«Մենք գործ ունենք պաթոլոգիկ ստախոսի հետ, որն անընդհատ սուտ է խոսում, և սա մարգինալ կարծիք չէ». #SutNikol նախաձեռնության համակարգողը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
«Քանի որ մոտենում է անցած տարի սահմանադրական կարգի տապալման ու իշխանության զավթման պրոցեսի սկզբի առաջին տարելիցը, մեք ընկերներով որոշել էինք ոմանց ցույց տալ, որ Հայաստանի պետականության տապալման դիմադրությունը դեռ տապալված չէ, կան դեռ օջախներ, և կարելի է արձանագրել, որ այսօր Հայաստանի 7 քաղաքներում բազմաթիվ քաղաքացիներ, մեր համակիրներ, համախոհներ միացել են ակցիային և ցույց են տվել, որ ստի և կեղծիքի այս ալիքը դեռ ամբողջովին չի հաղթել Հայաստանում։ Ուզում ենք նաև հայտարարել, որ սա դեռ սկիզբն էր, առաջին նմանատիպ ակցիան էր, բայց միանշանակ վերջինը չի լինի»,- այսօր առավոտյան իրականացրած իրենց՝ #SutNikol գրաֆիտիներով ակցիայից հետո տված ասուլիսի ժամանակ հայտարարեց #SutNikol նախաձեռնության համակարգող Արթուր Դանիելյանը։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից #SutNikol նախաձեռնության մի շարք անդամներ ակցիա էին իրականացրել Երևանի փողոցներում՝ #SutNikol գրաֆիտիներով պատելով քաղաքը։
Այսօր վաղ առավոտյան #SutNikol նախաձեռնության համակարգողներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը, Վրեժ Սարգսյանը, Իշխան Խոսրովյանը, ինչպես նաև ուղիղ եթերն ապահովող օպերատորը բերման էին ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին: Վաղ առավոտից նրանք և մի շարք այլ երիտասարդներ ակցիա էին իրականացնում Երևանի փողոցներում՝ #SutNikol գրաֆիտիներով պատելով քաղաքը։ Antifake կայքի տեղեկություններով՝ #SutNikol նախաձեռնության անդամներից 9 հոգի բերվել են ոստիկանության բաժիններ: Ոստիկանության բաժիններ բերված նախաձեռնության անդամները հրաժարվել են բացատրություններ տալ: Ազատ արձակվելուց հետո նրանք քիչ առաջ ասուլիս էին հրավիրել։
Հրավիրված ասուլիսում նախաձեռնության համակարգողներից Նարեկ Սամսոնյանն էլ, մեկնաբանելով ակցիայի #SutNikol խորագիրը, ասաց, որ Նիկոլ Փաշինյանն իշխանությունը զավթել է ստով և կեղծիքով, և իր ասած քաղաքական հայտարարությունների 90 տոկոսը նա սկսել է հերքել իր իշխանության առաջին ամիսներին։ Ակցիայի նպատակն այդ ստի ու կեղծիքի մթնոլորտի՝ Հայաստանում առկայության նպատակն էր։
«Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին, նախկին իշխանություններին մեղադրում էր այդ ստի ու կեղծիքի մթնոլորտը ստեղծելով՝ իշխանությունը պահելու մեջ, բայց այսօր իր իշխանությունն ամբողջությամբ հիմնված է ստի ու կեղծիքի վրա՝ թե ավելի շատ գրպանային ընդդիմադիրներ, և թե ավելի շատ գրպանային քաղհասարակություն ունենալով, և այլն։ Այսօր մենք իրականացրեցինք ակցիայի երկրորդ փուլը, որը խաղաղ բնույթ էր կրում, և որևէ վարչական, առավել ևս՝ քրեական իրավախախտման տրամաբանության մեջ չէր տեղավորվում։ Բերման ենթարկելուց հետո էլ, իհարկե, մենք դա ասացինք»,- ասաց Նարեկ Սամսոնյանը։
Նախաձեռնության մյուս համակարգող, «Բլոգնյուզ» կայքի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը կարծում է, որ այն, ինչ անցած տարի կատարվեց Հայաստանում, ոչ մի աղերս չունի հեղափոխություն ասվածի ակադեմիական իմաստի հետ, և կատարվածն իշխանափոխություն էր, որը քաղաքագիտական գնահատական չէ, այլ գոյություն ունեցող վիճակ։
«Հայաստանում կատարվածը կոչվում է պետական հեղաշրջում։ Մեր խնդիրն այն է, որ վեր հանենք այն մեծ ստերը, որի վրա կատարվեց հեղաշրջումը, այն մեծ ստերը, որոնք հնարավոր դարձրին մի իրավիճակ, երբ մայիսի դրությամբ կարելի էր ստիպել հավատալ շատ մեծ քանակի մարդկանց, օրինակ, Երևանում մայիսի 7-ի դրությամբ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը, ասում են, ձգտում էր 100 տոկոսի, ու վերջապես ասենք ճիշտը»,- նշեց Կոնստանտին Տեր-Նակալյանը։
Վերջինս կարծում է, որ հասարակության համար միֆերը պետք է մերժելի լինեն։ Հասարակությունը պետք է սովորի նախ լսել ճիշտը, ապա քննադատական մոտեցում ցուցաբերել այդ ճշտի նկատմամբ, որպեսզի կարողանա ավելի հասուն որոշում կայացնել։
«Ինչքան էլ իշխանական քարոզչությունը փորձի առաջ տանել այն թեզը, որ Նիկոլ Փաշինյանի թիմն է վատը, իսկ ինքը լավն է, դա այդպես չէ, որովհետև, իհարկե, թիմը վատն է, բայց այդ թիմի մեջ ամենավատը Նիկոլ Փաշինյանն է»,- ասաց նա։
«Քանի որ մեր նոր իշխանությունների գործունեության առանցքը սուտը, կեղծիքն ու մանիպուլյացիան են, մենք որոշեցինք մրցույթ և դրամահավաք հայտարարել ՀՀ քաղաքացիների շրջանում, ովքեր կարող են Նիկոլ Փաշինյանի հայտարարած ամենասուտ նախադասությունը, խոստումը կամ թեզը ներկայացնել արվեստի միջոցով։ Մրցանակային ֆոնդը կարող է լինել 1000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։ Մրցույթն անցկացվելու է Ֆեյսբուքում, Antifake.am կայքով և էջում»,- մանրամասնեց Նարեկ Սամսոնյանը՝ հավելելով, որ հայտերը կընդունեն մինչև ապրիլի 26-ը, իսկ հաղթողները կպարգևատրվեն հենց քաղաքացիների իրականացրած դրամահավաքի միջոցներով։
Այն հարցին, թե արդյո՞ք նախաձեռնության անդամները բացահայտել են Նիկոլ Փաշինյանի սուտ խոստումները, Կ. Տեր-Նակալյանն ասաց, որ իր տված բազմաթիվ խոստումներից վարչապետը կատարել է 1.5-ը. Մեկը՝ որ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, մյուսն էլ, որ տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, բայց վերջինս կատարվել է կիսով չափ, քանի որ չեն կատարվել դրա նախապայմանները՝ նոր Ընտրական օրենսգիրք, կուսակցությունների մասին օրենք և ընտրությունների՝ մայիս-հունիսին անցկացում։
Նարեկ Սամսոնյանն էլ թվարկեց իր «սիրած» ստերը վարչապետի կատարմամբ՝ Սաշիկը (Ալեքսանդր Սարգսյան, ՀՀ 3-րդ նախագահի եղբայրը,- Ա.Վ.) 50 տոկոս փայ է բոլոր բիզնեսներում, Հայաստանում դատավորներին արդեն ոչ ոք չի զանգում, ապրիլյան քառօրյա պատերազմն Ադրբեջանի ու Ռուսաստանի հետ պայմանավորվածության արդյունք էր, արագաչափերը պետք է հանվեն, բյուջեն մեկ տարում պետք է ավելանա 800 միլիոն դոլարով, Հայաստանում վերջին 10 ամիսներին 50 000 աշխատատեղ է բացվել, և այլն։
«Այսինքն՝ այս մարդն իր ողջ էությամբ ստի և կեղծիքի մարմնավորում է, և այստեղ ոչինչ հնարավոր չէ անել։ Մենք գործ ունենք պաթոլոգիկ ստախոսի հետ, որն անընդհատ սուտ է խոսում, և սա մարգինալ կարծիք չէ»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։