Ինչ է արվել Հայաստանի կողմից ԵԱՏՄ նախագահությունը ստանձնելուց հետո
Ազգային ժողովը մայիսին կկազմակերպի լսումներ՝ Հայաստանի կողմից ԵԱՏՄ նախագահությունը ստանձնելուց հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին այսօր ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը։
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը ներկայացրեց ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայում զարգացումները։ Ըստ նրա՝ անցած տարի հաջողվել է ԵԱՏՄ երկրների շարքում առաջինը փոխգործողություն սահմանել հայկական ԱՐՔԱ և ռուսաստանյան ՄԻՐ վճարային քարտերի միջև, ինչը հնարավորություն է տվել ապահովել երկու երկրների քաղաքացիների քարտերի օգտագործումը լոկալ սակագներով, ինչը նպաստում է զբոսաշրջությանը։
«Այժմ մեր քաղաքացիները կարող են իրենց ԱՐՔԱ քարտերից օգտվել նաև Ռուսաստանում։ Ներկայումս սա համարվում է հաջողված լավագույն փորձն անդամ երկրների միջև»,- ասաց Վ.Աբրահամյանը՝ նկատելով, որ այժմ Բելառուսի մասնագետներն ուսումնասիրում են հայկական փորձը՝ իրենց մոտ ներդնելու նպատակով։
ԿԲ փոխնախագահը նշեց, որ ՀՀ-ն իր գործընկերների հետ ակտիվ աշխատում է կիբերանվտանգության ոլորտում, ՀՀ-ի պնդմամբ սահմանվել է, որ այլ երկրների ֆինանսական կազմակերպությունները չեն կարող բաժանմունք ունենալ որևէ երկրում, այլ պետք է լինեն 100% ռեզիդենտներ, ինչը թույլ կտա լիովին վերահսկողություն սահմանել։
Անդրադառնալով միասնական արժույթի ներդրմանը՝ Վ.Աբրահամյանը նշեց, որ այդ խնդիրն այսօր օրակարգում չկա. «Խնդրի անհրաժեշտությունը սկսելու ենք քննարկել 2025 թ. հետո։ Դա շատ հստակ մեսիջ է։ Հաշվի առնելով ԵՄ փորձը՝ կարելի է ասել, որ տասնյակ տարիների մասին կարող է խոսք լինել, եթե նման անհրաժեշտության հարցն ընդհանրապես համարվի արդիական և քննարկվի։ Այսինքն՝ մինչև 2025 թ. մեր կողմից որևէ խնդիր չկա»։