ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի պատվիրակությանը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանն ապրիլի 9-ին ընդունեց ԱՊՀ մասնակից պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի պատվիրակությանը՝ Կենտրոնի ղեկավարի տեղակալ գեներալ-մայոր Ս. Գ. Դուդկոյի գլխավորությամբ: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել շտաբային բանակցությունների անցկացման նպատակով՝ Հայաստանի Հանրապետությունում ս.թ. սեպտեմբերին նախատեսվող` ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների՝ «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքի նախապատրաստման շրջանակներում: Վարժանքին մասնակցելու են ԱՊՀ մասնակից պետությունների հատուկ ծառայությունները, 102-րդ ռուսական ռազմական բազան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարություններն ու գերատեսչությունները:

Կայացած հանդիպման ընթացքում կողմերը փոխանակեցին կարծիքներ՝ ԱՊՀ մասնակից պետությունների սահմաններին ձևավորվող իրավիճակի և Սիրիայում ու Իրաքում միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կողմից կրած լուրջ կորուստների հետևանքով վերջիններիս ռազմավարությունում տեղի ունեցած փոփոխությունների պատճառով ի հայտ եկող արդի սպառնալիքների վերաբերյալ: Բացի այդ քննարկվեցին ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների առջև ներկայիս փուլում կանգնած ծրագրերն ու խնդիրները:

Կողմերը նշեցին նաև ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ պայքարի ոլորտում ՀՀ ԱԱԾ-ի և ԱՊՀ ՀԱԿ-ի միջև փոխգործակցության բարձր մակարդակը:

2006թ. Հայաստանի Հանրապետությունում ՀՀ ԱԱԾ-ի կողմից, ԱՊՀ ՀԱԿ-ի համակարգմամբ, անց է կացվել «Ատոմ-Անտիտեռոր-2006» հակաահաբեկչական վարժանքը, որի ընթացքում մշակվել են Հայկական ԱԷԿ-ի հակաահաբեկչական պաշտպանվածության ուժեղացման հարցերը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930