Բաժիններ՝

Էկվադորի ոստիկանությունը ձերբակալել է Ասանժի մերձավոր զինակիցներից մեկին

Էկվադորի ներքին գործերի նախարար Մարիա Պաուլա Ռոմոն Sonorama ռադիոկայանին տված հարցազրույցում հավաստել է, որ Ջուլիան Ասանժի մերձավոր մարդն Էկվադորում ձերբակալվել է երկրից հեռանալու փորձ անելիս։

«Կազմակերպությանը (WikiLeaks – խմբ.) շատ մոտ մարդն ապրում է այստեղ, եւ նա այս երեկո ձերբակալվել է Ճապոնիա մեկնելու փորձ անելիս»,- ասել է ներքին գործերի նախարարը:

Ինչպես նշել էՆԳ նախարարության ղեկավարը, խափանման այդ միջոցը կիրառվել է, որովհետեւ կան տվյալեր, որոնք հաստատում են, որ ձերբակալվածն աշխատել է անմիջականորեն Էկվադորի արտգործնախարարության նախկին ղեկավար Ռիկարդո Պատինիոյի հետ եւ, հնարավոր է, երկրի կառավարությունն ապակայունացնելու նպատակ է հետապնդել:

Բացի դրանից, նրա խոսքով՝ հսկողություն է տարվում երկու ենթադրյալ ռուսաստանցի հաքերների նկատմամբ, որոնք գտնվում են երկրում եւ կարող էին կապված լինել Ջուլիան Ասանժի հետ:

Daily Express թերթն ապրիլի 12-ին հայտնել է, որ Ջուլիան Ասանժի՝ Էկվադորում ձերբակալված զինակիցը ծրագրային ապահովման մշակող է WikiLeaks-ի համար: Վկայակոչելով լրագրող Վիջայ Փրեշեդի Twitter-ը՝ թերթը պատմել է, որ Ճապոնիա փախչելու փորձ արած տղամարդը ծնունդով Շվեդիայից Օլա Բինին է:

Բրիտանական ոստիկանությունն ապրիլի 11-ին ձերբակալել Է WikiLeaks-ի լրագրող եւ հիմնադիր Ջուլիան Ասանժին: Սպասվում է, որ մայիսի 2-ին դատական նիստ կկայանա նրա արտահանձնման շուրջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս