«Քրգործերի շրջանակում 2018-ին պետբյուջե է վերականգնվել 8.5 մլրդ դրամ». ՊԵԿ նախագահի տեղակալ
2016 թվականին Պետական եկամոտւների կոմիտեի (ՊԵԿ) քննչական վարչությունում քննվել է 86 քրեական գործ, ըստ այդմ՝ արձանագրված տվյալների համաձայն՝ պետությանը պատճառված վնասի չափը գնահատվել է մոտ 5,45 մլրդ դրամ:
Այս մասին այսօր հրավիրած ասուլիսին հայտարարեց ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը: ՊԵԿ պաշտոնյանի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ 2017-ին ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրգործերի քանակն ավելի նվազ է եղել՝ 2018-ի համեմատ:
Այսպես, 2017թ. վարույթում գտնվող թվով 57 քրեական գործերով արձանագրված վնասի չափը եղել է 1,83 մլրդ դրամ, իսկ 2018-ին արդեն 134 քրգործ է եղել, որոնց հիմքերով պետությանը պատճառված վնասը՝ նախնական հաշվարկներով, հասել է 23 մլրդ դրամի:
Քրեական գործերի շրջանակներում պետական բյուջե վերականգնված գումարի չափը ևս ավելացել է տարեցտարի: 2016-ին այն կազմել է 4.5 մլրդ դրամ, 2017-ին՝ 8.4 մլրդ, և 2018 թվականին՝ 8.5 մլրդ դրամ: Թե ինչո՞ւ է 2018-ին բյուջեին հասցված վնասի 23 մլրդ դրամի ընդամենը 8.5 մլրդ դրամը վերականգնվել՝ հարցին ՊԵԿ պաշտոնյան պատճառաբանեց դեռևս հարյուրավոր գործերի քննության մեջ գտնվելու հանգամանքով:
«Հարուցված քրեական գործերով բյուջե վերականգնված գումարի չափը ամբողջական չէ, քանի որ քննվող գործերը՝ ըստ բարդության, դեռևս ընթացքի մեջ են, դրանք երբեմն շատ երկար, նույնիսկ տարիներ կարեղ են տևել»,- ասաց նա:
ՓՄՁ ոլորտի ձեռնարկատերե՞րն են օրինազանցները, թե՞ խոշոր գործարարները՝ ճշտող հարցին՝ ՊԵԿ նախագահի տեղակալը մի քանի խոշոր գործարարների թվարկելով («Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ, ապահովագրական, բեռնափոխադրման ընկերություններ, շինարարական կազմակերպություններ)՝ ասաց, որ բացառապես խոշորներն են պետությանը հասցրած վնասի իրական մեղավորները:
Անդրադառնալով վարչարարական փոփոխություններին՝ ՊԵԿ նախագահի տեղակալն ասաց, որ Հայաստանում գործում է ռիսկի վրա հիմնված ստուգման համակարգը, այսինքն, եթե տնտեսվարողը չկա տվյալ տարվա ստուգվողների ցուցակում, իր մոտ ստուգում կարող է իրականացվել բացառիկ դեպքերում, այն է՝ քննիչի որոշումով, դա էլ իր հերթին՝ հստակ սահմանափակումներ կամ չափորոշիչ չի ներառում, հենց այդ պատճառով է, որ հաճախ քննարկման ու շահարկումների առիթ է դառնում ՊԵԿ աշխատակցի ստուգայցը ցանկացած ընկերությունում:
«Իրականում չկան կարգավորումներ, թե քննիչի որոշումներն ինչ չափանիշերի պետք է համապատասխանեն: Ուստի, նման դեպքերի համար ՊԵԿ-ը նախատեսում է որոշակի փոփոխություններ ու կարգավորումներ մտցնել աշխատանքներում, սահմանել այդ չափանիշերը, որպեսզի նշանակվող ստուգումների համար, եթե հարուցված է քրեական գործ՝ կոնկրետ հոդվածի հատկանիշներով, լինի պատշաճ դատախազական հսկողություն քննիչի որոշումների վերաբերյալ»,- ասաց ՊԵԿ փոխնախագահը:
Սյուզի Բադոյան