Բաժիններ՝

«Եթե ոլորտներ չի նշվել, ինչպես իմանանք՝ դրանք իրակա՞ն, թե՞ նախկինի նման՝ զրույցների մակարդակի վրա ծրագրեր են». Հովհաննես Ավետիսյանը՝ 89 ներդրումային ծրագրերի մասին

Մարտի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել էր ՀՀ-ում սպասվող ներդրումների մասին՝ նշելով, որ այժմ ՀՀ-ում կառավարության հետ քննարկվում է 89 ներդրումային ծրագիր՝ 2.7 մլրդ դոլար ծավալով, որից 42-ը՝ 774 մլն ծավալով, ակտիվ փուլում են: «Սա նշանակում է, որ երկրում որոշակի ներդրումային աճ ունենք»,- ասել էր վարչապետը, սակայն չէր մանրամասնել, թե կոնկրետ որ ոլորտներում է նախատեսված ներդրումներ իրականացնել և ընդհանրապես ներդրողներն ովքեր են։

168.am-ի հետ զրույցում ֆինանսական հարցերով փորձագետ Հովհաննես Ավետիսյանը՝ անդրադառնալով հայաստանյան ներդրումային միջավայրին և Նիկոլ Փաշինյանի նշած 89 ներդրումային ծրագրերին, նկատեց՝ չգիտի՝ իր թերացո՞ւմն է, թե՞ կառավարության, որ տեղյակ չէ այդ ծրագրերից որևէ մեկին։

«Եթե ոլորտներ չի նշվել, ինչպե՞ս իմանանք՝ դրանք իրական ծրագրե՞ր են, թե՞ նախկինի նման՝ զրույցների մակարդակի վրա, գաղափարների տեսքով ծրագրեր են։ Դրա համար հաշվետվողականություն, թափանցիկություն ասվածը կա, դրանք պետք է լինի, որ ժողովուրդը մամուլի ասուլիսին չլսի միայն 89 ծրագիր, այլ ընթացքում իմանա՝ դրանք ի՞նչ ծրագրեր են, ի՞նչ արդյունք են տալիս, ո՞ր ուղղություններով են, ովքե՞ր են ներգրավված, ի՞նչ կազմակերպություններ են և այլն»,- ասում է նա։

Ըստ նրա՝ ներդրողն ինչո՞ւ պետք է գա Հայաստան, երբ մեր շուկան շատ փոքր է և գնալով ավելի է փոքրանում, իսկ նա պետք է կարողանա իր արտադրանքն արտահանել:

«Հիմա հարց, արդյո՞ք արտահանման առումով մենք բարեփոխումներ արել ենք։ Հեղափոխությունը լավ է այն առումով, որ ենթադրվում է, որ կոռուպցիոն սխեմաները, մենաշնորհները չեն լինի, մրցակցություն կլինի, հետևաբար՝ իրենք ենթադրում են, որ այս առումով ամեն ինչ լավ է։ Սակայն, չեմ կարծում, որ ամեն ինչ միանշանակ է, այստեղ այլ գործոն էլ կա, օրինակ՝ արտահանումը: Հաշվի առնելով մեր սահմաններն ու ծառայությանների որակը, այն ժամանակատար ու ծախսատար է։

Այսինքն՝ նույն այդ ներդրողը, որը գալիս է Հայաստան, դիտարկում է, թե Հայաստանից որ երկիր կարող է ապրանքը տանել վաճառելու։ Այդ տեսանկյունից եմ ասում, որ չգիտեմ նման ներդրող, որը կգա Հայաստան: Դեպքեր են եղել, որ մեր նախաձեռնությամբ փորձել ենք ներդրողներ բերել, բայց կանգնելով նման հաշվարկների առջև՝ հասկացել են, որ այդքան էլ ձեռնտու չէ, հատկապես, որ մեր երկրում արտադրողականությունը շատ ցածր է։ Այսինքն՝ նման խնդիրներ կան, որոնք մարդկանց վանում են»,- ասաց Հովհաննես Ավետիսյանը։

Նա նշեց, որ միջին վիճակագրական տվյալներով՝ արտադրության արժեք ստեղծելու առումով՝ Հայաստանի կարողությունները Թուրքիայի համեմատ ավելի թույլ են, ուստի առանց  այդ կարողությունները զարգացնելու, կրթության մեջ մեծ ֆինանսական միջոցներ ներդնելու և մարդկային կապիտալն ուժեղացնելու՝ եղած խնդիրները չեն կարող լուծվել։

«Ամեն ինչ ժամանակատար է, ո՛չ 2, ո՛չ էլ 5 տարվա մեջ այդքան ներդրող չի գա Հայաստան, դրանք ստեղծում են անիրատեսական սպասումներ, որը հենց իրենց համար լավ չէ»,- հավելեց Հ. Ավետիսյանը։

Ինչ վերաբերում է շոու-բիզնեսի ներկայացուցիչների եկամուտների հայտարարագրմանը, Հ. Ավետիսյանը նշեց, որ դա նորմալ է: «Բոլորը դա պետք է անեն, ժամանակին ասում էին՝ իշխանությունը լավը չէ, չէին վստահում ու չէին ցանկանում հարկերը վճարել։ Որպես քաղաքացիներ՝ մեզ պետք է բերենք օրենսդրական դաշտ»,- եզրափակեց ֆինանսական հարցերով փորձագետը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս