
Նիկոլ Փաշինյանը և «Կորպորասիոն Ամերիկա»-ի գործադիր տնօրենը քննարկել են Հայաստանում ընկերության ներդրումային ծրագրերի ընդլայնման հեռանկարները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 9-ին ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին, որին ուղեկցում էին «Էռնեկյան» ընկերության տնօրեն Խորխե Դել Ագիլան և «Արմենիա» միջազգային օդանավակայանի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրերը և դրանց ընդլայնման հեռանկարները: Մասնավորապես, անդրադարձ է եղել Երևանի «Զվարթնոց», Գյումրու «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, «Հայփոստ» ՓԲԸ հետագա գործունեությանը, Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին շենքի ներդրումային ծրագրին վերաբերող հարցերին: Մտքեր են փոխանակվել նաև ավիացիոն շուկայի զարգացման և մրցակցության խթանման հնարավորությունների շուրջ:
Կողմերը գոհունակություն են հայտնել ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջև ձևավորված համագործակցության մթնոլորտից և փոխադարձաբար վերահաստատել այն էլ ավելի խորացնելու պատրաստակամությունը: Վարչապետը կարևորել է Հայաստանում ընկերության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են մեր երկրում բիզնես միջավայրի ակտիվությանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ հետագա քայլերի շուրջ քննարկումներն ավելի առարկայական շարունակել վարչապետի աշխատակազմի, շահագրգիռ գերատեսչությունների և ընկերության ներկայացուցիչների մակարդակով: