Բաժիններ՝

«Դրանք իսկապես սերմացու գողացող մկան տրամաբանությամբ աշխատող մարդիկ են». Փաշինյան

Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհություն հայտնեց ճանապարհաշինության որակի կապակցությամբ: Նա նշեց, որ այդ մասին ամիսներ առաջ խոսվել է, սակայն կան ճանապարհների ամբողջական կտորներ, որոնք նորոգել են հայտարարված մրցույթներում հաղթող կազմակերպություններ, բայց անորակ աշխատանք է իրականացվել:

Ըստ նրա՝ դրանք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են, որոնք ժամանակին ինչ-ինչ ձևով ընկերություններ են սեփականացրել և իրենց հին սովորույթի համաձայն՝ մտածում են, թե այս նոր պայմաններում կարող են անորակ ճանապարհ կառուցել, ու անցնի գնա: Փաշինյանը հստակեցրեց, որ խոսքը Նոյեմբերյան-Ոսկեպար ճանապարհահատվածի մասին է, որի ավարտը հայտարարվել էր անցած տարի, բայց բացարձակ անորակ լինելու պատճառով աշխատանքը չի ընդունվել: Նախարարությունը կազմակերպությանը պարտավորեցրել է, որ նոր աշխատանքներ սկսեն: Սակայն վարչապետը դժգոհեց, որ ժամանակ է կորում, որն ամենաթանկն է, կորում են ռեսուրսներ, և դեռ ձմռանից մարդիկ դժգոհում են, որ այդ ճանապարհը քանդվում է:

«Սա ինքնին արդեն վարկաբեկիչ լուր է մեր բոլորի համար: Չնայած ասում են՝ պայմանագրային պարտավորություն է, քրեական հետապնդում իրականացնելու հնարավորություն չկա, բայց այդ մարդիկ պետք է պատժվեն: Դրանք իսկապես սերմացու գողացող մկան տրամաբանությամբ աշխատող մարդիկ են: Բավարար չի, որ նրանք նորից նույն աշխատանքը կատարեն: Նրանք պետք ա զգան մեր արձագանքը, մեր հակահարվածը պետք ա զգան»,- ասաց Ն.Փաշինյանը:

Դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ վարչապետը հետաքրքրվեց, թե ի՞նչ հնարավորություն կա նրանց պարտավորեցնելու, որովհետև այս կերպ կարող է ձգվել 5 տարի:

Դավթյանը նշեց, որ պետք է նայել, թե պայմանագիրն ինչ կարգավորումներ է նախատեսում, մասնավորապես՝ պետք է նախատեսված լինեն տույժ ու տուգանքներ, և քաղաքացիական դատավարության ընթացակարգով պետք է ապահովել: Նրա խոսքով՝ քրեական գործի հասնելու համար պետք է պայմանագիրն ու թերությունների բովանդակությունն ու ծավալն ուսումնասիրեն, որ տեսնեն՝ կարո՞ղ է՝ այնտեղ հանցակազմ պարունակող արարքներ լինեն:

Վարչապետը պնդեց, որ իր տպավորությամբ՝ այդ մարդիկ ի սկզբանե իմացել են, թե ինչ են կառուցում, և դիտավորյալ անորակ շինարարություն են իրականացրել:

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Բագրատ Բադալյանը նշեց, որ ընթացիկ հետևել են աշխատանքների որակին և կապալառուին տեղեկացրել են, որ վերին շերտի որակը չի համապատասխանում, սակայն եղանակային պայմանները թույլ չեն տվել փոփոխել, ու աշխատանքը չի ընդունվել: Այժմ, ըստ փոխնախարարի, ժամկետ է սահմանվել հունիսը, և եթե կապալառուն իր միջոցների հաշվին շտկում է թերությունները, աշխատանքը կընդունվի, հակառակ պարագայում տույժ ու տուգանք կհաշվարկվի, աշխատանքները կխզվեն, կապալառուն կհայտնվի սև ցուցակում, և նոր մրցույթ կհայտարարվի: Բադալյանը նշեց, որ պետությունը ֆինանսական վնասներ չի կրի:

Ն.Փաշինյանը հայտարարեց, որ բոլոր ճանապարհաշինական աշխատանքներն իր ուշադրության կենտրոնում են, և անորակ աշխատանքները պետք է բացառվեն, իսկ ոլորտի պատասխանատուներն անձնական պատասխանատվություն են կրում դրա համար: Նա չհամաձայնեց, որ պետությունը ֆինանսական կորուստ չի կրել, քանի որ դեռ անցած տարի այդ ճանապարհը պետք է բերվեր պատշաճ վիճակի: Վարչապետը նշեց, որ Վրաստանի տուրիզմի հայ ներկայացուցիչները դժգոհում են, որ չեն կարողանում Հայաստան տուրիստ բերել, որովհետև ճանապարհը սարսափելի վիճակում է, իսկ քանի որ այդ ճանապարհը մինչև հիմա նույն վիճակում է, ՀՀ-ն շարունակում է շատ լուրջ ֆինանսական վնասներ կրել. «Անկեղծ ասած՝ իմ ցանկությունը կլինի, որ այդ վնասը հասցրած մարդիկ կրեն կոնկրետ քրեական պատասխանատվություն և հայտնվեն բանտում: Շատ ուղիղ եմ ասում: Որովհետև էս երևույթները մեզ համար անհանդուրժելի են»:

Փաշինյանը նշեց, որ ծրագրում են այս տարի ռեկորդային թվով ճանապարհներ կառուցել, և պետք է բացառել անորակ աշխատանքը. «Եկեք չթաքցնենք՝ ի՞նչ է ճանապարհը Հայաստանի Հանրապետությունում: Ճանապարհը Հայաստանի Հանրապետությունում երկար տարիներ եղել է փող ուտելու թիվ մեկ տեղը: Եվ ոմանց ախորժակը, երևում ա, չի փակվել, և մենք պետք ա իրանց ախորժակը շատ կտրուկ փակենք, այդ թվում՝ նաև բալանդով»:

Վարչապետի կարծիքով՝ անհրաժեշտության դեպքում պետք են օրենսդրական փոփոխություններ, Տրանսպորտի և կապի նախարարությունն այն կառույցը չէ, որ պետք է իրավական գնահատականներ տա, պետք է Դատախազությունը զբաղվի. «Ներողությունով հարցը չի լուծվում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս