
Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի արտաքին մեսիջը «բալանսավորվածության» ցուցադրությունն էր՝ պատրաստ է աշխատել ԱՄՆ-ի հետ. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը թելեգրամյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին:
«Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի վերաբերյալ, ըստ էության, չստացվեց գրառում անել այսպես ասած՝ տաք հետքով:
Միևնույն ժամանակ, հետասուլիսային ժամանակային տարածությունը տվեց որոշակի ուշագրավ մտորումի առիթ: Տպավորություն է, որ երկրորդ նախագահի ասուլիսի առանցքային նպատակներից մեկը դրա շուրջ արձագանքների շրջապտույտ առաջացնելն էր, այդ կերպ լուծելով որոշակի վերլուծական աշխատանքի հետ կապված խնդիրներ: Ըստ իս՝ ներքին դաշտի առումով հիմնական նպատակային ուղղությունը հենց դա էր:
Մյուս նպատակային հիմնական ուղղությունը, իմ գնահատմամբ, Թրամպի ուղղու վերաբերյալ արտահայտված տեսակետներն էին, որոնք ըստ իս ուղղված էին Նահանգներին: Դա էր առանցքային քաղաքական մեսիջը:
Հատկանշական է, որ Ռոբերտ Քոչարյանը որևէ կերպ չանդրադարձավ նոյեմբերի 9-ի 9-րդ կետին, միաժամանակ հիշատակեց Քի Վեսթն ու հայտարարեց, որ ինքն էլ տալիս էր միջանցքային տրամաբանությամբ ճանապարհ, բայց դրա դիմաց՝ Արցախի միացում Հայաստանին՝ Լաչինի միջանցքով:
Նկատելի էր Ռոբերտ Քոչարյանի ուշադրության ծանրությունը դեպի ԱՄՆ: Իմաստը թերևս հետևյալն է՝ ինքը պատրաստ է աշխատել ԱՄՆ հետ՝ չնայած գնահատականներին, թե բացառապես միտված է Ռուսաստանի շահը սպասարկելուն: Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի արտաքին մեսիջը թերևս «բալանսավորվածության» ցուցադրությունն էր:
Ես իհարկե առիթ ունեցել եմ շատ ավելի վաղ խոսելու այն մասին, որ Քոչարյանի «բացարձակ ռուսամետության» մասին գնահատականները մեդիապրոպագանդիստական տարր են, քանի որ զուտ քաղաքական իմաստով շատ բան եղել է հարաբերական: Ի դեպ, նույն «հարաբերականությամբ» եմ գնահատում Նիկոլ Փաշինյանին վերագրվող «հակառուսականության» կամ «արևմտամետության» հանգամանքը:
Ի՞նչ արձագանք կստանա Ռոբերտ Քոչարյանի ասուլիսն ԱՄՆ-ում, սա էական հարցերից մեկն է, որն անպայմանորեն չէ, որ կարտահայտվի հանրայնորեն»,- գրել է Հակոբ Բադալյանը: