Տնտեսական աճի հմայքը

Վիճակագրական ծառայությունը հրապարակել է անցած տարվա տնտեսական աճի նախնական ցուցանիշը։ Ըստ այդմ, 2018թ. Հայաստանում արձանագրվել է 5,2 տոկոս աճ։

Հիշեցնենք, որ անցած տարվա տարեկան տնտեսական ակտիվությունը կազմել էր 5,8 տոկոս։

Թեև տնտեսական աճի ցուցանիշը նախնական է, այնուհանդերձ պետք է ենթադրել, որ այն հետագայում մեծ փոփոխությունների չի ենթարկվի։

Արձանագրված 5,2 տոկոս աճը, անշուշտ, գերազանցում է 2018թ. պետական բյուջեով նախատեսված ցուցանիշը։ Բայց այն էապես ավելի ցածր է նախորդ տարվանից։ Ինչպես հայտնի է, 2017թ. Հայաստանում արձանագրվեց վերջին տարիների համար աննախադեպ բարձր աճ՝ հասնելով 7,5 տոկոսի։

Տնտեսական գործընթացների ակտիվությունը շարունակվեց նաև 2018թ. սկզբին։ Սակայն իշխանափոխությունից հետո զարգացումները, որոնք ընդհուպ մոտեցել էին գրեթե երկնիշ աճի մակարդակին, գնալով դանդաղեցին։

Իհարկե, տարեվերջին պաշտոնական վիճակագրությունն իրավիճակի փոքր-ինչ դրական դինամիկա արձանագրեց։ Բայց դա ավելի շատ հարցերի տեղիք տվեց, որոնց պատասխաններն այդպես էլ մինչև հիմա չեն տրվել։

Ասենք` ինչպե՞ս հասկանալ, որ դեկտեմբերին Հայաստանում 84 տոկոսով ավելի շատ կապիտալ շինարարություն է իրականացվել, քան նոյեմբերին, երբ եղանակային պայմաններն անհամեմատ ավելի բարենպաստ էին։ Այնպիսի տպավորություն է, որ մարդիկ հատուկ սպասել են՝ ցրտերն ընկնեն, որպեսզի սկսեն ամբողջ թափով շինարարական աշխատանքներ կատարել։

Կամ՝ ինչո՞վ է պայմանավորված, որ գյուղատնտեսության ոլորտում արտադրության ծավալները դեկտեմբերին անհամեմատ ավելին են եղել, քան նոյեմբերին։

Դժվար է հավատալ, որ նախորդ ամսվա անկումից հետո արդյունաբերությունը հանկարծ կտրուկ աճ է գրանցում։ Եվ այս ամենը տեղի է ունենում Հայաստանում ընթացող քաղաքական բուռն գործընթացների ընթացքում, որոնք սովորաբար բացասաբար են ազդում տնտեսության ակտիվության վրա։

Որքան էլ կարող է տարօրինակ լինել, այդ պայմաններում դեկտեմբերին Հայաստանում արձանագրվում է 6,4 տոկոս տնտեսական ակտիվություն` նոյեմբերի՝ 3,7, կամ հոկտեմբերի` 3 տոկոսի դիմաց։ Տնտեսության նման կտրուկ փոփոխությունները սովորաբար անհամատեղելի են այնպիսի քաղաքական գործընթացների հետ, ինչպիսին արտահերթ ընտրություններն են։ Ամեն դեպքում ունենք այն, ինչ ունենք։

Վիճակագրական ցուցանիշները վկայում են, որ տարվա ընթացքում Հայաստանի տնտեսության զարգացումները բավական լուրջ փոփոխություններ են կրել։

Ակտիվությունը բարձր է եղել հատկապես առաջին կիսամյակում։ Տնտեսական աճը տարվա առաջին երեք ամիսներին հասել է ընդհուպ մինչև 9,9 տոկոսի։

Եթե իշխանափոխությանը հաջորդած առաջին մեկ-երկու ամիսներին տնտեսական գործընթացներն իներցիայով դեռևս շարժվել են առաջ, ինչի արդյունքում երկրորդ եռամսյակում գրանցվել է 7,6 տոկոս աճ, ապա հետագա ժամանակահատվածում նկատելի է ցուցանիշների կտրուկ վատացում։ Դա ակնառու է հատկապես երրորդ եռամսյակում։

Պաշտոնական տվյալներով, այդ հատվածում տնտեսական աճը Հայաստանում կազմել է ընդամենը 2,5 տոկոս։ Միտումը որոշ չափով բարելավվել է չորրորդ եռամսյակում։ Աճի տեմպը վերստին սկսել է ավելանալ` հասնելով 3,4 տոկոսի։ Դրանով հանդերձ, այն շարունակել է էապես զիջել տարեսկզբի ցուցանիշը։

Աճի տեմպը չորրորդ եռամսյակում գրեթե երեք անգամ պակաս է եղել առաջինից։ Երրորդ եռամսյակի հետ համեմատությունն ավելի տխուր պատկեր է տալիս։ Մի բան, ինչը նշանակում է, որ տարեկան տնտեսական աճի գործում մեծ է եղել հատկապես առաջին եռամսյակի դերը։

Չնայած արձանագրված 5,2 տոկոս աճին, այնուհանդերձ խիստ մտահոգիչ է տնտեսական աճի կառուցվածքը։ Նիկոլ Փաշինյանի հայտարարած տնտեսական տրանսֆորմացիան այս ցուցանիշներում ամենևին էլ նկատելի չէ։ Տնտեսական աճը գրեթե ամբողջությամբ ապահովվել է ծառայությունների և առևտրի հաշվին։ Խոսքը 5,1 տոկոսի մասին է։ Այլ կերպ ասած, մյուս բոլոր ոլորտների մասնակցությունը տնտեսական աճի գործում կազմել է ընդամենը 0,1 տոկոս։ Եթե արդյունաբերությունը՝ 0,7, իսկ շինարարությունը` 0,1 տոկոսով է նպաստել տնտեսական աճին, ապա գյուղատնտեսության ազդեցությունը բացասական է եղել։

Թվում է, թե գյուղատնտեսության մեջ արձանագրված անմխիթար վիճակի համար պատասխանատուն դարձյալ բնությունն է, որն այնքան էլ բարեհաճ չի գտնվել նոր իշխանությունների հանդեպ։ Սակայն, որքան էլ կարող է տարօրինակ լինել, այս անգամ այդպես չէ։ Դրա հիմնական մեղավորը կառավարությունն է, որ ընկնելով չարդարացված պոպուլիզմի հետևից՝ գրեթե մեկ ամիս ուշացրեց Սևանից ջրի բացթողումը, ինչի հետևանքով մի շարք մշակաբույսեր չորացան և շարքից դուրս եկան։

Կառավարության նման գործելաոճը լուրջ վնասներ պատճառեց գյուղացիական տնտեսություններին և հասարակությանը, ովքեր ստիպված էին շատ ավելի թանկ վճարել մի շարք գյուղմթերքների ձեռքբերման դիմաց։

Թեև այնպես չէ, որ կառավարության գործողություններից տուժեց միայն գյուղատնտեսությունը։ Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով` իրականացվեցին մի շարք չպատճառաբանված քայլեր, որոնք մեծապես հարվածեցին տնտեսական գործընթացներին։ Իշխանափոխությունից հետո Հայաստանի տնտեսության մեջ ի հայտ եկան լուրջ ռիսկեր, տնտեսությունը մտավ անորոշությունների ու սպասումների երկար փուլ։

Իր տասնամսյա գործունեության ընթացքում կառավարությունը լուրջ խոչընդոտներ ստեղծեց տնտեսության համար։ Տուժեցին հատկապես օտարերկրյա ներդրումները։ Չնայած իշխանության եկած քաղաքական ուժի ձևավորած սպասումներին, այնուհանդերձ իշխանափոխությանը հաջորդած շրջանում դրանք կրճատվեցին։ Այսօր էլ Հայաստանի տնտեսությունը չի առանձնանում ներդրումային ակտիվությամբ։

Թե ի՞նչ կփոխվի առաջիկայում, ցույց կտա ժամանակը։ Ամեն դեպքում, նախկին խոստումները չկատարած` հիմա էլ կառավարությունը տնտեսական հեղափոխություն է խոստանում։ Չնայած դրա համար գոնե այս փուլում տեսանելի հիմքեր չկան։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս