«Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները Մինսկի խմբի և Ադրբեջանի օրակարգից հանված են». Քաղաքագետ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած վերջին հայտարարության մեջ բացակայում էր Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների մասին հիշատակումը, ինչը, շատ վերլուծաբանների կարծիքով՝ սխալ մոտեցում է։ Քանի որ այդ պայմանավորվածությունները հայկական կողմի հաջողություններից մեկն էր, իսկ դրանց մասին չհիշել՝ նշանակում է՝ մոռացության տալ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական ագրեսիան և սադրանքները։
Այս մասին ֆեյսբուքյան գրառում էր կատարել նաև ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը։ Նա մասնավորապես գրել էր.
«Վտանգ կա, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում Նիկոլ Փաշինյանի շտապողականության, ավելորդ ինքնավստահության և սեփական ուժերը գերագնահատելու հետևանքով գրեթե մեկ տարի անց մեզ վերադարձնում են ելակետային դիրքերին, ցավոք, առանց Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության մասին հիշատակման»։
168.am-ի հետ զրույցում քաղաքագետ Երվանդ Բոզոյանն անդրադարձավ Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածություններին, որոնց մասին վերջին շրջանում հայկական կողմն այդքան էլ հաճախ չի հիշատակում։
«Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմն ունեցավ ոչ միայն մարդկային, այլև տարածքային կորուստ, որից հետո Ադրբեջանը փորձեց կորցրած տարածքներին գումարել ու հաջողության հասնել նաև դիվանագիտական ճակատում, բայց ստացավ ճիշտ հակառակը։ Այսինքն՝ հայկական կողմը կորցրեց տարածք, փոխարենը՝ միջազգային հանրությանը համոզեց, որ Ադրբեջանն է սկսել ագրեսիան, որի արդյունքում հանրության մեջ կա խորը անվստահություն։
Ուստի այդ պայմաններում հայկական կողմը չի կարող բանակցել Ադրբեջանի հետ, մինչև Ադրբեջանն այդ վստահությունը չվերականգնի։ Հայաստանի կողմից առաջ քաշած այս պայմանը միջազգային հանրությունը նորմալ ընդունեց, այսինքն՝ Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները հենց դրա մասին էր, դրանք պետք է Ադրբեջանին ստիպեին, որ նա գնա այնպիսի քայլերի, որը կվերականգներ հայկական կողմի վստահությունը»,- նշեց քաղաքագետը։
Նրա խոսքով՝ այս ճանապարհով Հայաստանը հաջողությամբ իրականացնում էր իր առջև դրված խնդիրը, սակայն իշխանափոխությունից հետո նոր իշխանություններն անփորձ էին և չէին գիտակցում, թե ինչ է նշանակում այդ պայմանավորվածությունները, ուստի դրանք գրեթե մոռացության տվեցին։
«Ալիևը վերելակում վարչապետին ասաց՝ արի իրար չկրակենք, հիմնական կրակողը նա էր, նա էլ ասաց, որ չի կրակելու, ինչին համաձայնեց մեր վարչապետը, արդյունքում՝ Ադրբեջանն արձանագրեց, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն ի չիք եղան, միջնորդներն էլ ուրախացան, որ այլևս այդ խնդիրը չկա։ Այսօր այդ խնդիրը նրանց օրակարգից հանված է, իհարկե, Հայաստանը կասի, որ ցանկանում է՝ այն պայմանավորվածությունները լինեն։ Բայց միջազգային հանրությունը կասի, որ Դուշանբեում արդեն պայմանավորվել են, որ կողմերի միջև վստահություն կա, ուստի պետք է սկսեն բանակցությունները, սա է խնդիրը»,- եզրափակեց Երվանդ Բոզոյանը։
Զվարթ Խաչատրյան