Երիտասարդները ցնցում են աշխարհը
Մի քանի օր առաջ Զանգակատուն գյուղի դպրոցի աշակերտները բողոքում էին տնօրենի աշխատանքից։ Նրանք տեսախցիկի առջև ասում էին, որ տնօրենն իրենցից պահանջել է, որպեսզի գնան փոխեն իրենց հագուստը և դպրոցի համար ինչ-որ աշխատանք անեն։ Մի քանի տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ երեխաները տեսախցիկի առաջ նման ձևով կխոսեն տնօրենի հետ։ Բայց նման զարգացումները միայն Հայաստանում չեն։
2015 թվականին Բրազիլիայի Սան Պաուլո նահանգի նահանգապետը որոշում էր կայացրել օպտիմալացնել դպրոցները՝ կրճատելով նաև ուսուցիչներին։ Շուրջ 200 դպրոցների աշակերտներ, ի նշան բողոքի, փակվեցին դպրոցներում և դուրս չէին գալիս։ Նրանց միացան նաև որոշ ուսուցիչներ։ Աշակերտները պարտաճանաչ դասեր էին անում, քննարկումներ անում։ Աշակերտներից մեկը նույնիսկ ասել էր, որ այդ օրերին ավելի շատ բան սովորեց, քան նախորդ տարիներին։ Աշակերտների շարժումը հաջողության չհասավ, բայց սա աննախադեպ երևույթ էր։
Այս տարվա օգոստոսին շվեդ դպրոցական Գրետա Թունբերգը Շվեդիայի խորհրդարանի դիմաց բողոքի ցույց սկսեց՝ ընդդեմ գլոբալ տաքացման։ Գրետան այնուհետև մի քանի հարթակներում ելույթ ունեցավ, այդ թվում՝ ՄԱԿ-ի ամբիոնից և Դավոսի ֆորումում։ Գրետայի անհատական շարժումը վերաճեց հզոր դպրոցական շարժման։ Հազարավոր աշակերտներ Բելգիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում ուրբաթ օրերին դասադուլ են անում՝ ընդդեմ գլոբալ տաքացման։
«Քանի որ մենք ընտրություններին մասնակցելու հնարավորություն չունենք, նման ձևով ենք արտահայտում մեր բողոքը»,- ասել էր դպրոցականներից մեկը։ Օրերս Ֆլանդրիայի (Բելգիա) բնապահպանության նախարարն ասել էր, որ դպրոցականներին մանիպուլյացնում են միջազգային կազմակերպությունները և քաղաքական ուժերը։ Այդ արտահայտության համար նա ստիպված եղավ հրաժարական տալ։
Երեխաներն ու երիտասարդները վերջին տարիներին ազդում են նաև քաղաքական գործընթացների վրա։ Օքսֆորդի բառարանն ամեն տարի ընտրում է մի բառ, որը կոչվում է «Տարվա բառ»։ 2017 թվականի բառ ընտրվեց Youthquake-ը (բառացի՝ երիտասարդների առաջ բերած ցնցում)։ Այդ բառի ընտրության պատճառն այն էր, որ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների ընտրություններում երիտասարդները մեծ դեր էին ունեցել։ Ընտրություններին հատկապես ակտիվ էին մասնակցել 18-19 տարեկանները, այսինքն՝ առաջին անգամ ընտրողները։
Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող այս զարգացումները վկայում են, որ նոր սերունդը շատ ավելի արագ է հասունանում և մասնակցում քաղաքացիական, քաղաքական գործընթացներին։ Այս ամենը հիմնավորվում է նաև գիտության տվյալներով։ Այսօրվա երեխաները շատ ավելի արագ են հասունանում։ Արագ հասունացման արդյունքում, երիտասարդների ազդեցությունն այնքան է մեծացել, որ մեր օրերի ֆրանսիացի փիլիսոփա Ալեն Բադյուն ասում է, որ հայրերի և որդիների ներկա կոնֆլիկտի լուծումը ոչ թե երիտասարդների հասունացման միջոցով պիտի լինի, այլ «մեծերի երեխայացման»։ Բադյուն վտանգավոր է համարում ներկա այն միտումը, որ «մեր որդիների մարմինը» ծառայում է ապրանքայնացված աշխարհին։ Վերջինս չի թողնում, որպեսզի մարդու կյանքում գերիշխող լինեն գաղափարները, ինչի պատճառով մարդը տարվում է մանր-մունր բաներով։ Արդյունքում, հատկապես տղաները կորցնում են կյանքի կողմնորոշիչները։ Վերջերս Մեծ Բրիտանիայում անցկացված հարցման արդյունքում երիտասարդների 18%-ը նշել էր, որ կյանքն անիմաստ է։ Նույն հարցին մի քանի տարի առաջ նման պատասխան էր տվել երիտասարդների 9%-ը։
Այսպիսով, նկատելի է, որ երիտասարդների դերը հանրային կյանքում մեծացել է։ Քանի որ կյանքի փոփոխություններն ավելի արագընթաց են դարձել, երիտասարդներն ավելի արագ են հարմարվում, ավելի ակտիվ են մասնակցում քաղաքացիական և քաղաքական գործընթացներին։ Մյուս կողմից՝ արժեքային կողմնորոշիչների բացակայությունը խանգարում է, որ երիտասարդները գաղափարապես հասունանան։
Սա նշանակում է, որ երկրները պետք է վերանայեն իրենց երիտասարդական քաղաքականությունը, որպեսզի ընթացիկ փոփոխությունները ոչ թե սրեն սերունդների կոնֆլիկտը, այլ այն ուղղեն կառուցողական նպատակների։
Այս համատեքստում անհասկանալի է Հայաստանի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության սպասվող օպտիմալացման հեռանկարը։ Շրջանառվող տարբերակներում ոչ մի նախարարության անվան մեջ չկա «երիտասարդություն» բառը։
Պարզ չէ, լինելու է երիտասարդության հարցերը համակարգող փոխնախարար կամ վարչություն։ Արդեն լուծարվել է նախարարության ենթակայությամբ գործող Երիտասարդական միջոցառումների կենտրոնը։ Տպավորություն է, որ կառավարությունը ցանկանում է ազատականացնել ոլորտի կառավարումը։ Սակայն իրավիճակը պահանջում է, որպեսզի Հայաստանում լինի կառույց, որը կկարողանա մշակել երիտասարդության ռազմավարություն։ Երիտասարդական քաղաքականության մշակման գործընթացում պետության մինիմալ միջամտությունը վտանգավոր կարող է լինել։ Մտածել, որ հասարակական կազմակերպությունները, բուհերը, քոլեջներն ի վիճակի կլինեն բարելավել երիտասարդների վիճակը, խաբեություն է։
Միայն պետական մակարդակով է հնարավոր ապահովել ոլորտային երկարաժամկետ քաղաքականություն։ Եթե համարում ենք, որ մինչև հիմա չի եղել այդ երկարաժամկետ քաղաքականությունը, ապա լուծումը դա ապահովելն է, ոչ թե երիտասարդական քաղաքականությունն ինքնահոսի մատնելը։