«Մի անգամ ինձ հեռախոս նվիրեցին, բայց մեկ ամիս անց ես այն վերադարձրեցի». Հռոմի պապ
Հռոմի Ֆրանցիսկոս պապն ազատ ժամանակ հանգստանալու համար դասական երաժշտություն է լսում եւ ընթերցում է: Քահանայապետը համապատասխան հայտարարությունն արել է Sexta իսպանական հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Քահանայապետից հետաքրքրվել են՝ արդյոք նա լավ է քնում:
«Մեռածի պես,-անկեղծացել է նա:-Ժամը 22:00-ին ես անջատում եմ լույսը, իսկ 04:00-ին վեր եմ կենում: Ես քնում եմ վեց ժամ, իսկ հետո օրվա երկրորդ կեսին 30-40 րոպե հետճաշյա քուն ունեմ»:
Ինչպես պատմել է Ֆրանցիսկոսը, կենսական խնդիրներից «անջատվելու» համար ինքը «դասական երաժշտություն է լսում» եւ ընթերցում է: Քահանայապետը նաեւ խոստովանել է, որ չունի ո՛չ սոցիալական ցանցեր, «ոչ շարժական հեռախոս»:
«Մի անգամ ինձ հեռախոս նվիրեցին, բայց մեկ ամիս անց ես այն վերադարձրեցի»,-նշել է Հռոմի պապը: Մեկնաբանելով սոցցանցերի ազդեցությունը՝ քահանայապետը կարծիք է հայտնել, որ դրանք «առաջադիմություն են», բայց կարող են դառնալ «օտարացման եւ մեծ քանակությամբ ոչ օբյեկտիվ նորությունների աղբյուր, որոնք շատ մեծ խառնաշփոթություն են ստեղծում», հաղորդել է ՏԱՍՍ-ը: