Բաժիններ՝

Գյումրիում լքված երկվորյակները դեռևս մանկատանն են և որևէ խնդիր չունեն. երկվորյակներին լքած մայրը նրանց ետևից դեռ չի եկել

2018թ. հոկտեմբերի կեսին Գյումրու Ֆրիտիոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության բակում պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերվել էր երկու նորածին տղաներ։

Օրեր անց պարզվել էր, որ նորածիններին նրանց մայրն էր թողել գիշերօթիկ դպրոցի մոտ և պատճառաբանել, որ սոցիալապես անապահով է և միայնակ մայր, ուստի նախընտրում է, որպեսզի երեխաների խնամքն անցնի պետության հոգածությանը։

Մայր հասցրել էր երեխաներին անվանակոչել Վահե և Վահան անուններով։

168.am-ը Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանից հետաքրքրվեց, թե երկվորյակ երեխաները շարունակում են մնալ մանկատա՞նը, թե՞ նրանց մայրն արդեն տարել է։

Կարդացեք նաև

«Երեխաները  մեզ մոտ են՝ մանկատանը, խնամվում են հավուր պատշաճի, առողջ մեծանում են, որևէ խնդիր չկա։ Ինչ վերաբերում է մոր կողմից երեխաներին տանելուն, ապա դա գործընթաց է, որը պետք է մայրն անցնի։ Նրա բնակության վայրի համապատասխան կառույցները պետք է տան այդ եզրակացությունը, որպեսզի երեխաները դուրս գրվեն, գնան ծնողի հետ բնակվելու, կամ դուրս չգրվեն։ Մենք որևէ եզրակացություն կամ գրություն չենք ստացել։ Փետրվարի ընթացքում տեղեկություն չեմ ստացել, որ մայրը եկել ու տեսակցել է երեխաների հետ»,- ասաց Լ. Գորգինյանը։

Նրա խոսքով՝ օրենքը նախատեսում է, որ, երբ մանկատնից ծնողը երեխային հետ է վերցնում, պետք է կատարվի ուսումնասիրություն՝ բնակության պայմանների և այլնի վերաբերյալ։

«Հատկապես այս պարագայում, երբ մայրը հրաժարվել է երեխաներից, պետք է լինի վերահսկողության մեխանիզմ՝ սոցիալական աջակցության տարածքային բաժնի կողմից, ծնողի հետ պետք է տարվի աշխատանք։ Ես չգիտեմ, թե այստեղ որ փուլին են հասել, քանի որ դա իմ մարզում չի կատարվում, և տեղյակ չեմ»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Հարցին, թե որքա՞ն ժամանակ կարող են երեխաներին որդեգրման չհաշվառել, Լիլիթ Գորգինյանը պատասխանեց,  քանի որ Սոցապ նախարարությունից ցուցում են ստացել, որ երեխաներին առայժմ չհաշվառեն, այդ պատճառով էլ սպասում են նախարարության ցուցումին։

«Եթե բոլոր աշխատանքները հաջողությամբ չպսակվեն, և երեխաների մայրը երեխաներին չտանի, ապա ցուցումը կստանանք և օրենքով սահմանված կարգով նրանց կհաշվառենք»,- շեշտեց Լ. Գորգինյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ երեխաներին տեսնելու համար հաճախ է այցելում մանկատուն. «Փարթամ, առողջ բալիկներ են։ Նրանց դիմում ենք իրենց անուններով՝ Վահե, Վահան։ Արտաքնապես փոքրիկները շատ տարբեր են, նմանություն չունեն, տարբերվող երկվորյակներ են»,- եզրափակեց Լիլիթ Գորգինյանը։

Ի դեպ, նշենք, որ երեխաներին որդեգրելու ցանկություն են հայտնել բազմաթիվ մարդիկ։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս