Թալիբները հայտարարել են «ամենամյա գարնանային հարձակումն» սկսելու մասին
«Թալիբան» արմատական շարժումն ապրիլի 12-ին հայտարարել է «Աֆղանստանում ամենամյա գարնանային հարձակումն» սկսելու մասին: Այդ մասին հայտնել է Agence France-Presse-ը, վկայակոչելով թալիբների հայտարարությունը:
«Թեեւ Աֆղանստանի մեծ մասն ազատագրված է թշնամուց, օտարերկրյա օկուպացոն ուժերը շարունակում են ռազմական ու քաղաքական ազդեցություն գործել մեր իսլամական երկրի վրա,-ասված է հայտարարության մեջ: Մեր նպատակը դեռեւս իրագործված չէ»:
Թալիբների «ամենամյա գարնանային հարձակումը» սովորաբար նշանավորում է մարտական գործողությունների ժամանակաշրջանի սկսվելը, սակայն վերջին տարիներին արմատականների եւ Աֆղանստանի կառավարական ուժերի մարտական բախումներ են տեղի ունենում նաեւ ձմռանը:
«Թալիբան»-ի հայտարարությունը հրապարակվել է երկրի իրադրութձան խաղաղ կարգավորման ուղիների որոնման շուրջ երկրորդ միջաֆղանական խորհրդաժողովի նախաշեմին:
Ինչպես սպասվում է, դրան կմասնակցեն ինչպես Աֆղանստանի կառավարության, այնպես էլ թալիբների ներկայացուցիչները: Սպասվում է, որ խորհրդաժողովն ապրիլի 14-15-ին կկայանա Դոհայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: