Անշարժ գույքի վաճառքը հեղափոխական տեմպերով կրճատվել է. Երևանում գրանցվել է ռեկորդային անկում

Մինչ Նիկոլ Փաշինյանը խոսում է հիպոթեքային վարկերի կրկնակի աճի, շինարարության հսկայական ակտիվության, տնտեսական հեղափոխության մասին, անշարժ գույքի շուկան հեղափոխական տեմպերով նահանջում է։ Դեռևս անցած տարվա սկզբից դիտարկված ակտիվությունից, որը խորացավ նաև իշխանափոխությանը հաջորդող առաջին մի քանի ամիսներին, այլևս ոչինչ չի մնացել։ Այնպիսի տպավորություն է, որ արագ քայլերով մոտենում ենք հերթական ոչ ցանկալի շրջափուլին։

Անշարժ գույքի շուկայում պասիվացում սկսեց նկատվել 2018թ. վերջից։ Ու որքան էլ թվում էր, թե դա կարճատև երևույթ է` պայմանավորված ներքաղաքական հերթական զարգացումներով, մասնավորապես, խորհրդարանական արտահերթ ընտրություններով, այնուհանդերձ առայժմ գործընթացը կանգ չի առնում։ Շուկայի պասիվացումը համառորեն պահպանվում է նաև ընթացիկ տարվա սկզբին։ Այսպես շարունակվելու դեպքում շուտով դարձյալ կարող ենք հայտնվել այնտեղ, որտեղ գտնվում էինք վերջին գրեթե տասը տարիներին։

Տարեսկզբին պասիվացումն արտահայտվել է շուկայի երկու հիմնական հատվածներում. նվազել է՝ ինչպես անշարժ գույքի օտարումը, այնպես էլ՝ առք ու վաճառքը։

Նշենք, որ սրանք այն երկու հիմնական պարամետրերն են, որոնք բնութագրում են շուկայի իրավիճակը։ Օտարման և առք ու վաճառքի գործարքների կրճատումը վկայում է շուկայի մասնակիցների պասիվության մասին։

Թե ո՞րն է դրա պատճառը, դժվար է միանշանակ ասել։ Մի բան ամեն դեպքում փաստ է, որ իշխանափոխությունից հետո այստեղ ձևավորվել էին չհիմնավորված բարձր սպասումներ, որոնք առայժմ, ըստ էության, չեն արդարանում։ Դրանք կապված էին բազմաթիվ գործոնների հետ։

Մասնավորապես ենթադրվում էր, որ իշխանափոխությունը կնպաստի երկրում տնտեսական ու սոցիալական իրավիճակի կտրուկ լավացման։ Մարդիկ կդադարեն հեռանալ երկրից, իսկ հեռացածները կվերադառնան հայրենիք, ինչը կհանգեցնի անշարժ գույքի նկատմամբ վճարունակ պահանջարկի ավելացման։ Ներդրողները կբերեն իրենց փողերը և շաղ կտան Հայաստանի տնտեսության մեջ։ Կավելանան աշխատավարձերը, աշխատատեղերը և մարդկանց եկամուտները։ Այլևս երկիրը լքելու կարիք չի լինի։

Սակայն իշխանափոխության անցած 10 ամիսները ցույց տվեցին, որ նման հույսերը վաղաժամ են։ Տնտեսական ու սոցիալական իրավիճակը երկրում ոչ միայն չի բարելավվում, այլև մի բան էլ վատանում է։ Նոր աշխատատեղերի բացման և գործազրկության հետ կապված խնդիրների լուծման վերաբերյալ խոսք անգամ չկա։ Տնտեսական հեղափոխություն ասվածն ընդամենը բարի ցանկություն է, որը հիմքեր չունի։  Փոխարենը քաղաքացին հույսը դնի կառավարության վրա, կառավարությունն է հույսը դրել քաղաքացու վրա։

Բնական է, որ այս իրավիճակը չէր կարող չազդել անշարժ գույքի շուկայի մասնակիցների սպասումների վրա։ Հատկապես որ, այն չափազանց զգայուն է տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ։

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի վերջին հրապարակումը վկայում է, որ տարեսկզբին Երևանում գրանցվել է առք ու վաճառքի գործարքների ռեկորդային անկում։ Խոսքը ամենևին էլ անցած տարվա դեկտեմբերի հետ համեմատության մասին չէ։ Սեզոնային գործոններով պայմանավորված՝ գրեթե ամեն տարի այդ երևույթը դիտարկվում է։ Չնայած այս անգամ պատկերն ավելի տխուր է. հունվարին նախորդ ամսվա համեմատ՝ գրանցվել է օտարման գործարքների 46,8 տոկոս նվազում։ Թեև դա այնքան մտահոգիչ չէ։

Մտահոգիչն այն է, որ անշարժ գույքի առք ու վաճառքը հեղափոխական տեմպերով կրճատվել է նաև մեկ տարվա կտրվածքով։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ հունվարին 2018թ. նույն ամսվա համեմատ մայրաքաղաքում 21,7 տոկոսով պակաս անշարժ գույք է վաճառվել։

Եվ սա՝ այն դեպքում, երբ անցած տարվա սկզբին շուկան ռեկորդային տեմպով դուրս էր գալիս տասնամյա լճացումից։ Մասնավորապես 2018թ. հունվարին մայրաքաղաքում առք ու վաճառքի գործարքների քանակն ավելացավ գրեթե կիսով չափ։ Շուկայի ակտիվությունն անհամեմատ բարձր էր նաև ամբողջ հանրապետության կտրվածքով. գործարքները 63 տոկոսով գերազանցել էին նախորդ տարվա մակարդակը։

Ցավոք, այս տարի այն դարձյալ վերադարձել է ի շրջանս յուր։ Անշարժ գույքի առք ու վաճառքի քանակը կրճատվել է ոչ միայն մայրաքաղաքում, այլև ամբողջ հանրապետությունում։ Տարեսկզբին 9,6 տոկոսով քիչ գույք է վաճառվել, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում։

Պասիվացել է նաև բնակարանային շուկան։ Առք ու վաճառքի գործարքներն այստեղ կրճատվել են ավելի քան 10 տոկոսով։ Մայրաքաղաքում բացասական տարբերությունը շատ ավելին է. այն հասնում է գրեթե 19 տոկոսի։

Որպեսզի լավ պատկերացնենք, թե խոսքն ինչպիսի փոփոխությունների մասին է, բերենք ևս մեկ ցուցանիշ. 2018թ. հունվարին Երևանում բնակարանների իրացումն ավելացել էր 49,4 տոկոսով։

Տարեսկզբին անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքները կրճատվել են մայրաքաղաքի գրեթե բոլոր վարչական շրջաններում։ Առանձին դեպքերում նվազումը բավական կտրուկ է. ասենք` Դավիթաշենում վաճառված բնակարանների թիվը պակասել է՝ 42,6, Շենգավիթում` 41,3, Քանաքեռ-Զեյթունում` 35,8,  Արաբկիրում` 25,5,  Կենտրոնում` գրեթե 20 տոկոսով։

Իհարկե, դրանով հանդերձ, ամենաբարձր պահանջարկը մայրաքաղաքում վայելում են թանկարժեք բնակարանները։ Գործարքների ավելի քան 38 տոկոսը բաժին է ընկնել Կենտրոնին և Արաբկիրին։ Մի բան, ինչը նշանակում է, որ անշարժ գույքի շուկայի նկատմամբ դեռևս պահպանվող հետաքրքրությունները կապված են հատկապես հասարակության ունևոր զանգվածի վարքագծի հետ։ Չի բացառվում, որ դրան մասնակցում են նաև ոչ հայաստանյան գնորդները։

Անշարժ գույքի շուկայում վերջին ամիսներին նկատվող պասիվացումն անհետևանք չի անցել նաև գնային սեգմենտի վրա։ Մասնավորապես՝ մարզերի առանձին բնակավայրերում գները սկսել են նվազել, իսկ մայրաքաղաքում նկատվել է աճի տեմպի դանդաղում։ Անցած տարվա վերջի համեմատ Երևանում բնակարանների միջին գնաճը տարեսկզբին կազմել է ընդամենը 0,2 տոկոս։ Մինչդեռ մի պահ այն շատ ավելի ակտիվ էր և առանձին ամիսներին հասնում էր ընդհուպ մինչև 0,9 տոկոսի։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս