«Ինձ չի հետաքրքրում, թե ում է պատկանում հողը, ինձ ավելի շատ հետաքրքրում է, որ այդ հողն օգտագործվի». Գեղամ Գևորգյան
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն օրերս հայտարարեց, որ հանրապետությունում 450 000 հեկտար վարելահողերից մոտ 200 հազար հեկտարը չի մշակվում։ 168.am-ը նախարարի պաշտոնակատարից փորձեց ճշտել՝ ո՞ւմ են պատկանում այդ «լքված» հողերը, արդյո՞ք սեփականատերերի շրջանում կան նախկին պաշտոնյաներ, որոնք հողը ձեռք էին բերել՝ զուտ որպես անշարժ գույք:
«Չգիտեմ՝ ովքեր են սեփականացրել, չենք ասում՝ դա անօրինական է: Կարող է հասարակ գյուղացի էլ լինել, մարդ, որը սեփականաշնորհել է, բայց չի մշակում, Հայաստանում չի գտնվում, կամ գյուղատնտեսությամբ չի զբաղվում, կամ Երևան է տեղափոխվել: Երևանի մոտ գյուղերում հեկտարներով հողեր կան, որոնք ընդհանրապես չեն մշակվում»,- պատասխանեց Գ.Գևորգյանը՝ օրինակ բերելով, որ Բաղրամյանի Նորակերտ գյուղում 570 հեկտար հողն 800 հոգի սեփականատեր ունի, փոքր-փոքր կտրտված հողակտորներ են, որ ընդհանրապես չեն մշակվում:
Նրա խոսքով՝ 0.1 հա-ի վրա պետությունը շատ դժվարանում է օժանդակել հողատերերին, և առաջարկում է կոնսոլիդացվել, կոոպերատիվ ստեղծել, խաղողի այգի հիմնել, և այդ դեպքում կառավարությունը կաջակցի ոռոգման ջրի հարցում:
Գ.Գևորգյանը չբացառեց, որ նախկին իշխանավորները ևս խոշոր հողեր կարող են ունենալ. «Բայց ինձ չի հետաքրքրում, թե ում է պատկանում հողը, ինձ ավելի շատ հետաքրքրում է, որ այդ հողն օգտագործվի: Եթե նախկին կամ նախկինի նախկին կառավարություններից որևէ պաշտոնյա հող ունի և զբաղվում է դաշտավարությամբ, շատ լավ»:
Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքով, իհարկե, կան նախկին իշխանավորներ-հողի սեփականատերեր, և նրանց ոչ բոլոր մասն է դաշտավարությամբ զբաղվում.
«Մարդ կա՝ օգտագործում է, բայց կան, որ չեն օգտագործում հողը, հարկերը չեն մուծում, քանի որ չեն մշակում»:
Հ.Բերբերյանը ևս կարևորեց, որ անկախ սեփականատերերի ով լինելուց, հողերը մշակվեն.
«Խնդիրը կարելի է կարգավորել հարկային քաղաքականությամբ: Եթե չմշակվող հողերը հարկեն բարձր դրույքաչափերով, ապա իրավիճակը կփոխվի: Հարկային քաղաքականությունը կբերի նրան, որ հողերը կօտագործվեն կամ հետ կտան, առքուվաճառք տեղի կունենա»: