիա» և «Լավագույն դիզայն» անվանակարգերում արժանացավ գլխավոր մրցանակների։

Կարդացեք նաև

Հաջորդ խոշոր խաղը եղել է Skyslide-ը, որի վրա աշխատել եմ եղբորս հետ և ներկայացրել Open Game 2016 մրցույթին։

2018 թվականի փետրվարին մասնակցել եմ Ամերիկյան Համալսարանում կազմակերպված Data Science մրցույթին և ստացել առաջին մրցանակ»,- պատմում է Նանեն:

Նանե Սարգսյանն աշխատել է նաև մի շարք AR և VR հավելվածների և խաղերի վրա՝ լինելով ինտերն «Arloopa» ընկերությունում:

«Այժմ աշխատում եմ «Rockbite Games» ընկերությունում՝ որպես Junior Software Engineer և VFX Artist:  Աշխատում եմ ընկերության նոր խաղի՝ «Sandship»-ի վրա, որի բետա տարբերակը շուտով լույս է տեսնելու»:

Նանե Սարգսյանն ավարտել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը։ Այժմ սովորում է Ամերիկյան Համալսարանի Computer Science բաժնում։

«Նաև Թումո կենտրոնի շրջանավարտ եմ։ Իմ գիտելիքների մեծ մասը ձեռք եմ բերել Թումոյում բազմաթիվ հատուկ դասընթացների ընթացքում՝ սովորելով աշխարհի առաջատար ընկերությունների մասնագետներից»։

Նանե Սարգսյանը երիտասարդ տարիքում խաղեր և հավելվածներ ստեղծողներին տալիս է իր խորհուրդները՝

  • «Ուսման մեջ ամենից շատ կարևորություն պետք է հատկացնել ինքնակրթությանը։ Կապ չունի, թե ինչքան լավ որակի ուսումնական հաստատությունում եք սովորում, միևնույն է՝ առանց ինքնակրթության՝ դժվար է հասնել մեծ հաջողությունների։
  • Խաղեր ստեղծելու համար անհրաժեշտ է ծանոթ լինել արդեն գոյություն ունեցող այլ խաղերին և ոլորտի նորություններին։ Հետևաբար՝ շատ կարևոր է խաղեր խաղալ և դրանք վերլուծել, հասկանալ նրանց մեխանիկան, ընթացքը, տեխնիկական լուծումները։
  • Սկսիր փոքր խաղեր ստեղծելուց։ Հենց փոքր արդյունքներն են հիմք դնում մեծ հաղթանակներին։
  • Պետք չէ անհաջողությունից հուսահատվել։ Պետք է դասեր քաղել, նոր գիտելիքներ կուտակել, կատարելագործվել, և հաջորդ անգամ հաղթանակն անխուսափելի կլինի»։

Նանե իր ապագան պատկերացնում է այնտեղ, որտեղից ամենից շատ կարող է օգուտ տալ իր հայրենիքին և մարդկությանը:

«Այսօր թե՛ ուսումը, թե՛ աշխատանքը կարելի է կազմակերպել՝ լինելով աշխարհի ցանկացած կետում։ Ես իմ ապագան պատկերացնում եմ այնտեղ, որտեղ ամենից շատ կարող եմ օգտակար լինել իմ հայրենիքին, մարդկությանը և իմ ներդրումն ունենալ ՏՏ ոլորտի զարգացման մեջ»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս