«Մթերումներ կատարելու համար, եթե ֆինանսական խնդիրներ լինեն, ապա պետությունը պատրաստ է օժանդակել թե՛ «Սպայկային», թե՛ որևէ երրորդ ընկերության». Գեղամ Գևորգյան
Գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Սպայկա» ընկերության օրերս արած հայտարարությանը, որ ֆինանսական խնդիրների պատճառով տասնյակ գյուղերում դադարեցնում են մթերումը, նշեց, որ Գյուղատնտեսության նախարարությունն աշխատում է բոլոր արտահանողների հետ և շարունակելու է աշխատել։
««Սպայկա» ընկերությունը հայտարարել է, որ չի շարունակելու մթերումը, եթե ունենա ֆինանսական խնդիրներ, իսկ մենք հայտարարել ենք, որ ֆինանսական խնդիրների դեպքում մենք կօժանդակենք թե՛ «Սպայկային», թե՛ մյուս բոլոր ընկերություններին, ինչի համար ունենք հատուկ ծրագիր և համապատասխան ռեսուրսներ։ Կարծում եմ՝ այդ ֆինանսական ռեսուրսների խնդիրները չպետք է ունենան։ «Սպայկայի» արտահանման ծավալները կազմում է թարմ պտուղ-բանաջարեղենի ծավալի 20 տոկոսը։
Սակայն սա չի նշանակում, որ «Սպայկա» ընկերությունը Գյուղնախարարության գործընկերը չէ, և սա չի նշանակում, որ մենք փնտրում ենք նոր խաղացողներ՝ «Սպայկայի» փոխարեն։ Մենք միշտ փնտրում ենք նոր խաղացողների, խրախուսում ենք նոր խաղացողների մուտքը, բայց ոչ թե մեկի հաշվին, այլ՝ որովհետև մենք դրա կարիքն ունենք»,- ասաց Գեղամ Գևորգյանը։
Նա ընդգծեց, որ, եթե ֆինանսական խնդիրներ լինեն, ապա պետությունը պատրաստ է օժանդակել թե՛ «Սպայկային», թե՛ որևէ երրորդ ընկերության մթերումներ կատարելու համար։
Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող լուրերին, ըստ որի՝ դաշտում հայտնվել է նոր մթերող ընկերություն՝ «Բեսթ Ֆրուտ», Գեղամ Գևորգյանը նշեց, որ՝ «Բեսթ Ֆրուտ» ընկերության ներկայացուցիչների հետ երբևէ չի հանդիպել, ուստի չի կարող գնահատել նրանց պոտենցիալը և կազմակերպման հնարավորությունները։
«Մինչև «Սպայկայի» հայտնվելը, դաշտում այլ ընկերություններ եղել են, ուղղակի մամուլը «Սպայկայի» դեպքերից հետո կենտրոնացավ, և այս ամենը մեծ լուսաբանում ստացավ։ Այո, այսօր կան ընկերություններ, որոնք փորձում են արտահանում կազմակերպել։ Մեր ապրանքների 80 տոկոսն արտահանող ընկերություններ եղել են, չէ՞, մինչև այսօր, որոնք մասին դժվար իմանաք, բայց կան այդ ընկերությունները, բա ապրանքի 80 տոկոսն ո՞վ է արտահանել։ Թե կոնկրետ քանի ընկերություններ կան, կդժվարանամ թիվ ասել»,- եզրափակեց Գեղամ Գևորգյանը։
Զվարթ Խաչատրյան