Բաժիններ՝

«Հայաստանում տնտեսական հեղափոխությունը սկսված է». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ նշեց, որ այս պահին կառավարության հետ քննարկվում է թվով 89 ներդրումային ծրագիր՝ 3,1 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ։

Վարչապետի խոսքով՝ 49 ծրագիրը՝ 765 մլն դոլար արժողությամբ, գնահատվել է իրատեսական և գտնվում է իրագործման այս կամ այն փուլում։

«45 ծրագրեր՝ 2 մլրդ 337 մլն դոլար ընդհանուր արժողությամբ, գտնվում են քննարկումների փուլում։ 2018 թվականի ներմուծումների ծավալում մենք ունենք ռեկորդային թվով կապիտալ ապրանքների ներմուծում։ Նախորդ տարվա ներմուծման 33 տոկոսը կազմել են կապիտալ ապրանքները, այսինքն՝ ապրանքներ, որոնք ներկրվում են բիզնես ծավալելու համար։ Վերջին 10 ամսվա ընթացքում արվում են տարբեր վերլուծություններ, թե ի՞նչ է անում կառավարությունը, որևէ բան անո՞ւմ է, թե՞ ոչ, ընդհուպ կան գնահատականներ, թե՝ վերջ, բան չի արվում։ Ուզում եմ ընդգծել, որ այստեղ խոսքը տնտեսական քաղաքականության հին ու նոր մոդելների մասին է. ո՞րն է այն հին մոդելի էությունը, այն է, որ կառավարությունը յուրաքանչյուր բիզնեսի մեջ «օրթախ» է։

Հին պատկերացմամբ՝ ներդրումն այն է, որ նախարարը, վարչապետը, ընդհուպ՝ ԱԺ նախագահը, պատգամավորներ գնում են, ինչ-որ տեղից մի բիզնեսմենի են «ճարում», ասում են՝ բեր մի այսպիսի բիզնես դնենք, և ենթադրենք՝ 20 տոկոս հարկի փոխարեն՝ կարող է տալ 5 տոկոս, մյուս 10 տոկոսն էլ իրենց կտա, բիզնեսմենն էլ համաձայնությունը տալիս է, որովհետև նման «գարանտիա» ունի»,- հայտարարեց Փաշինյանը։

Նրա բնորոշմամբ, սա նախկին ներդրումների 90 տոկոսի նկարագիրն է, նա վստահ է, որ ցանկացած ներդրման մեջ կարելի է տեսնել այդ մոդելը, որով նախկինում Հայաստանում իրականացվել են տնտեսական ներդրումներ։

«Մենք ի սկզբանե ասել ենք, որ չենք կարող այդ մոդելով աշխատել, որովհետև այն հակասում է մեր քաղաքական ծագումնաբանությանը։ Եկեք չմոռանանք, որ մեր պայքարը եղել է ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական մոդելի դեմ։ Թույլ տվեք ասել, որ այսօր ՀՀ տնտեսագիտական միտքն իր 90 տոկոսով 20 տարվա ընթացքում ադապտացվել է այդ մոդելին, որովհետև ուրիշ հարթության խոսակցություն իրենք չեն հասկանում։ Նրանք չեն ընկալում, թե ինչպես կարող է այդպես չլինել, ինչպե՞ս կարող է առանց վարչապետի «դաբրոյի»՝ երկրում տեղի ունենալ ներդրում։ Այսօր կառավարության գործունեության և տնտեսագիտական մտքի մեջ կա խզում, որովհետև այդ տնտեսագիտական միտքը ձևավորվել է հին մոդելի պայմաններում։ ՀՀ ավանդական տնտեսագիտական միտքը գործել է հաշվիչ մեքենայով, «կալկուլյատորով»՝ առանց փիլիսոփայության և քաղաքական տեսլականի։ Այսօրվա իրողությունները ցույց են տալիս, որ մենք ժողովրդի հետ կարողացել ենք անել քաղաքական հեղափոխություն, նույն տրամաբանությամբ մենք այսօր կարողանում ենք անել տնտեսական հեղափոխություն։ Այսօր կարող եմ պաշտոնապես ասել, որ Հայաստանում տնտեսական հեղափոխությունը սկսված է, և կասկած չունեմ, որ այն հաղթելու է նույն կերպ, ինչպես հաղթել է քաղաքական հեղափոխությունը»,- ասաց վարչապետը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս