Ապակայունացման մեծ փուլը

Ժամանակակիցները, «ներկայի ներսում» ապրողները, որպես կանոն, որքան էլ տարօրինակ է, ամենից վատ ու ամենից քիչ են զգում և հասկանում իրենց ապրած ժամանակը, դրա ինչպիսի՛ն լինելն ու ո՛ւր գնալը: Դա այդքան էլ զարմանալի չէ, քանի որ ներսից, մոտիկից առավել տեսանելի են մանրամասները, օրվա մեջ շատ մեծ ու խոշոր թվացող, բայց վաղը մոռացվող թեմաներն ու իրադարձությունները, իսկ ընդհանուր պատկերը, կարևոր՝ առանցքային կառուցվածքները, միտումներն առավել հաճախ կորչում են մանրամասների «անտառում»: Այն, ինչ պարզ կերևար դրսից և հեռվից, ներսում, այս պահին ապրողի համար անորսալի վերացականություն կարող է թվալ: Կարճ՝ մեծ պատկերները մոտիկից չեն երևում, այլ ավելի լայն հայացքով:

Օրինակ, որևէ պատմաբանի ավելի հեշտ է հետադարձ հայացքով հասկանալ արդեն անցած իրադարձությունների տրամաբանությունն ու միտումները, քան հենց այդ իրադարձությունների ականատեսին: Հաճախ նայելով անցածին, զարմանում ենք, թե ինչպե՛ս մարդիկ չէին հասկանում, թե ո՛ւր է տանում իրենց ժամանակը, ինչպե՛ս չէին տեսնում ժամանակի ուղիներն ու խաչմերուկները:

Բայց երբ փորձում ենք հեռվից դատելու փոխարեն՝ վերապրել անցածն այնպես, կարծես մենք էլ դրա ժամանակակիցն ենք, ապա հասկանում ենք, որ հետադարձ հայացքին պարզ թվացողը հազիվ նշմարելի լիներ ժամանակակցին, և եթե նշմարելի էլ լիներ, կարող էր թվալ զարմանալի, անընդունելի և առավել անհավանական:

Օրինակ, երբ 4-րդ դարում հայկական նախարարները, իշխանական տները՝ բաժանված միմյանց հետ անհաշտ մրցող կուսակցությունների, տարված էին ներքին պայքարով, նրանք թեև կարող էին գիտակցել, որ այդ ներքին պայքարը կապված է արտաքին ուժերի պայքարի հետ, սակայն, հազիվ թե միանշանակ էր նրանց համար, որ ներքինը ոչ միայն պարզապես կապված է, այլև պայմանավորված է, նույնիսկ ստորադասված է արտաքինին, որ իրենք ընդամենը մաս են մի մեծ համաշխարհային գործընթացի:

Հին Հայաստանում միշտ էլ եղել է նախարարական, բազմիշխան կառուցվածք, բայց միշտ չէ բազմիշխանությունը, ներքին մրցակցությունը բերել այն արդյունքների, ինչին բերեց 4-5 դդ.-ում, թեկուզ վերջերս հաճախ հիշատակվող Պապ և մյուս թագավորների օրոք: Խնդիրն այստեղ պատմական օրինակների միջոցով վախճանաբանական սցենարների ակնարկը չէ, կործանման վախ սերմանելը չէ: Հարցը որոշ օրինաչափությունների մասին է:

Օրինաչափություններից մեկն այն է, որ համեմատաբար փոքր պետությունների ներքին կյանքը, որը դրա դերակատարներին ներսից թվում է ինքնաբավ, միայն ներքին խնդիրներով պայմանավորված, իրականում արտացոլում է արտաքին աշխարհում տեղի ունեցող ավելի լայն գործընթացները: Պարտադիր չէ՝ խոսքը լինի ուղղակի և գիտակցված կապի մասին, թեև դա էլ կարող է լինել, բայց անուղղակին ու չգիտակցվածը նույնիսկ ավելի կարևոր ու ազդու է: Առանձին ազգային պատմությունների ինքնաբավության աստիճանը շատ ավելի փոքր է, քան կարող է թվալ:

Ներքին մրցակցությունը, ներքին պայքարը միշտ էլ կա և կարող է լինել: Բայց կա սրության աստիճան, թշնամանքի սահման, որը, որպես կանոն, անցնում է միայն, երբ կա արտաքին մթնոլորտ, արտաքին սնուցում: Ներքին թշնամանքի պատճառները կարող են, որքան ուզում եք՝ առարկայական լինել, արդար լինել մասնակիցների աչքերում, բայց սնուցման հարցն այլ է: Առանց սնուցման, ազդեցության՝ ներքին թշնամանքը չի կարող տևականորեն անցնել որոշակի աստիճանը, որոշակի սահմանը: Ներքին թշնամանքի ուժգնացումը, որպես կանոն, վկայություն է արտաքին գործոնի ակտիվացման, հատկապես, եթե խոսքը զինված բախումների, զինված գործողությունների մասին է: Միշտ չէ, բայց՝ որպես կանոն:

Վերջին առնվազն երեք տարվա մեջ Հայաստանը մտել է անկայունացման շրջափուլ: Սա տարբերվում է նախորդող փուլերի ներքին պայքարից, որի դրսևորումները որքան էլ պահի տակ սուր լինեին, տևական ապակայունացման մասին խոսք չի եղել: Ապակայունացումը, ի դեպ, պետք չէ հասկանալ «գնահատողական» իմաստով: Լավ ու վատի խնդիր չի այստեղ:

Կյանքը, պատմությունը զարգանում են փուլերով՝ պատերազմ և խաղաղություն, ապակայունացում և կայունացում: Հավերժ գարուններ ոչ միայն չեն լինում, այլև զարգացման տեսակետից փակուղի են: Ապակայունացումը տվյալ դեպքում «տեխնիկական» եզրույթ է: Դա հոմանիշ է անցման, խաչմերուկի: Այն կարող է նոր՝ այս պահին անհնարին համարվող հնարավորությունների դուռ բացել, կարող է և հակառակը՝ բերել հույսերի ձախողման: Այստեղ միանշանակություն չկա և չի կարող լինել: Ոչ էլ կա ընտրություն՝ լինե՞լ ապակայունացման փուլում, թե՞ ոչ:

Հայաստանի ներքին իրավիճակը վերջին տարիների միջնորդավորված, թեկուզ անուղղակի, բայց արտացոլումն է միջազգային և տարածաշրջանային ապակայունացման: Մեզ միայն թվում է, որ կարող ենք առաջվա պես ապրել, երբ Մերձավոր Արևելքում կամ Արևելյան Եվրոպայում (Ուկրաինայում) պետություններ են կործանվում և սահմաներ վերաձևավորվում: Միայն երկու տարվա մեջ ունեցանք պատերազմ, զինված ապստամբություն Երևանի կենտրոնում, հեղափոխություն:

Բայց նույնիսկ այսքանը քիչ է մեզ՝ հասկանալու համար, որ մենք արմատապես նոր իրավիճակում ենք ապրում, որ նախորդ փուլն իր տրամաբանությամբ և օրինաչափությամբ ավարտվել է: Ու նորը դեռ նոր է սկսվում, դեռ քարտեզը պարզ չէ, դեռ մենք էլ մինչև վերջ չենք հասկանում՝ ինչ ենք անում:

Տեսանյութեր

Լրահոս