Բաժիններ՝

«Ե՛վ ծնողները, և՛ ուսուցիչներն այս պահին խախտում են երեխաների սահմանադրական իրավունքը». ԿԳՆ հանրակրթության վարչության պետը՝ Ավշարում շարունակվող դասադուլի մասին

Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում դասադուլն ու գործադուլը շարունակվում են: Պահանջում են նորանշանակ տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը:

Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտեի» նախագահ Արմինե Դավթյանը գնացել և տեղում ծանոթացել է խնդրին, լսել ուսուցիչների բացատրությունը:

«Կարող եմ ասել, որ սա այն դեպքն է, որի դեմ 30 տարի պայքարել ենք: Խոսքն ուսուցիչների նկատմամբ տնօրենների իրավախախտ վերաբերմունքի, ավտորիտար ոճի, ինչպես նաև՝ խնամի-ծանոթ-բարեկամ տարբերակով մասնագետներին փոխելու երևույթի մասին է: Նույնն այստեղ էր կատարվում: Նոր տնօրենն ընտրվել էր մարտի 1-ին, ընտրությանը մասնակցել են դպրոցի երկու ուսուցիչներ, ովքեր եղել են խորհրդի անդամներ: Մեծ սիրով ընտրել են, քանի որ գրեթե 4 ամիս առանց տնօրենի են աշխատել: Եվ մտնելով նոր կոլեկտիվ, որտեղ 38 աշխատակից կա, ու տարիներ շարունակ միասին աշխատել են, կառավարման մշակույթի տեսակետից կոռեկտ չէր՝ որպես առաջին քայլ, ուսուցիչների ազատման հրաման կատարելը:

Արդյունքում՝ աշխատանքից ազատվելու հրաման է տվել դպրոցի լավագույն աշխատող ուսմասվարին ու իր դեմ է տրամադրել կոլեկտիվին: Ավելին՝ աշակերտներին հայտարարել է, թե՝ տեսե՛ք, որ ուսուցչին չեք սիրում, ասե՛ք, ես կազատեմ աշխատանքից: Թեկուզ չսիրված ուսուցիչներ էլ լինեն, կարծում եմ, որ էթիկայի խախտում է աշակերտներին նման հարց տալը: Այսինքն, աշակերտն այսօր այնքան իրավունք ունի, որ չսիրած ուսուցչին ասի՝ դու ո՞վ ես»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտեի» նախագահը:

Կարդացեք նաև

«Այսօր ես եղել եմ մարզպետարանում, մարզպետի մասնակցությամբ քննարկում է եղել, որին մասնակցել է նաև դպրոցի կոլեկտիվը: Նշեմ, որ բողոքը վերաբերում է մեկ օրվա աշխատանքային կենսագրություն ունեցող տնօրենին: Մարդն ընդամենը մեկ օր է աշխատել, իսկ կոլեկտիվի կողմից որևէ իրավական փաստարկ չի ներկայացվում: Միայն այս է՝ նա այսպես ասաց, ես այսպես ասացի… Հիմա մարզպետն ի՞նչ հիմքով տնօրենին ազատի աշխատանքից: Գոյություն ունի օրենսդրություն, իրավական ակտեր, ո՞ր հիմնավորմամբ տնօրենին ազատի աշխատանքից, և արդյո՞ք այս դեպքում չեն խախտվելու տնօրենի իրավունքները: Եթե լիներ մի իրավական ակտ, որով տնօրենն ինչ-որ գործողություն է կատարել, դա հիմք կընդունեինք ու կասեինք, որ վատ բան է արել կամ իր լիազորությունների սահմանում չի գործել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:

Նրա փոխանցամաբ՝ դպրոցում ոչ ոք չի ազատվել աշխատանքից:

ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետն անդրադարձավ նաև այն լուրերին, թե նոր տնօրենն աշակերտներին հայտարարել է, թե՝ տեսե՛ք, որ ուսուցչին չեք սիրում, ասե՛ք, ես կազատեմ աշխատանքից:

«Այս ամենը խոսակցության մակարդակի է, մենք միայն իրավական ակտերով ենք առաջնորդվում»,- նկատեց ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետը:

Եվ, քանի որ ուսուցիչները մտադիր են շարունակել գործադուլն ու դասադուլը, Աշոտ Արշակյանն ասաց, որ բոլորին հորդորել են՝ չխախտել երեխաների սահմանադրական իրավունքը:

«Ե՛վ ծնողները, և՛ ուսուցիչներն այս պահին խախտում են երեխաների սահմանադրական իրավունքը: Որևէ մեկը նման լիազորություն և իրավունք չունի: Եթե կա բողոքելու հիմք, այն բացառապես իրավական դաշտում պետք է լինի, ոչ թե՝ երեխաների կրթության հաշվին: Ծնողները երեխաներին պետք է ուղարկեն դպրոց, աշխատանքը պետք է վերականգնվի, մնացած հարցերը լուծելի են իրավական հարթությունում»,- նշեց ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս