Լարված իրավիճակ Նորագավիթի մաքսատանը. բոլորը փորձում են հասկանալ դեպքերի տրամաբանությունը
Նորագավիթի մաքսակետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցելությունը, որն իբրև թե միտված էր մաքսատան աշխատանքների որակը բարելավելուն, կարծես թե հակառակ էֆեկտն է տվել։
168.am-տեղեկություններով՝ այս պահին Նորագավիթի մաքսատանն արտակարգ իրավիճակ է, աշխատանքները որոշակիորեն պարալիզացված են, աշխատակիցներից շատերը զանգվածաբար աշխատանքից ազատվելու դիմումներ են գրում։
Բանն այն է, որ դրոշի հետ կապված անհաջող տեսարանի բեմադրությունից հետո, երբ վարչապետը մաքսատան աշխատակցին հրամայեց՝ «Դիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր: Ով աշխատել է այդ սենյակում, բոլորը հեռացվեն աշխատանքից: Դրանց կանգնելու ձևը, հագուկապը, ոնց որ քուչում լինեն: Լավ ա՝ չեն պպզել», տեղեկություն տարածվեց, որ Հայկ Մարտիրոսյան անուն-ազգանունով աշխատակիցն արդեն աշխատանքից ազատման դիմում է գրել։
Հիշեցնենք, որ Արշակունյաց 127/21 հասցեում գործող ավտոմեքենաների մասնագիտացված ՊԵԿ մաքսատունը, ուր այց էր կատարել Նիկոլ Փաշինյանը, իրականում Սամվել Ալեքսանյանի (Լֆիկի) սեփականությունն է համարվում: Եվ 4561 քմ մակերես ունեցող տարածք-անգարները ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն վարձակալում է Սամվել Ալեքսանյանի կնոջից՝ Շողերինա Մկրտչյանից: Ավելին, վարձակալության պայմանագիրը, որ կնքվում է հենց գործարարի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի հետ, Պետբյուջեից տարեկան ամեն անգամ գործարարին այս գործարքի դիմաց փոխանցվում է նվազագույնը 36 մլն դրամ, իսկ մի քանի տարիների հանրագումարն արդեն գերազանցել է 530 մլն դրամը։
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը տեղեկացրել էր, որ «ոչ միայն տվյալ աշխատակիցը, այլ նաև ավտոմաքսատան պետն ազատման դիմում է գրել: Դա այդ մարդկանց ընտրությունն է»։
168.am-ին, սակայն, տեղեկություններ հասան այն մասին, որ նշված միջադեպից հետո մաքսատան պետ Հայկ Միրզոյանին կարգադրել են աշխատակիցներին ազատել աշխատանքից, սակայն վերջինս հրաժարվել է, ու ինքն է աշխատանքից ազատվելու դիմում գրել, ինչին հետևել են Նորագավիթի մաքսակետի աշխատակիցների՝ աշխատանքից զանգվածաբար ազատվելու դիմումները։
Մեզ հայտնեցին նաև, որ մաքսատուն են շտապել ՊԵԿ ղեկավարության ներկայացուցիչներ։
Այսօր վաղ առավոտյան լուրեր տարածվեցին, որ մաքսատան աշխատակիցները հրաժարվել են քաղաքացիներին սպասարկելուց և պատրաստվել են գործադուլի, սակայն քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում աշխատակիցներն ասացին, որ գործադուլի նպատակ չեն ունեցել, պարզապես ծրագրային խնդիր է եղել, այդ պատճառով էլ մի քանի րոպե քաղաքացիներին չեն սպասարկել։
Մեր այցի ընթացքում այն սենյակի դուռը, որտեղ Փաշինյանը տեսել էր իբրև թե հատակին ընկած դրոշը, սկզբում փակ էր։ Րոպեներ անց այն բացեց աշխատակիցներից մեկը՝ նշելով, որ ընդմիջման ժամին են փակել։ Հետաքրքրվեցինք՝ որտե՞ղ է դրոշը, պատասխանեց, որ իրավասու չէ որևէ հարցի պատասխանել։
Մեզ հետ զրույցում ավտոներկրող ընկերության ներկայացուցիչներից մեկը՝ Արա Խաչատրյանը, նշեց, որ ազատման դիմում գրած Հայկ Մարտիրոսյանի հետ մի քանի անգամ առնչություն ունեցել է, ըստ նրա, վերջինս բարեխիղճ աշխատող էր։ Նրա խոսքով՝ վարչապետի վարմունքն աշխատակցի նկատմամբ կոպիտ էր, այդ պատճառով էլ հասարակության լայն զանգվածների մոտ քննարկումների տեղիք է տվել։
Հարց է առաջանում, թե ո՞րն էր այս շոուի իրական նպատակը։ Մաքսատան շարքային աշխատակիցներն էլ են համոզված, որ այս ամենը միտումնավոր էր կազմակերպվել։ Մինչ Ն. Փաշինյանի այցը, մի քանի օր շարունակ տարածքը հնարավորինս մաքրվել է, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անձամբ իր տեղակալ, մաքսային ոլորտի պատասխանատու Շուշանիկ Ներսիսյանի հետ ավելի քան երեք օր շարունակ անձամբ գնացել է մաքսատուն՝ հետևելու հսկայական այդ անգարների մաքրման աշխատանքներով։ Սամվել Ալեքսանյանի տիկնոջ տարածքը, որը մաքատունը վարձակալությամբ օգտագործում է, առանձնապես լավ վիճակում չի գտնվել երբևէ, և աշխատակիցները հնարավորինս փորձել են կարգի բերել՝ լրացուցիչ պայմաններ ստեղծելով՝ դարպասներ, սարքավորումներ տեղադրելով, մաքրելով և բարելավելով ծառայության գործընթացը։
Միգուցե շահագրգիռ մեկը կա՞, որ ցանկանում է զբաղեցնել Նորագավիթի մաքսատան պետի պաշտոնը՝ մտածում են շարքային աշխատակիցները, որոնք համոզված էին, որ, ընդհակառակը, մաքսատան որոշ բարեկարգումները գովասանքի պետք է արժանանային։
«Ոնց որ դուրս գաս փողոց ու ասես՝ էս խի՞ ա սիգարետի մնացորդ գետնին քցած, կամ խի՞ ա սենց փոշոտ։ Անիմաստ՝ կեղտ բռնոցի էր, հլա չգիտենք՝ խի»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը։
Ի դեպ, հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ շատ անսպասելի, մեկ գիշերվա մեջ աշխատանքից ազատվել էին Արարատյան մաքսատուն-վարչության պետ Զավեն Հակոբյանը և Արևմտյան մաքսատուն-վարչության պետի տեղակալ Արմեն Պողոսյանը։ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ այս պաշտոնյաները նշանավոր էին ոչ միայն նրանով, որ առանցքային պաշտոններ էին զբաղեցնում մաքսային համակարգում, այլև նրանով, որ երկուսն էլ որոշակի առնչություններ ունեն ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հետ։ Ըստ օրաթերթի՝ նրանք ազատվել էին Նիկոլ Փաշինյանի հրահանգով։ «Զավեն Հակոբյանը Արթուր Վանեցյանի սանիկն է՝ մտերիմ ընկերը, իսկ Արմեն Պողոսյանը Արսեն Պողոսյանի՝ «Զվարթնոց» օդանավակայանի ԱԱԾ պատասխանատուի եղբայրն է և Վանեցյանի օգնականի ազգականը:
ՊԵԿ շրջանակներում խոսում են այն մասին, որ Փաշինյանն իր այս քայլերով փորձում է հասարակության շրջանում «արդար ղեկավարի» իմիջ ձեռք բերել, այնինչ նա իր հարցերն է լուծում նաև ԱԱԾ պետ Ա. Վանեցյանի հետ՝ փորձելով թուլացնել նրա դիրքերը, ով բավական բարձր հեղինակություն ունի և տարբեր գերատեսչություններում՝ մերձավորներ և մտերիմներ։ «Վանեցյանը քաղաքի տղա ա ու շատերին ճանաչում ա, ծանոթ ա, ուրեմն՝ ով նրան ճանաչում ա՝ պետք ա գործից հանե՞ն»։
Թե իրականում ի՞նչ կապ ունի Նորագավիթի մաքսատանը տեսախցիկների առջև ցուցադրված տեսարանը նշված անսպասելի պաշտոնանկությունների և ներիշխանական խարդավանքների հետ՝ կպարզվի առաջիկայում։
Հիշեցնենք միայն, որ, թեև Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանն իրեն է համարում Նորագավիթի մաքսատանը տեղի ունեցածի ամենամեծ պատասխանատուն, սակայն չի պատրաստվում հրաժարականի դիմում տալ: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ ստորագրել է մաքսատան աշխատակցի՝ Հայկ Մարտիրոսյանի աշխատանքից ազատման դիմումը, նաև ստորագրելու է մաքսատան պետի՝ Հայկ Միրզոյանի դիմումը, որը ևս իր կամքով աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Անանյանը, սակայն, չնայած իր մեղավորությանը, հրաժարական չի տալու:
ԱՐՄԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ