Հայաստանն ու Չեխիան կհամագործակցեն ռազմատեխնիկական ոլորտում
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարը ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել: Այս մասին ՀՀ պաշտպանության նախարարությունում բրիֆինգի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Նրա խոսքով` հայ-չեխական երկկողմ պաշտոնական համագործակցությունը սկիզբ է առել 2010 թվականին և հիմնված է երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների, ժողովուրդների բարեկամության, փոխադարձ ըմբռնման և վստահության ընդհանուր արժեքների և մոտեցումների վրա և ունի լուրջ հեռանկարներ:
«Հայաստանի և Չեխիայի համագործակցության իրավական հիմքն է հանդիսանում 2010 թվականին երկու երկրների միջև ստորագրված ռազմական համագործակցության համաձայնագիրը և այսօր ստորագրված ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրով սահմանվում են համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները, համագործակցության ձևաչափն ու ընթացակարգերը»,-ասաց նա:
Տոնոյանը նշեց, որ Չեխիայի իր գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: «Քննարկեցինք նաև երկու բարեկամ երկրների միջև առկա քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններն ու վերահաստատեցինք միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ ընդհանուր մոտեցումները: Անդրադարձանք մեր պետությունների հարևանությամբ ընթացքող ռազմաքաղաքական զարգացումներին»,-հավելեց նա: