Բաքուն հայտնվում է բավականին անհարմար դրության մեջ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանն արձագանքելով Հայաստանի պաշտպանության նախարարի հայտարարությանը, որ Բաքուն իր բանակը պետք է պատրաստի խաղաղության, հայտարարել է, թե ադրբեջանական բանակը ոչ թե խաղաղության է պատրաստ, այլ պատերազմի:
Այս արձագանքի համատեքստում նախ ուշադրության է արժանի, թերեւս, հայկական դիվանագիտա-քարոզչական մարտավարության մի նուրբ ասպեկտ, երբ Երեւանը սկսել է խոսել խաղաղության եւ խաղաղություն պարտադրելու «կոմբինացիոն» համատեքստում, այսինքն` մի կողմից զգալիորեն ավելացրել է խաղաղության հռետորաբանությունը եւ տեղավորում է այն ընդհանուր շահի համատեքստում, մյուս կողմից՝ դա զուգորդում է պաշտպանական ռազմավարությունը հարձակողականի փոխելու աշխույժ հռետորաբանությամբ:
Դրա արդյունքում Բաքուն հայտնվում է բավականին անհարմար դրության մեջ: Իհարկե, միամտություն է ասել, թե դա, այսպես ասած, ճակատագրական դրություն է Բաքվի համար, սակայն մյուս կողմից՝ Բաքուն փաստորեն ստիպված է լինելու կամ խոսել հայկական տրամաբանությամբ, կամ պատերազմի մասին ստիպված խոսել խաղաղության ավելի ընդգծված մերժումով:
Իսկ եթե հաշվի առնենք եւ այն, որ հայկական կողմն իր խաղաղության ասպեկտների վրա կառուցած հռետորաբանությունը նրբորեն ուղղում է ավելի շատ ադրբեջանական հանրությանը, իշխանությանը թողնելով պաշտպանականից հարձակողական ռազմավարության անցնելու եւ խաղաղություն պարտադրելու մեսիջները, ապա փաստացի ստացվում է, որ Բաքուն սկսում է հակառակ հայկական կողմի խաղաղության առաջարկի պատերազմ առաջարկել թե՛ միջազգային, թե՛ իր հանրությանը:
Այստեղ հարաբերակցությունը ամենեւին նոր չէ, այսինքն` հայկական կողմը միշտ էլ եղել է խաղաղության առաջարկողը եւ պահպանողը, իսկ Ադրբեջանը՝ պատերազմի:
Նորը տվյալ դեպքում շեշտադրումների հղկումներն ու նրբացումներն են, որոնք Բաքվին ստիպում են այլեւս ավելի ընդգծված քարոզել պատերազմ եւ փաստացի հայտնվել պատերազմի արդեն ինքնանպատակ քարոզի դիրքերում, կամ ստիպել է բացվել այդ դիրքերում:
Ավելի լայն առումով, այստեղ, անշուշտ, ուշադրության է արժանի նաեւ մեկ այլ հանգամանք: Պատերազմի կամ խաղաղության պատրաստ են լինում ոչ թե բանակները, կամ խաղաղություն պարտադրելու, այլ պետությունները, այսինքն` համակարգերը:
Բանակները դրանց մասն են: Այն, որ մեր բանակը պատրաստ է սխրանքի, ընդ որում՝ ոչ միայն ոգեղենության, այլ նաեւ զուտ մարտական կարողությունների ու ունակությունների շնորհիվ, աներկբա է, դա ապացուցել է բանակի թե՛ առաջին սերունդը, թե՛ նոր սերունդը 2016-ին:
Այդ իմաստով պաշտպանության նախարարի հայտարարությունները, նաեւ դրանց քաղաքական հավանությունը տվող վարչապետի հայտարարությունները հիմնավոր են, նաեւ կարեւոր ընդհանուր պետական քաղաքականության տեսանկյունից:
Սակայն այդ ամենը, իհարկե, ոչ թե հակադրվում է, այլ պետք է փոխլրացվի ընդհանուր պետական կարողությունների հետեւողական ընդլայնումով եւ բարձրացումով, քանի որ պատրաստ է խաղաղություն պարտադրելուն կամ ամբողջ օրգանիզմը, կամ խիստ սահմանափակ է լինելու մեկ օրգանի կարողությունների էֆեկտը, որովհետեւ այն չի կարող շատ երկար ժամանակ իր վրա կրել մյուս չաշխատող օրգանների ծանրաբեռնվածությունը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: