Թրամփը հավաստել է ԵՄ-ից ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելու պլանները
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Եվրամիությունից ներմուծվող ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելու պլանները՝ ի պատասխան Եվրամիության կողմից իր արդյունաբերության սուբսիդավորման: Համապատասխան հայտարարկությունը նա ապրիլի 9-ին զետեղել է Twitter-ի իր էջում, հավելելով, որ այդ միջոցը կվերաբերի ԵՄ-ի երկրներից 11 մլրդ դոլար գումարի ներմուծմանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը պարզել է, որ Եվրամիության լրահատկացումները բացասաբար են ազդել Միացյալ Նահանգների վրա, որն այժմ մաքսատուրքեր կսահմանի ԵՄ-ի 11 մլրդ դոլար արժողությամբ արտադրանքի վրա,-գրել է Թրամփը:-ԵՄ-ն երկար տարիներ խաբում էր ԱՄՆ-ին իր շահերի համար: Դա պետք է դադարեցվի»:
Ինչպես ապրիլի 9-ին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ներկայացուցիչն՝ արձանգանքելով Airbus-ի լրահատկացումների պատճառով հնարավոր նոր մաքսերի վերաբերյալ ամերիկյան կողմի հայտարարություններին, Եվրամիությունը պատրաստվում է պատասխան միջոցներ ձեռնարկել Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում Boeing ընկերության համար ԱՄՆ-ի լրահատկացումների շուրջը վեճի շրջանակներում:
Նույն օրն ավելի վաղ ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցչի գրասենյակը հայտնել է, որ Վաշինգտոնը դիտարկում է Եվրամիությունից ներմուծման նոր մաքսերի սահմանումը, քանի դեռ ԵՄ-ն չի դադարեցրել Airbus-ի լրահատկացումը:
Այն ապրանքների նախնական ցուցակը, որոնք կարող են ենթարկվել նոր մաքսերի, ներառում է քաղաքացիական ուղղաթիռները եւ ինքնաթիռները, ինչպես նաեւ դրանց համալրող մասերը: Բացի դրանից, ցուցակում ներառված են սաղմոնի սուկին, ծովախեցգետինները, պանիրները, ձիթայուղը, ջեմերը, հյութերը, գինին, գորգերը եւ բազմաթիվ այլ ապրանքներ: Մաքսերը կարող են վերաբերել չորս երկրի՝ Ֆրանսիային, Գերմանիային, Իսպանիային եւ Մեծ Բրիտանիային:
«Եվրահանձնաժողովն ի գիտություն է ընդունում մամուլի համար արված հայտարարությունը, որը երեկ հրապարակել է ԱՄՆ-ի առեւտրի ներկայացուցչը»,- ասել է ԵՀ-ի պաշտոնյան՝ մեկնաբանելով ամերիկյան կողմի հայտարարությունները: Նրա խոսքով՝ առեւտրական ներկայացուցչի կողմից բերված տվյալները «հիմնված են ԱՄՆ-ի ներքին գնահատումների վրա», որոնք չեն գնահատվել ԱՀԿ-ի կողմից: