«ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելու պատճառը քաղաքական է». Թրեյսի Ջերման

«ՆԱՏՕ-ի ուղղությամբ բավականին զգուշավոր քաղաքականություն է վարվում Ռուսաստանի հետ խնդիրներ չստեղծելու նպատակով»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց եվրոպացի ռազմական վերլուծաբան Թրեյսի Ջերմանը՝ անդրադառնալով Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններում Հայաստանի չմասնակցության հանգամանքին:

Հիշեցնենք, որ Վրաստանում մարտի 18-ից անցկացվում են ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժություններ, որոնց մասնակցում են Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ և գործընկեր ավելի քան 20 պետություններ, այդ թվում՝ Ադրբեջանը, Թուրքիան, Միացյալ Նահանգները, Գերմանիան, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան: Զորավարժությունների պաշտոնական բացումը տեղի է ունեցել Թբիլիսիից ոչ հեռու գտնվող «Կրծանիսի» ռազմաուսումնական կենտրոնում: Զորախաղերը կշարունակվեն մինչև մարտի 29-ը:

Ակնկալվում է, որ տասնօրյա այս զորավարժությունների ավարտին Թբիլիսի կայցելի նաև Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Հայաստանը ՆԱՏՕ-ի հովանու ներքո հարևան Վրաստանում անցկացվող այս զորավարժություններին չի մասնակցում: Վրաստանի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ զորավարժությունների նպատակն է՝ զարգացնել մասնակից երկրների զինված ուժերի թիմային ունակությունները, քաղաքացիական և ռազմական համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև՝ Վրաստանի պաշտպանական և վերահսկման կարողությունները։ Հայտնի է նաև, որ զորավարժություններում որպես դիտորդ՝ մասնակցելու են Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների գրասենյակը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

Թրեյսի Ջերմանը նախ նշեց, որ ՌԴ Պաշտպանության նախարարությունը բավականին կոշտ էր արձագանքել նման զորավարժություն անցկացնելու մտադրությանը: Իհարկե, նրա խոսքով, գաղտնիք չէ, որ Ռուսաստանը շատ դրամատիկ է ընկալում ՆԱՏՕ-ի համագործակցությունները Հարավային Կովկասի և Արևելյան Եվրոպայի երկրների հետ: Ըստ նրա, սովորաբար ռուսական կողմից հնչում են որակումներ ՆԱՏՕ-ի ընդլայնման և ներառական քաղաքականության կործանարար հետևանքների մասին այս տարածաշրջանում:

«Սա, իհարկե, նոր խնդիր չէ: Այս անգամ ռուսական կողմը նաև շեշտել էր, որ հաճախակիացել են ՆԱՏՕ-ի նման գտործողությունները Վրաստանի և Ուկրաինայի հետ, դրանով ամենայն հավանականությամբ դիրքորոշում հայտնելով և անուղղակիորեն հորդորելով իր գործընկեր երկրներին՝ չմասնակցել այս զորավարժություններին: Ժամանակ առ ժամանակ ռուսական կողմը նաև սպառնալիքներ է հնչեցրել այն երկրների հասցեին, որոնք պատրաստվել են հյուրընկալել նման զորավարժություն կամ մասնակցել դրան: Ես Հայաստանի չմասնակցությունը պայմանավորում եմ Ռուսաստանի դիրքորոշմամբ: Բայց, իհարկե, պետք է հիշել, որ եղել են դեպքեր, երբ Հայաստանը մասնակցել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների, ուսումնավարժանքների Վրաստանում:

Կիսապատերազմական դրության մեջ գտնվող երկրի համար, կարծում եմ, նման զորավարժությունները մշտապես կարող են օգտակար լինել, և այստեղ այս զորավարժություններին չմասնակցելու պատճառը քաղաքական է, քանի որ ռազմական խնդիրների իրականացման հարցում կատարելագործվելու գործում այս զորավարժություններն օգտակար են, և հատկապես օգտակար կարող են լինել Հայաստանի ԶՈՒ-ի համար:

Բնականաբար, Հայաստանը լինելով Ռուսաստանի գործընկերը ՀԱՊԿ-ում, զգուշորեն է կայացնում որոշումներ՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Բնականաբար, սա չի փաստում հավասարակշռված արտաքին քաղաքականության մասին: Այս կոնտեքստում հարկ է նաև նշել, որ կան լուրեր, որ հստակ չէ նաև Հայաստանի մասնակցությունն ամռանն անցկացվելիք զորավարժությանը: Այսինքն` այս ուղղությամբ բավականին զգուշավոր քաղաքականություն է վարվում՝ Ռուսաստանի հետ խնդիրներ չստեղծելու նպատակով»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը:

Վերջինս նաև նկատեց, որ զորավարժություններին մասնակցում է Ադրբեջանը:

«Հարկ է նաև նշել, որ Ադրբեջանը՝ պայմանավորված Թուրքիայի հետ հարաբերություններով, շատ ավելի ակտիվ ու ինտենսիվ համագործակցություն ունի ՆԱՏՕ-ի հետ: Դա կրում է անուղղակի բնույթ, քանի որ այն առավելապես տեղավորվում է Թուրքիա-Ադրբեջան պաշտպանության ոլորտում համագործակցության մեջ: Սակայն պետք է նշել, որ Հայաստանը պաշտպանական և ռազմական ոլորտում իր քաղաքականությունը մշակելիս պետք է հաշվի առնի նաև Ադրբեջանի քաղաքականությունը և այն հմտությունները, որոնք ադրբեջանական զինված ուժերն են ձեռք բերում Թուրքիայի միջոցով:

Այնինչ՝ ՀԱՊԿ անդամակցության պատճառով Հայաստանը զրկվում է այս ոլորտում դիվերսիֆիկացիայի հնարավորությունից, որը Հայաստանին կտար ժամանակակից տեխնիկաներին տիրապետելու հնարավորություն: Այնուամենայնիվ, ՀՀ-ում անցկացվեց նաև ՆԱՏՕ-ի շաբաթ, սակայն զգուշավորությունը նկատելի է»,- ասաց վերլուծաբանը:

Վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին այն կարծիքին է, որ Հայաստանը կարող է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը մեծապես պայմանավորել Վրաստանի հետ հարաբերությունների անհրաժեշտությամբ:

«Վրաստանն ընթանում է եվրաատլանտյան ինտեգրացիայի ճանապարհով՝ լինելով Հայաստանի հարևանը, և Հայաստանը կարող է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը մոտենալ այլ դիտանկյունից՝ իր գործընկերների հետ երկխոսության ընթանալու` սա ներկայացնելով՝ որպես Վրաստանի հրավեր, քանի որ Վրաստանն է կազմակերպում այս զորավարժությունները: Այս ոլորտում Վրաստանն ու Հայաստանը կարիք ունեն խորացնել իրենց համագործակցությունը՝ հանուն տարածաշրջանում կայունության: Հատկապես, եթե հաշվի առնենք Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա հարթակի առկայությունը, նշածս համագործակցությունն էականորեն կարևոր է:

Մյուս կողմից՝ հասկանալի են նաև Հայաստանին սահմանափակող գործոնները: Բայց իրավիճակը տարածաշրջանում այնպիսին է, որ ստիպում է մեր երկրներին խորացնել այս ոլորտում համագործակցությունը: Հիշեցնեմ, որ նախորդ ամիս Հայաստանն ու Վրաստանը ստորագրել էին այս ոլորտում համագործակցության ծրագիր, կարծում եմ` դա կարող է նպաստել անվտանգության և պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցության ընդլայնմանը»,- ասաց վերլուծաբանը:

Տեսանյութեր

Լրահոս