Բաժիններ՝

«Մի քանի օր կսպասենք». գազավորված ըմպելիք արտադրողները հանդիպել են Կառավարության անդամներին

Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է ակցիզային հարկով հարկել ԱՏԳ ԱԱ 2202 ապրանքային դիրքին դասվող բոլոր գազավորված ըմպելիքները, բացառությամբ՝ հանքային ջրերի և ալկոհոլային խմիչքների՝ անկախ շաքարի պարունակությունից: Նախագծի լրամշակված տարբերակով ակցիզային հարկի դրույքաչափը 1 լիտրի համար կազմում է 30 դրամ:

Մարտի 19-ին տեղի է ունեցել հանդիպում գազավորված ըմպելիքներ արտադրող ընկերությունների ներկայացուցիչների և կառավարության անդամների միջև՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, փոխնախարար Արման Պողոսյանը և վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, ինչպես նաև  երկու միջին ու երկու փոքր բիզնեսի ներկայացուցիչներ:

«Քննարկման ժամանակ բացատրեցի, որ ունենալու ենք տեղական արտադրության վախճան, շուկան դառնալու է մոնոպոլիզացված: Կառավարության ներկայացուցիչներն ինձ պատասխանեցին, թե այս ամենը մոնոպոլիզացնելու համար չեն անում, ես էլ ասացի՝ եթե դրա համար չէ, ուրեմն արեք՝ ի շահ տեղական արտադրողների»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայ կոլա» գործարանի տնօրեն Տիգրան Հովսեփյանը:

Նրա փոխանցմամբ՝ քննարկման ընթացքում վերացել է ամենատարածված շաքարի փոխարինիչներից մեկի՝ ասպարտամի վնասակարության թեզը:

«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ջախջախեց այդ թեզը, բերեց հիմնավորում, որ ասպարտամի վնասակարության մասին դեռևս չի եղել ոչ մի փաստարկված հետազոտություն: Ասպարտամը դիետիկ սննդային հավելում է, որն աշխարհում թույլատրված է, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներում:

Մաքսային միության երկրների համար գոյություն ունի 029-2011 տեխնիկական կանոնակարգ, որտեղ 4.4 կետում նշված է, որ կարելի է օգտագործել սննդային հավելումներ, այդ թվում՝ ասպարտամ: Ինչպես հասկանում եմ՝ վերադառնալու ենք նախագծի նախնական տարբերակին. կհարկվեն այն ըմպելիքները, որտեղ 100 գրամի մեջ 5 և ավելի տոկոս շաքար կա:

Շաքարով սարքած լիմոնադն ավելի թանկ արտադրանք է, ասպարտամը՝ ավելի էկոնոմ: Հիմա, եթե շաքարը թանկանա մի քիչ, կարծում եմ՝ շատ չենք տուժի, չնայած, ամեն դեպքում, դեմ եմ, որ օրենքը կիրառեն շաքարի դեպքում, բայց այս հարցում զիջումների կարելի է գնալ պետության հետ՝ «շաքարը՝ ինձ, ասպարտամը՝ քեզ» սկզբունքով: Ի դեպ, եթե հարկեն 5 և ավելի տոկոս շաքար պարունակող ըմպելիքները, գնի բարձրացում այդքան շատ չի լինի, հազիվ 10 տոկոս, ասպարտամի դեպքում՝ 30-40 տոկոս էր լինելու»,- մանրամասնեց Տիգրան Հովսեփյանը՝ հայտնելով, որ փոխվարչապետը խոստացել է, որ հարցը կքննարկեն բոլոր նախարարների հետ, հետո ևս մեկ անգամ իրենց կհրավիրեն, որպեսզի քննարկեն, գան ընդհանուր հայտարարի, ու այնպես անեն, որ տեղական արտադրողը չտուժի:

«Նախագիծը վերամշակվելու է, ուստի մենք մի քանի օր կսպասենք»,- եզրափակեց «Հայ կոլա» գործարանի տնօրենը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս