«Շաքարի հարկը» թեմա է դարձել Փաշինյան-փոխվարչապետ-նախարար իշխանական բուրգում
Գազավորված ընմպելիքների համար ներդրվող «շաքարի հարկի» օրենսդրական փոփոխությունը, որ տնտեսվարողներին հարկադրվում է Հարկային նոր օրենսգրքի միջոցով, պարզվում է, ունի հետաքրքիր նախապատմություն: 168.am-ի տեղեկություներով՝ կառավարության վերջին երկու աղմկահարույց նախագծերում էլ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվածություն ունի և ազդեցիկ գործոն է համարվում:
Նկատենք, որ թե՛ այս, և թե՛ գրավատների վիճահարույց օրինագծերի հիմքում չկա ծանրակշիռ հիմնավորում, ընդ որում, երկուսում էլ ակնհայտորեն պաշտպանված են խոշոր տնտեսվարողների շահերը:
Նշենք, որ լրամշակված նախագծով առաջարկվում է «շաքարի հարկով» հարկել բոլոր գազավորված ըմպելիքները՝ բացառությամբ հանքային ջրերի և ալկոհոլային խմիչքների՝ անկախ շաքարայնությունից (ԱՏԳ ԱԱ 2202 ապրանքային դասակարգում):
Խոսքը շաքարի, համային ու հոտային հավելումներով գազավորված ըմպելիքների նկատմամբ առաջարկվող նոր ակցիզային հարկի մասին է:
Հիշեցնենք, որ նոր նախագծով առաջարկվում է 5 % + շաքար պարունակող ըմպելիքների 1 լ համար սահմանել ֆիքսված 30 դրամ ակցիզային հարկ:
Պարզվում է՝ կառավարության համար նոր հարկատեսակի ներմուծման նպատակն ընդամենը 3 մլրդ դրամ լրացուցիչ փող աշխատելն է:
Այդ գումարով պետք է փոխհատուցվեն շահութահարկի և եկամտահարկի գծով հարկային բեռի նվազեցման հետևանքով պետբյուջում առաջացող եկամտային կորուստները:
Նախագիծը ծնվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ, գաղափարին միս ու արյուն է տվել Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, արդյունքում՝ երկու ֆինանսիստները համատեղ մի նոր հարկատեսակ են հորինել: Եվ, որպեսզի հարկատեսակն արագ լեգալացնելու երաշխիքներ ստանան, համահեղինակները վարչապետին ապակողմնորոշել են՝ հայտնելով, թե իբր շաքարի հավելումներով և շաքարի փոխարինիչ ասպարտամ հումքով պատրաստվող ըմպելիքները նոր ակցիզային հարկով կհարկվեն, որպեսզի սահմանափակվի դրանց վնասակար սպառումը, և, որ այս ամենն ուղղված է գյուղացիական տնտեսությունները զարգացնելուն, հատկապես՝ վերամշակող կազմակերպությունների շահերին, որ տեղական արտադրության հյութերն ու կոմպոտները լայնորեն սպառում ունենան:
Այս փուչիկը կառավարությունում երևի երկար կփչեին, եթե Առողջապահության նախարարը միանար օրենսդրական ակտերի մակարդակով տարվող խոշոր գործարարի առևտրային շահերի լոբբինգին և համաձայներ՝ օդում կրակած ինչ-որ հիմնավորում կարել նախագծի տակ:
168.am-ին հայտնի է դարձել, որ Առողջապահության նախարարը սկզբում խոնարհաբար ընդունել է փոխվարչապետի հանձնարարականը, ստորաբաժանումներին հրահանգ է իջեցրել՝ արագ կերպով հիմնավորում «ստեղծագործել»: Այստեղ նրան հուշել են, թե ժամանակը կարճ է, «օգտվեք ստանդարտ լուծումներից՝ «միջազգային պրակտիկային ենք հետևում» ձևակերպեք, թող գնա»:
Եվ այս լղոզված, անհասցե հղումով հիմնավորումն օրեր անց հայտնվեց նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին սատարելն այսքանով սահմանափակվեց:
«Շաքարի հարկը (sugar tax), նորարարական հարկման մեխանիզմներից է, որ կիրառվում է աշխարհում շաքարի օգտագործման ահագնացող տեմպերի դեմ պայքարելու համար: Եվ այո, մենք կողմ ենք, որպեսզի այն ներդրվի նաև Հայաստանում, քանի որ մենք նույնպես ունենք դեռահասների և ոչ միայն դեռահասների շրջանում ավելորդ քաշի, ինչպես նաև երկրորդ տեսակի շաքարային դիաբետի խնդիր։ Մենք առաջարկել ենք և պնդում ենք, որպեսզի շաքարի հարկը տարածվի բոլոր բնական և գազավորված ըմպելիքների վրա, որոնք 100 գրամ հյութի մեջ պարունակում են 5 և ավելի գրամ շաքար։ Հատուկ եմ նշում բնական, որովհետև դրանք նույնպես պարունակում են շաքար, և նույնչափ վնասակար են, ինչքան որ գազավորված շաքար պարունակող ըմպելիքը:
Ինձ համար հասկանալի չէ շաքար չպարունակող հյութերի հարկման իմաստը, որովհետև տրամաբանությունը ամբողջությամբ կորում է։ Եթե կա շաքար չպարունակող նյութ, օրինակ՝ ասպարտամ պարունակող հյութ, որն ունի 0 կալորիականություն, այն առողջության համար վնասակար է մոտավորապես այնքան, որքան վնասակար է սովորական գազավորված հանքային ջուրը, որը, սակայն, ակցիզային այս հարկով չի հարկվելու։ Ասպարտամը դա նյութ է, որը հյութին տալիս է քաղցր համ, բայց աղիներից չի ներծծվում և անվնաս է օրգանիզմի համար»,- ֆեյսբուքյան իր էջում ի պաշտպանություն նախագծի՝ գրել էր Արսեն Թորոսյանը։
Ստեղծված իրավիճակում անպաշտպան չմնալու համար նախարար Թորոսյանը հետո որոշում է՝ միջնորդավորված արդարանալ վարչապետի մոտ:
Խնդրում է փոխանցել, որ հակառակվել է թիմի խաղի կանոններին, որովհետև նախարարության անունից միայնակ «հնարովի» եզրակացություն տալ չէր կարող, հասկացրել է, որ հանրային առողջությանն ուղղված հարկատեսակը մինչ այդ առնվազն հետազոտական եզրակացություն պիտի ունենար. Սննդի անվտանգության պետական ծառայությունով լաբորատոր քննություն ու արդյունքների հիման վրա լուրջ հետազոտություն՝ առողջապահական ոլորտում, հիվանդությունների, հիվանդացության ցուցանիշերի վերլուծություն:
Վարչապետին փոխանցել է նաև, որ այս ամբողջ շղթան շրջանցվել է, որովհետև ի սկզբանե դրա գինը մարդկային առողջությամբ չէր պայմանավորված: Սկզբում որոշումը կայացվել է բյուջեն լցնելու համար, հետո նոր փնտրվել են նպատակն արդարացնող միջոցներ:
168.am-ի աղբյուրը համոզված է, որ Արսեն Թորոսյանի այս «մեսիջն» է իրականում վիճահարույց նախագիծը սառեցրել ու վերադարձրել սրբագրման:
Նկատենք, առաջարկվող օրենսդրական երկու փոփոխություններն էլ դեմարշի արժանացան: Ընդվզեցին՝ ինչպես ըմպելիքներ արտադրող տնտեսվարողները, այնպես էլ՝ գրավատների ու չեյնջերի գործունեություն ծավալող հարյուրներով ձեռնարկատերեր:
Ընդ որում, երկու դեպքում էլ կառավարությունը հարկ չէր համարում հիմնավորում տալ, պայքարում էր օրինագծերը տոտալ կիրառման տանել:
Բայց երբ տնտեսվարողները կառավարության մոտ հերթական բողոքի ակցիայի ժամանակ կատեգորիկ պնդեցին, որ վիճահարույց նախագծի հենքը՝ առողջապահական եզրակացությունը, հրապարակեն, և պահանջեցին հիմնավորում, թե ինչպես եղավ, որ բնական հյութերի, հանքային ջրերի և ալկոհոլային խմիչքների հետ դասակարգվող ցանկում հենց գազավորված ըմպելիքներն են թիրախավորվել, Մհեր Գրգորյանը նահանջի գնաց:
Մարտի 19-ին կառավարությունում Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ հանդիպում
կայացավ գազավորված ըմպելիքներ արտադրող ընկերությունների ներկայացուցիչների և կառավարության անդամների միջև: Հանդիպմանը ներկա են եղել նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, փոխնախարար Արման Պողոսյանը և վարչապետի վստահորդ Նարեկ Սարգսյանը: Համակողմանի հրավիրված հանդիպման արդյունքում փոխվարչապետի գաղափարն էապես խմբագրվել է Արսեն Թորոսյանի միջոցով:
Քննարկմանը 2 բան տեղի ունեցավ.
ա) քննարկման ընթացքում Արսեն Թորոսյանն ուղղակի ջախջախել է ամենատարածված շաքարի փոխարինիչներից մեկի՝ ասպարտամի վնասակարության թեզը, և հենց տեղում որոշվել է նոր հարկատեսակը չտարածել ասպարտամի հումքով պատրաստվող խմիչքների վրա:
Ընդ որում, նախարարը հասկացրել է, որ ասպարտամի հավելումը ներառված է նաև ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերում։
բ) փոփոխության համահեղինակներն ընդունել են, որ նախագիծը թույլ հիմնավորում ունի, և խոցելի նախագիծը հետ է ուղարկվել վերամշակման:
Տնտեսվարողները հույս ունեն, որ կառավարությունում «ստեղծագործ թիմն» այս անգամ չի շրջանցի միջին և փոքր տնտեսվարողի շահերը:
Սյուզի Բադոյան