«Ղարաբաղի ձայնը պետք է հաշվի առնվի արդեն այս փուլում՝ հետագա բանակցային բարդություններից խուսափելու համար»․ Նեյլ Մաքֆարլեյն

«Հակամարտող կողմերի միջև բանակցություն հարկավոր է թեկուզ շփման գծում տիրող իրավիճակը քննարկելու համար»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց  բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով առաջիկայում տեղի ունենալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանը և դրա բովանդակությանը։

Հիշեցնենք, որ Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի մամուլի ծառայությունը  հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի՝ նախագահը մարտի 29-ին Վիեննայում առանձին հանդիպումներ ու առանձնազրույցներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որից հետո  ամենայն հավանականությամբ ղեկավարները կունենան իրենց առաջին պաշտոնական հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո։

Հայկական  կողմը  պաշտոնապես դեռ չի հայտնել հանդիպման մասին՝ նշելով, որ հայկական կողմը հանդես կգա հայտարարությամբ պատշաճ պահի։

ՀՀ կառավարությունը միայն տեղեկություն է տարածել այն մասին, որ մարտի 28-29-ը Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Վիեննա:

Նեյլ Մաքֆարլեյնի խոսքով՝ կարևոր է, որպեսզի ղեկավարները հանդիպեն ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո, որը կլինի այդ ձևաչափով նրանց առաջին հանդիպումը, քանի որ մինչ այդ Փաշինյանն ու Ալիևը հաղորդակցվել էին ոչ պաշտոնական ֆորմատներում, ինչը նման հակամարտությունների դեպքում հաղորդակցման այնքան էլ հուսալի եղանակ չէ։

Ըստ նրա, բոլոր խոսակցությունները պետք է ընթանան այս ձևաչափի շրջանակում՝ դրանց հուսալիությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով, որն առաջին հերթին՝ հակամարտող կողմերի անվտանգության և անհարկի շահարկումներից պաշտպանելու գործառույթ ունի։

«Ուստի, իրենց ավանդույթի համաձայն, մի փոքր ուշ, բայց համանախագահներն արձագանքեցին իրավիճակին, որը չափազանց կարևոր էր։ Ինչ վերաբերում է ակնկալիքներին ու խոսակցության ընդհանուր թեմային, կարծում եմ՝ այս առումով վերջնական պատկերը մեզ չի զարմացնելու, քանի որ ես լուրջ փոփոխություններ չեմ նկատում բոլոր կողմերի դիրքորոշումներում: Ակնհայտ է, որ այն փաստաթուղթը, որը ներկայումս միակ հիմքն է դրված սեղանին՝ չի բավարարում Ղարաբաղին, Հայաստանը հմտորեն խուսափում է հստակ դիրքորոշումից, իսկ Ադրբեջանի դիրքորոշումն անհասկանալի է, քանի որ Ադրբեջանը փորձում է առաջ ընթանալ ըստ իրավիճակի՝ ժամանակ առ ժամանակ փորձելով գտնել հակառակորդի վրա ճնշում գործադրելու տարատեսակ թեմաներ ու օղակներ։

Ի՞նչ կարելի է ակնկալել սկզբունքների հստակեցման պահանջից, երբ սկզբունքներն ամրագրված են թղթի վրա: Պարզապես կողմերից յուրաքանչյուրի, ինչպես նաև՝ գերտերություններից յուրաքանչյուրի համար կարևոր է այն սկզբունքը, որի հետ կապված այդ տերությունը խնդիր ունի։

Այսինքն՝ կողմերից ոչ մեկն այս սկզբունքները չի դիտարկում՝ որպես միասնություն, և դա երևում է այն ձևակերպումներից, որոնք անում են դիվանագետները, ԱԳՆ ներկայացուցիչները, իշխանությունները։ Բայց խնդիրն էլ հենց այն է, որ պետք է հասկանալ, որ սկզբունքներից մեկի ապահովումը մյուսի հաշվին չի լուծելու այս հակամարտությունը, ընդհակառակը՝ ավելի է բարդացնելու խնդիրը տարածաշրջանում, ուստի բոլոր կողմերի շահերի և սկզբունքների ապահովման արդյունքում հավասարակշռված լուծում է պետք։

Այս գիտակցմանը պետք է ձգտել, և այս ուղղությամբ պետք է աշխատեն համանախագահները, ուստի խոսակցությունը, որ պետք է հստակեցնել սկզբունքները, թույլ չտալ տարընթերցումներ, մի փոքր պետք է փոխել և ասել՝ արդյոք կողմերը պատրա՞ստ են ընդունել այս բոլոր սկզբունքները՝ ինչպես որ կան, թե՞ ոչ։ Ես կարծում եմ, որ դեռ պատրաստ չեն։ Ավելին, այդ սկզբունքներին՝ ներկայիս շարադրմամբ, դեմ է Ղարաբաղը, ուստի դրանց շուրջ խոսակցությունն արդեն իսկ անիմաստ է, քանի որ Ղարաբաղի ձայնը պետք է հաշվի առնվի արդեն այս փուլում՝ հետագա բանակցային բարդություններից խուսափելու համար»,- ասաց վերլուծաբանը՝ շարունակելով, որ հակամարտության կարգավորման գործընթացում առկա հին խնդիրները պահպանվել են, և դրանք էական խնդիրներ են։

Չնայած այս ամենին, Նեյլ Մաքֆարլեյնը, ի տարբերություն մի շարք փորձագետների, որոնք պնդում են, թե չպետք է բանակցել, պետք է ձևաչափ փոխել, գտնում է, որ բանակցել հարկավոր է՝ թեկուզ շփման գծում տիրող իրավիճակը քննարկելու համար։

«Ձևաչափի փոփոխությունը չի փոխելու ներկայումս առկա խնդիրները։ Կողմերն այս ձևաչափի շրջանակում էլ հստակ կարող են արտահայտվել և փոխել կարգավորման փաստաթուղթը՝ կազմելով փոխընդունելի կարգավորման փաթեթ։ Իհարկե, կարելի է քննարկել, որ ԵԱՀԿ ՄԽ-ն ազդեցության լծակներ չունի, բայց միջնորդական հարթակը չի կարող նման գործառույթներ ունենալ: Ավելին՝ որևէ անընդունելի որոշման համար կմեղադրվի միջազգային համայնքը կամ դրա մաս կազմող այս կամ այն երկիրը, ուստի կողմերը պետք է բանակցեն, իսկ համանախագահները՝ նպաստեն դրան։

Այլապես, մեծ լծակներով ազդելով կողմերից մեկի վրա, կողմերից մեկի հաշվին չի կարելի որոշում կայացնել։ Բայց ձևաչափի վերականգնման պահանջներին կողմ եմ և կարծում եմ՝ Ղարաբաղի մասնակցությունն անհրաժեշտություն է»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս