![](/banners/BeFunky-design.jpg)
Համայնքները կընդգրկվեն պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկում
![](https://168.am/wp-content/uploads/2019/04/971016.jpg)
Կառավարությունն ընդունեց որոշում, որով կընդլայնվի պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը, ինչպես նաև պետական ծառայություններն առավել հասանելի կդառնան քաղաքացիների և գործարարների համար:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ 2019 թ. առաջին եռամսյակի դրությամբ օպերատորների ընդհանուր քանակը 10 է: «Որոշմամբ առաջարկվում է պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկում ընդգրկել հանրապետության 40 համայնք: Տվյալ համայնքային գրասենյակներն օժտված են նյութատեխնիկական անհրաժեշտ ներուժով իրենց վրա դրվող պարտականությունները պատշաճ կատարելու համար: Միևնույն ժամանակ, առաջարկվում է համայնքների հետ պամանագիր կնքել, քանի որ ծառայությունների մատուցման իրավահարաբերություններն իրենց բնույթով պայմանագրային են: Արդյունքում՝ պետական ծառայություններն առավել հասանելի կդառնան քաղաքացիների և գործարարների համար»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ հեռանկարում պետք է յուրաքանչյուր փոստային բաժանմունքում, համայնքում լինի այսպիսի ծառայություն մատուցելու հնարավորություն: «Սրանք գրասենյակներ են, որոնք ընդունում են դիմումները և ծառայությունը մատուցվում է կենտրոնացված»,- նշեց արդարադատության նախարարը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց ընդունված որոշման կարևորությունը, որը հնարավորություն է տալիս պետական ծառայությունները մատուցել տեղերում: