Ինչպե՞ս ստեղծել խաղեր և հավելվածներ փոքր տարիքում. հայ աշակերտների օրինակը
168.am-ը պարբերաբար անդրադառնում է տեխնոլոգիաների ոլորտում հայ աշակերտների գրանցած հաջողություններին: Փոքր տարիքում շատ աշակերտներ արդեն կարողանում են ստեղծել խաղեր և հավելվածներ՝ հագեցած արհեստական բանականությամբ, վիրտուալ և լրացված իրականությամբ:
Ինչպե՞ս է հնարավոր փոքր տարիքում ստեղծել նման խաղեր, որտե՞ղ սովորել, ո՞ւմ դիմել և ինչպե՞ս զարգացնել սեփական պրոդուկտը:
Մեր հարցերին պատասխանել են Արման Բարսեղյանն ու Վահե Ասլոյանը:
Արման Բարսեղյանի խորհուրդներն իր հասակակիցներին
Արման Բարսեղյանը 15 տարեկան է և Թալինի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի սան:
«Իմ կողմից ստեղծվել են Zoomar, Antares AR և TuamnyanAR հավելվածները: Նաև շատ հավելվածներ ունեմ, որոնք նույնպես ստեղծվել են իմ կողմից, բայց հասանելի չեն հանրության համար, օրինակ՝ հավելվածներ, որոնք հնարավորություն են տալիս համալրել իրականությունը՝ առանց մարկերների օգնության: Հավելվածը ճանաչում է հարթությունը։ Նշածս 3 հավելվածները բավականին հաջողություններ ունեցել են, բայց Հայաստանի մակարդակով, ցանկանում եմ ստեղծել մի նորարարական հավելված կամ խաղ, որը կաշխատի հենց իմ հայտնագործած տեխնոլոգիայով»,- 168.am-ի հետ զրույցում նշում է Արմեն Բարսեղյանը:
Արմանն այս պահին սովորում է Թալինի ավագ դպրոցում:
«Որպես կրթական ՏՏ ծրագրեր՝ մասնակցել եմ որոշ դասընթացների: Իսկ ընդհանրապես որպես ՏՏ ծրագիր՝ մասնակցել եմ բազմաթիվ մրցույթների և ծրագրերի: Sevan Startup Summit 2018-ին թիմիս հետ միասին արժանացել ենք մրցանակի։ Եվս մեծ ծրագրի եմ մասնակցել, որը կոչվում էր Zero Robotics. սա իրենից ներկայացնում էր մրցույթ, որը կազմակերպվել էր NASA-ի, MIT-ի և BOEING-ի կողմից։ Մեզ հանձնարարված էր գրել կոդ, որը պետք է կիրառվեր տիեզերքում հենց տիեզերանավերի վրա։ Սկզբում 7 օրվա ընթացքում ծանոթացանք ծրագրի հետ, որից հետո սկսեցինք կոդ գրելը: Ի դեպ, մեզ այս ծրագրի շրաջանակներում դասավանդում էր Մարիամ Ավագյանը, ով այդ պահին սովորում էր Trinity College-ում՝ ԱՄՆ-ում։ Մասնակցածս բոլոր ծրագրերն ինձ ահռելի փորձ և գիտելիքներ են տվել, որոնք համարվում են իմ ներկայիս հաջողության բանաձևի մի մասը»:
Արմանն առաջիկայում նպատակ ունի շարունակել կրթությունն ԱՄՆ-ում և այնտեղ ծավալել գործունեությունը՝ ունենալով ամենաքիչը 4 տարվա աշխատանքային փորձ: Հետագա նպատակները կապված են արդեն Հայաստանում գործունեություն ծավալելու հետ:
Փոքր տարիքում ծրագրեր և խաղեր ստեղծել բոլոր ցանկացողներին Արմանը տալիս է իր կողմից առանձնացված 5 խորհուրդները.
1. Եղեք աշխատասեր և ձգտեք գրեթե կատարելության։ Ես ինքս այս պահին ձգտում եմ դրան:
2. Եղեք ինքնավստահ, եթե դուք հավատաք, որ դուք կստեղծեք հիանալի հավելված, ապա վստահ եղեք, որ դա կստացվի: Իսկ պրոդուկտն ինքնավստահ ներկայացնելն ամենագլխավոր մասն է։
3. Անընդհատ սովորեք, միշտ սովորեք։ Բոլորս էլ գիտենք, որ աշխարհն առաջ է գնում, իսկ եթե ուզում ենք հասնել հաջողության, ապա պետք է աշխարհին համընթաց քայլել (կամ առաջ անցնել)։ Անգամ ինչ-որ պրոյեկտի վրա աշխատելիս պետք է զուգընթաց սովորենք։
4. Տիրապետեք օտար լեզուների։ Ամբողջ աշխարհում կա կուտակված ինֆորմացիա, որի ճանապարհը գրեթե բոլորը գիտեն (այո, դա ինտերնետն է), բայց այն կողպված է, և դրա միակ բանալին օտար լեզուներն են։
5. Եվ, վերջինը, կցանկանամ ոչ թե խորհուրդ տալ, այլ երկու ցիտատ մեջբերել: Առաջինը՝ «Կարևոր չէ, թե որտեղից եք գալիս, կարևոր է, թե ուր եք գնում»:
Եվ երկրորդ՝ իմ շատ սիրելի Սթիվ Մարտինի խոսքերը՝ «Be so good, they can’t ignore you» («Եղեք այնքան լավը, որ նրանք չկարողանան անտեսել ձեզ»:
Վահե Ասլոյանի խորհուրդները պատանիներին
17-ամյա աշակերտ Վահե Ասլոյանը, չնայած իր տարիքին, արդեն մի քանի խաղի հեղինակ է, որոնք համալրված են արհեստական ինտելեկտի և վիրտուալ իրականության տարրերով:
Վահեն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի սան է, հաճախում է նաև «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիա, իսկ իր ապագա կրթությունը պատկերացնում է հենց ՏՏ ոլորտում:
«Առաջին իմ պրոյեկտը, որը հասել է հաջողության, Rising Hope խաղն է, որը ստեղծել եմ մոտ 2 տարվա ընթացքում։ Այդ պրոյեկտը ես ներկայացրել եմ Երևանում կազմակերպված «Դիջիթեք 2017» միջոցառմանը և արժանացել եմ հանրության հավանությանը։
Մյուս պրոյեկտը դա Orcz Evolve Vr-ն է, որը վիրտուալ իրականության խաղ է։ Այդ պրոյեկտի վրա աշխատել ենք Arloopa ընկերությունում մոտ 1 տարի, և այն տեղադրվել է Steam և Oculus Store օնլայն խաղերի մարկետում։ Հիմա մեր թիմն ակտիվ աշխատում է այդ պրոյեկտի զարգացման վրա»:
Վահե Ասլոյանը մասնակցել է Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոնում անցկացված C++ ծրագրավորման դասերին։
«Եղել եմ նաև Яндекс ընկերության կողմից կազմակերպված ծրագրավորման դպրոցի շրջանավարտ և, լինելով լավագույններից մեկը, այցելել եմ Մոսկվայի Яндекс-ի գլխավոր գրասենյակ և մասնակցել եմ այնտեղ կազմակերպված հեքեթոնին»։
Վահեն նշում է, որ իր նպատակները կապված են Հայաստանի հետ:
«Ես իմ ապագան տեսնում եմ Հայաստանում և ձգտելու եմ ապրել և զարգացնել իմ բնակավայրն ու իմ հայրենիքը»։
Վահեն տեխնոլոգիաների ոլորտում սովորել և աշխատել ցանկացող պատանիներին տալիս է հետևյալ խորհուրդները՝
1․ Լինել նպատակասլաց, ոչ մի հանգամանքում չկոտրվել: Միշտ ձգտեք հասնել ավելիին։
2․ Աշխատել թիմով, քանի որ թիմային աշխատանքն ավելի արդյունավետ է։
3․ Ամեն օր ձեռք բերել նոր գիտելիքներ իրենց ընտրած ոլորտում և ոչ մի անգամ կանգ չառնել։
4․ Հաճախակի շփվել իրենց ընտրած ոլորտի փորձառու մարդկանց հետ։
5․ Միշտ ժամանակ հատկացնել հանգստի և ժամանցի համար։
Սիրարփի Աղաբաբյան