Ովքեր են Ֆրանսիայի առավել մեծ ժողովրդականություն վայելող կանայք
Ժորժ Սանդը՝ 1843 թվականին Ֆրանսիայում լույս տեսած «Կոնսուելո» վեպի հեղինակը, ճանաչվել է ֆրանսիացիների սիրելի կին գրողը: Փարիզյան VSD հանդեսի անցկացրած հարցման համաձայն, այս կարծիքին է վիպագրի հայրենակիցների 29 տոկոսը։
Գրականության պատմության մեջ Սանդը (իսկական անունը՝ Ամանդինա Ավրորա Լյուսիլ Դյուպեն, բարոնուհի Դյուդեւան) մտել է որպես գրող-ֆեմինիստուհի եւ համոզված բունտարար: «Անցնելով բոնապարտիզմից դեպի սոցիալիզմ ճանապարհը՝ նա մնում է ազատ եւ անկախ կնոջ խորհրդանիշը»,-նշել է փարիզյան ամսագիրը:
Գրողը 70 վեպերի եւ բազմաթիվ նովելների, հեքիաթների, գրական Էսսեների հեղինակ է: Ժամանակակիցների հիշողության մեջ նա նաեւ մնացել է իր արարքներով: Վիպագիրը հրաժարվել է Պատվո լեգեոնի շքանշանից եւ Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրայից ստացել է տղամարդու կոստյում հագնելու թույլտվություն: Նրա սիրեցյալների թվում էին ռոմանտիկ բանաստեղծ Ալֆրեդ դե Մյուսեն եւ երաժշտական ռոմանտիզմի առաջատար ներկայացուցիչ Ֆրեդերիկ Շոպենը:
Կին գրողների առաջին եռյակում Սանդի հետ միասին տեղ են գտել նաեւ «Բոլոր մարդիկ մահկանացու են» վեպի (1946 թ.) հեղինակ Սիմոնա դե Բովուարը (21 տոկոս) եւ Կոլետը (18 տոկոս), որը հայտնի է իր «Ժիժի» վեպով (1944 թ.):
Հանդեսի հարցումը, որը նվիրված էր ամենանշանավոր ֆրանսուհիներին, ներառել է նաեւ այլ անվանակարգեր: Այսպես, ամենասիրելի դերասանուհի են ճանաչել Սոֆի Մարսոյին (ձայների 36 տոկոսը): Մեծ էկրանին նա դեբյուտել է 14 տարեկանում՝ խաղալով «Բում» ֆիլմում: Երկրորդ տեղում Մարիոն Կոտիյարն է (24 տոկոս), որն «Օսկար»-ի է արժանացել «Կյանքը՝ վարդագույնով» կինոնկարում (2007 թ.) Էդիտ Պիաֆի դերի համար: Եռյակը եզրափակում է Կատրին Ֆրոն (21 տոկոս), որը խաղացել է «Ընտանեկան իրադրություն» կինոնկարում (1996 թ.):
Երաժիշտների շրջանում առաջին տեղը բաժին է ընկել Միլեն Ֆարմերին (ձայների 23 տոկոսը), որն իր կարիերան սկսել է 80-ական թվականների կեսերին: Երկրորդ տեղն զբաղեցրել է Լուանը, որի Chambre 12 («Հյուրանոցիային համար 12») ալբոմը ֆրանսիական հիթ-շքերթի առաջատարն է դարձել 2015 թվականի: Առաջին եռյակում նաեւ հայտնվել է Ֆրանսուազ Արդին՝ 60-ական թվականների ոճի կուռքը, որի երգերը տեղ են գտել ֆրանսիական շանսոնի ոսկե հավաքածուում:
Պակաս ուշադրություն չի գրավել «Կանայք՝ քաղաքականության մեջ» անվանակարգը: Առավել մեծ ժողովրդականություն վայելող առաջատարների առաջին եռյակում, ըստ VSD-ի վարկածի, տեղ են գտել արդարադատության նախկին նախարար Քրիստիան Տոբիրան եւ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը, որը պետության ներկայիս ղեկավար Էմանուել Մակրոնի մրցակցուհին էր վերջին նախագահական ընտրություններում:
Այս անվանակարգում առաջին հորիզոնականը կիսել են Արկտիկայի եւ Անտարկտիկայի գործերով Ֆրանսիայի ԱԳ նախարարության հատուկ դեսպան Սեգոլեն Ռուայալը, որը հանրապետության նախագահի պաշտոնի համար պայքարել է 2007 թվականին, 29-ամյա Մարիոն-Մարեշալը, որին համարում են ֆրանսիական քաղաքականության ծագող աստղը: Մարին լե Պենի զարմուհին՝ Մարիոնը, պատկանում է այս քաղաքական ընտանիքի երրորդ սերնդին: 22 տարեկանում նա ընտրվել էր Ազգային ժողովում եւ ֆրանսիական խորհրդարանում դարձել ամենաերիտասարդ պատգամավորը, բայց հետագայում թողել է քաղաքական բեմահարթակը:
Այժմ Մարիոն Մարեշալը գլխավորում է Լիոնի Սոցիալական, տնտեսական եւ քաղաքական գիտությունների ինստիտուտը, այդուհանդերձ, շատերը նրան հնարավոր թեկնածու են համարում 2022 թվականի նախագահական ընտրություններում: Անցած տարվա վերջին նա աջակցություն է հայտնել «Դեղին բաճկոնավորների» բողոքի ֆրանսիական շարժմանը՝ այն համարելով «ժողովրդական եւ քաղաքականությունից դուրս գտնվող», հաղորդել է ՏԱՍՍ-ը: