ՓՄՁ ավելի քան 3000 ներկայացուցիչներ դիմել են ԱԺ խմբակցություններին
«ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» հ/կ-ն այսօր դիմել է Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին՝ ահազանգելով «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծի, դրանից բխող կանխատեսվող տնտեսական վնասի մասին: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց ասոցիացիայի փոխնախագահ Հակոբ Ավագյանը՝ նշելով, որ ահազանգի դիմումները ստորագրել են ավելի քան 3000 մանրածախ առևտրի և հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող ՓՄՁ ներկայացուցիչներ:
Ըստ նրա՝ այսօր, որպես փաստ` ցավով կարելի է արձանագրել, որ ընդհատված է երկխոսությունը կառավարության հետ, հավուր պատշաճի չեն գործում այդ նպատակով ստեղծված ՓՄՁ-գործադիր մարմին երկխոսության հարթակները, ինչն էլ պատճառ է, որ գործադիր մարմնի կողմից մշակվող օրենսդրական նախագծերը, որոնք, եթե նույնիսկ նպատակ ունեն բարեփոխելու որոշակի ոլորտային, կամ այս դեպքում՝ լուծելու առողջապահական, խնդիրներ, մյուս կողմից՝ վնաս են հասցնում ՓՄՁ-ների տնտեսական գործունեությանը.
«Նախագծերը մշակելիս անհրաժեշտ ուշադրության չի արժանանում դրանց ազդեցության գնահատականները, իսկ երբեմն նույնիսկ կարգավորման ազդեցության գնահատում բոլոր ուղղություններով չի կատարվում»:
«Բոլորովին դեմ չլինելով ծխելու դեմ պայքարին, հստակ գիտակցելով Առողջապահության նախարարության կանոնադրական նպատակները և նմանատիպ օրենսդրական նախագծերով դրանց հասնելու ցանկությունը, կարծում ենք` ոչ պակաս կարևոր են իրենց ուժերով, իրենց ռիսկերով ձեռնարկություններ հիմնած ՓՄՁ-ների իրավունքները: Ծխախոտային արտադրատեսակների լայն օգտագործումը մեր ազգաբնակչության մոտ մեկ օրում չի ձևավորվել: Այն տասնյակ տարիների, սովորույթների և այլ մի շարք հանգամանքների, իրողությունների արդյունք է: Դրան զուգահեռ՝ նաև ձևավորվել է այդ արտադրատեսակների սպառման շղթայի եկամուտների, բիզնես մոդելների այսօրվա իրականությունը, որից օգտվում են ծխախոտային արտադրատեսակ արտադրողները, ներմուծողները, վաճառողները, դրա շուրջ ժամանցի, հանրային սննդի կազմակերպիչները, մարքետինգային ծառայություն մատուցողները և այլ բիզնես ոլորտներ, վարձու աշխատողներ: Իհարկե, պետք չէ անտեսել նաև այս ոլորտում գործունեության արդյունքում ձեռնարկությունների վճարած հարկերը, որը ցավով, բայց պետք է փաստենք, որ այսօրվա խոշոր հարկատուների ցանկում առաջատարներն են»,- ասաց Հ.Ավագյանը:
Ասոցիացիան առաջարկում է խմբակցություններին՝ քննարկումներ կազմակերպել օրինագծի շուրջ, ինչը, ըստ ՓՄՁ ներկայացուցիչների, հնարավորություն կտա, մինչ վերոհիշյալ նախագծին քվեարկելը՝ բազմակողմանի պատկեր տեսնելու, բոլոր կողմերի շահերը հաշվի առնելու համար: