Բաժիններ՝

15-ամյա Նանե Սարգսյանը ստեղծել է կենդանիների վիրտուալ լաբորատորիա

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոցի և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի աշակերտուհի Նանե Սարգսյանի ստեղծած «AnimalLab» խաղը հաղթող է ճանաչվել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից և «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կայացած «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման մրցույթի «Լավագույն վիրտուալ լաբորատորիա» անվանակարգում:

15-ամյա Նանե Սարգսյանի հետ զրուցել ենք խաղի, ապագա անելիքների և 15 տարեկանում նման հաջողություններ ունենալու մասին: Նանեն 12 տարեկանից զբաղվում է ծրագրավորմամբ:

«Ծրագրավորման հանդեպ սերն իմ մեջ առաջացել է դեռ մանկուց: Իմ հայրիկը զբաղվում էր ծրագրավորմամբ, և հենց նա է ինձ ծանոթացրել այդ զարմանահրաշ աշխարհին: Իսկ 12 տարեկանում, երբ սկսեցի հաճախել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և անցա խորացված դասընթացներ, ինձ մոտ վերջնականապես ամրապնդվեց ծրագրավորող դառնալու ձգտումը»,- մեզ հետ զրույցում նշեց Նանեն:

Nane-TUMO (1)

Կարդացեք նաև

Տեղեկանալով «ԴիջիԿոդ» մրցույթի մասին՝ Նանեն որոշում է խաղ ստեղծել իր սիրելի առարկաներից մեկի՝ կենսաբանության մասին.

«Խաղը կենսաբանության վիրտուալ լաբորատորիա է, որտեղ հնարավոր է ընտրել էվոլյուցիոն զարգացման տարբեր մակարդակներում գտնվող կենդանիների՝ միջատ, ձուկ, սողուն, թռչուն կամ կաթնասուն, և կառուցել տվյալ կենդանու օրգան-համակարգերը: Խաղն ուսուցողական բնույթ ունի և կարող է օգտագործվել դպրոցներում՝ դասավանդումն ավելի ինտերակտիվ դարձնելու նպատակով: Հետագայում հնարավոր է խաղն ընդլայնել՝ կենսաբանության նոր բաժիններ ընդգրկելով»:

Նանեն ցանկանում է շարունակել զբաղվել ծրագրավորմամբ և շատ է կարևորում կրթության դերը լավ մասնագետ դառնալու գործում:

«Պետք է նշել, որ իմ ընտրած ոլորտում շատ կարևոր է նաև ինքնակրթության դերը, քանի որ տեղեկատվական տեխնոլոգիաները շատ արագ փոփոխվում են, ինչն արագ արձագանք չի գտնում շատ ուսումնական հաստատություններում»,- ասում է նա:

Նանե Սարգսյանը նշում է, որ ունի նորարարական բազմաթիվ գաղափարներ, որոնք պատրաստվում է աստիճանաբար կյանքի կոչել: Նրա հետաքրքրությունները հիմնականում Հայաստանում զարգացման մեծ ներուժ ունեցող վիրտուալ իրականության ասպարեզում են:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս