
Պայթյուն է տեղի ունեցել Պետերբուրգի Ռազմական ակադեմիայում

«Առանց պատյանի չպարզված առարկա» է ապրիլի 2-ին պայթել Պետերբուրգի Ա.Ֆ. Մոժայսկի անվան Ռազմատիեզերական ակադեմիայում, երեք մարդ վնասվածք է ստացել: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Ժամը մոտավորապես 13:30-ին Սանկտ Պետերբուրգում Ա.Ֆ.Մոժայսկի անվան Ռազմատիեզերական ակադեմիայի վարչական շենքի ծառայողական հարկաբաժիններից մեկում տեղի է ունեցել առանց պատյանի չպարզված առարկայի պայթյուն»,-ասված է մամուլի տեղեկագրում:
Երեք մարդ վնասվածք է ստացել, նրանց արդեն բուժօգնություն է ցուցաբերվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, նշել են ՊՆ-ում: Տեղում աշխատում է ուսումնական հաստատության ղեկավարությունը՝ իրավապահ մարմինների հետ համատեղ:
Հանգամանքները պարզվում են: Ա.Ֆ. Մոժայսկի անվան Ռազմատիեզերական ակադեմիան Ռուսաստանի խոշորագույն ռազմական բուհերից մեկն է: Ակադեմիայում պատրաստում են Ռազմատիեզերական ուժերի եւ ՌԴ զինված ուժերի այլ զորատեսակների, ինչպես նաեւ գործադիր իշխանության դաշնային մարմինների սպաների, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: