
Հյուսիսային Մակեդոնիայում չորս մարդ է զոհվել ինքնաթիռի կործանման հետևանքով

Հյուսիսային Մակեդոնիայում ընտանիքի չորս անդամ, այդ թվում՝ երկու երեխա է զոհվել «Չեսնա» թեթեւշարժիչավոր ինքնաթիռի կործանման հետեւանքով: Այդ մասին հայտնել է bTV հեռուստաալիքը:
Երկրի ՆԳ նախարարության նախնական տվյալներով՝ ինքնաթիռն ապրիլի 2-ի երեկոյան լեռներում աղետի է ենթարկվել եղանակային վատ պայմանների պատճառով: Օդանավում գտնվող ընտանիքը Բուլղարիայից էր:
Ինքնաթիռի ընկելու վայրը դժվարամատչելի տեղանքում է: Փրկարար գործողությունն սկսվել է լուսաբացին: Բուլղարիայի ԱԳ նախարարությունում ճշտել են, որ ինքնաթիռն ուղեւորվում էր Սոֆիա: Զոհվածների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն առայժմ չկա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: