Բաժիններ՝

Երբևէ չենք հրաժարվել և հիմա էլ չենք հրաժարվում հիմնավորված հարկային պարտավորությունների կատարումից և պատրաստ ենք ՊԵԿ-ի հետ արդյունավետ համագործակցել. «Սպայկա»

«Սպայկա» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի՝ նախօրերին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ ՊԵԿ պատասխանին։ Հայտարարությունում նշվում է, որ նշելով, որ «ՊԵԿ-ի կողմից ուղղորդված ապատեղեկատվության տարածումը» դիտարկում է ոչ միայն ոչ իրավաչափ, այլ նաև ընկերության գոյությանը ուղղված ուղղակի սպառնալիք:

Նաև նշվում է, որ ընկերությունը երբևէ չի հրաժարվել և հիմա էլ չի հրաժարվում հիմնավորված հարկային պարտավորությունների կատարումից և պատրաստ է ՊԵԿ-ի հետ այդ ուղղությամբ արդյունավետ համագործակցել:

Հայտարարությունում ասվում է.

«Ի պատասխան ՍՊԱՅԿԱ ընկերության վերաբերյալ ՊԵԿ-ի հրապարակած ապատեղեկատվությանը հայտնում ենք՝

Հասարակության ուշադրությունը ուզում ենք սևեռել այն փաստի վրա, որ ՊԵԿ-ը չճշտված, ենթադրական բնույթ կրող, ենթադրյալ հարկային պարտավորության վերաբերյալ ընկերության տնօրենի առարկություններին և խորացված ուսումնասիրություն իրականացնելու միջնորդությանը խոսում է սպառնալիքներով: Միայն նրա համար, որ ընկերության տնօրենը հլու-հնազանդ չի կատարում ներկայացված պահանջը, ՊԵԿ-ը փորձում է օգտագործել կալանք քրեաիրավական գործիքը՝ անձին վախեցնելու և գումար գանձելու համար:

▪ՊԵԿ-ի մեկնաբանությունների մեջ նշված բոլոր փաստարկները ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի պաշտպանների կողմից հիմնովին հերքվել են ապրիլի 5-ի կալանքի միջնորդության վերաբերյալ դատական նիստի ժամանակ: Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք առաջիկայում ասուլիս հրավիրել և հրապարակել դրանք:

▪ՊԵԿ-ի կողմից իրավական փաստարկները իրավական պրոցեսից դուրս մեդիա ցանցերում հրապարակելը ըստ մեզ հանդիսանում է դատական համակարգի վրա ոչ իրավաչափ ազդեցություն գործադրելու փորձ:

▪ՊԵԿ-ի կողմից ուղղորդված ապատեղեկատվության տարածումը դիտարկում ենք ոչ միայն ոչ իրավաչափ, այլ նաև Սպայկա ընկերության գոյությանը ուղղված ուղղակի սպառնալիք:

Մենք երբևէ չենք հրաժարվել և հիմա էլ չենք հրաժարվում հիմնավորված հարկային պարտավորությունների կատարումից և պատրաստ ենք ՊԵԿ-ի հետ այդ ուղղությամբ արդյունավետ համագործակցել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս