Բաժիններ՝

Կառավարության միջադեպը վախեցրե՞լ է պաշտոնյաներին

Գազավորված ըմպելիքների համար կառավարության առաջարկած շաքարի հարկի նախագծի տապալումը մի շարք տնտեսվարողների մոտ հույս է ներշնչել, որ կառավարությունն այլևս չի գնա տոտալ հարկադրանքի ճանապարհով:

Չնայած, որ այս հետքայլի հիմքում, ըստ որոշ տեղեկությունների, ոչ այնքան իրատեսական հաշվարկներն են եղել, որքան կառավարության շենքում այդ օրերին տեղի ունեցած տհաճ միջադեպը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու գործարարներից մեկի միջև:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ առաջարկվող վիճահարույց օրինագծի շուրջ կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախաձեռնած քննարկմանը տնտեսվարողների կողմից բանագնացը եղել է Տիգրան Հովսեփյանը, որը հանդիսանում է «Հայ կոլա» գազավորված ըմպելիք արտադրող ընկերության սեփականատերը: Ֆինանսների, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն՝ կողմերի հետ հանդիպման ընթացքում, գործարարը փորձել է երկար-բարակ հիմնավորել, թե ինչ հետևանքների կբերի նոր լիցենզիայի հարկը։ Եվ երբ նրա խոսքը ներկա պաշտոնյաների դիմադրությանն է արժանացել, Տ. Հովսեփյանը կտրուկ փոխել է մոտեցումը և սկսել է կառավարության հետ խոսել վերջնագրի լեզվով:

Տիգրան Հովսեփյանը, ըստ մեր աղբյուրի, սպառնացել է, որ, եթե շաքարի հարկը իրավական ուժ ստանա, ինքը կայրի իր գործարանը բոլորի աչքի առաջ, այդ թվում՝ միջազգային լրատվամիջոցների, և դրանում կմեղադրի հեղափոխական կառավարությանը ու խոստացված տնտեսական հեղափոխության կեղծ արժեքներին:

Նա նաև սպառնացել է, որ մեծ աղմուկ կբարձրացնի ու ցույց կտա միջազգային հանրությանը, թե ինչպես է ներկայիս կառավարությունն առանց հիմքեր ստեղծելու՝ օրենքներ գրում և ճնշումների ենթարկում տնտեսվարողներին: Գործարարի ահաբեկումները, որոշ տնտեսվարողների խոսքով, ազդել են պաշտոնյաների վրա, ու որպեսզի ավելորդ աղմուկից խուսափեն՝ ստիպված են եղել կոնսենսուսային որոշում կայացնել:

Հիշեցնենք, 168.am-ն անդրադարձել էր կառավարության վերջին երկու աղմկահարույց նախագծերին և դրանց նախապատմությանը: Ընդ որում, նշել էինք, որ թե՛ շաքարի հարկի, և թե՛ գրավատների վիճահարույց օրինագծերի հիմքում ակնհայտորեն բացակայում են ծանրակշիռ հիմնավորումները, փոխարենը՝ երկուսում էլ ակնհայտ է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետաքրքրվածությունը և նրա ազդեցիկ գործոնը:

168.am-ի հետ զրույցում Տիգրան Հովսեփյանը չհերքեց, որ սպառնացել է կառավարությանը, սակայն այլ բովանդակությամբ:

«Բայց ես սպառնացել եմ բոլոր այն հիմնավոր փաստարկներով, թե ինչ կլիներ, եթե Ֆինանսների նախարարության հորինած այդ հրեշավոր օրենքը ընդունվեր ու շղթայական ռեակցիայով հետագայում տարածվեր արտադրության ոլորտի հարյուրավոր տնտեսվարողների վրա:

«Շաքարի հարկ» կոչվածը վտանգավոր նորմ էր, հետո նաև տարածվելու էր տեղական արտադրության ապրանքի, դրսից մատակարարվողի վրա, ու պատկերացնո՞ւմ եք, թե ի՛նչ ահռելի հարված կլիներ դա գործարարներիս… և այս ամենը ինչի՞ համար էր արվել. միայն այն բանի, որ Ֆինանսների նախարարությունում Ատոմ Ջանջուղազյան & Արման Պողոսյան ֆորմատով զույգը փողեր հավաքագրելու համար օդից լիցենզիա էր հնարել: Ես ավելի շուտ ուրիշինը կվառեի… ես հո չե՞մ գժվել՝ 23 տարիների իմ ստեղծածը վառեմ, ես էդքան հիմար չեմ, ավելի շուտ ուրիշինը կվառեի, քան իմ ստեղծածը»,- միջադեպի մասին տարածված տեղեկությունը մեկնաբանեց գործարարը:

«Ես, այո, ընդունում եմ, որ մենք հաջողեցինք, բայց դրա համար ես շատ ջանքեր թափեցի: Բացատրեցի պաշտոնյաներին, որ խնդրահարույց նոր լիցենզիան՝ 5+% շաքարի հավելումով արտադրվող հյութերի համար, օրենքի ուժ ստանալու դեպքում միանգամայն նախադեպ էր դառնալու սննդային ողջ շղթայի համար: Կառավարությունում ես այդ մարդկանց հետ կառուցողական, բացատրական զրույց եմ տարել, հիմնավորել եմ այնպես, որ հասկանան, թե ինչպես է իրենց ստեղծած շաքարի հարկը հարվածելու գինի արտադրողներին, յոգուտներին, կոմպոտներին, քաղցավենիքի արտադրությամբ զբաղվողներին, և այսպես շարունակ:

Վերջապես, 4 անգամ խմբագրված օրինագիծը չեղարկվեց՝ ի պատիվ նրանց»,- իրենց տարած հաղթանակի մասին պարզաբանեց Տիգրան Հովսեփյանը:

Գործարարը միևնույն ժամանակ ափսոսանք հայտնեց, որ նույն ձեռագրով ու նույն նպատակին ծառայող մյուս վիճահարույց օրինագիծը՝ գրավատների մասով, այդուհանդերձ իրավունքի ուժ կստանա: Ասում է՝ ձեռնարկատերերը ավելի թույլ գտնվեցին, քան մենք, միահամուռ չդարձան ու չկարողացան իրենց պահանջները հիմնավոր ներկայացնել կառավարությանը, ինչի հետևանքով և իրենք կտուժեն, և հարյուրավոր աշխատակիցներ:

Նշենք, որ այս օրերին խորհրդարանական լսումներ են անցկացվում Հարկային նոր օրենսգրքի որոշ վիճահարույց դրույթների շուրջ, տնտեսվարողները հույս ունեն, որ 6-7 րդ անգամ խմբագրելիս՝ իշխող ուժի ներկայացուցիչները այդ ամենը կդիտարկեն նաև տնտեսվարողի շահերի տեսանկյունից:

Սյուզի Բադոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս