
ԱՊԼ-ն պնդելու է ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևի ընդունումը Գոլանի բարձունքների վերաբերյալ ԱՄՆ-ի որոշման դեմ

Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) անդամ երկրները պնդելու են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) բանաձեւի ընդունումը Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության ճանաչման մասին ԱՄՆ-ի որոշման դեմ։
Ինչպես նշել է Reuters գործակալությունը, մրտի 31-ին Թունիսում կայացած միջարաբական գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ հանդիպման մասնակիցները մյուս երկրներին նախազգուշացրել են ԱՄՆ-ի օրինակին հետեւելու ցանկացած փորձերից: «Արաբական պետությունները բանաձեւի նախագիծ կներկայացնեն ՄԱԿ-ի ԱԽ եւ կպահանջեն ՄԱԿ-ի Միջազգային դատարանի եզրակացությունն ԱՄՆ-ի ճանաչման անօրինականության եւ անվավերության մասին»,- նշված է հայտարարության մեջ:
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բնաձեւի նախագծի տարածմամբ կզբաղվի Քուվեյթը (Էմիրությունն այժմ ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամ է),- նշել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ Գեյթը գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում, որը հրավիրվել էր Թունիսի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հմայես Ժինաուիի հետ համատեղ:- Գոլանների վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը ոչ մի իրավաբանական ուժ չունի, ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամներից ոչ մեկն, այդ թվում՝ ԱՄՆ-ի դաշնակիցները, չեն պաշտպանել այն», հաղորդել է ՏԱՍՍ-ը: