Գյումրիում լքված երկվորյակ եղբայրները շարունակում են մնալ քաղաքում
Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության հաստատության մոտ մոր կողմից պոլիէթիլենային տոպրակում լքված երկվորյակ եղբայրները շարունակում են մնալ Գյումրիում:
«Երեխաները հաստատությունում են, լավ են և առողջ: Նրանք առայժմ շարունակում են Գյումրիում մնալ»,- Շիրակի մարզպետարանում դեկտեմբերի 26-ին կայացած մարզային խորհրդի նիստի ժամանակ նշեց Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը:
Խոսելով բաժնի կողմից 2018 թվականին իրականացրած ծրագրերի մասին՝ պատասխանատուն փաստեց՝ 2018 թվականին երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող շուրջօրյա հաստատություն է տեղավորվել 7 երեխա, գիշերօթիկ խնամքի հաստատություն՝ 12: Հաստատություններից ընտանիք է վերադարձել 28 երեխա, 5-ը՝ հաստատությունների բեռնաթափման ծրագրով: ՀՀ կառավարության և «Առավոտ» ԲՀԿ-ի կողմից իրականացվող այս և հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելման ծրագրերով կանխարգելվել է նաև 55 երեխայի մուտքը: «Կարևորագույն խնդիր է հանրակրթությունից խուսափող և հանրակրթությունից դուրս մնացած երեխաների հարցը: Շարունակվում է հանրակրթությունից դուրս մնացած երեխաների տվյալների հավաքագրումը և վերլուծությունը:
2018 թվականին բացահայտված 35 դեպքի առնչությամբ իրականացվում են աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումներ: Ցանկանում եմ հատուկ նշել, որ այս թվի մեջ ամենաքիչ տոկոսը կազմում է սոցիալական պատճառով պայմանավորված դպրոց չհաճախելը, առավել տարածված է ծնողի ցանկությամբ հանրակրթության մեջ չներառվելը՝ առաջին դասարանում և ավագ դպրոցում: 2018 թվականին աշխատանքներ են տարվել իրավախախտ, վարքային խնդիրներ ունեցող, հակասոցիալական վարք դրսևորող 23 երեխայի հետ»,- նշեց Լիլիթ Գորգինյանը: 2018 թվականին կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 294 երեխայի տրամադրվել է վկայագիր: Բաժնի կողմից բազմամասնագիտական թիմերին ցուցաբերվել է անհրաժեշտ մեթոդական օգնություն, յուրաքանչյուր երեխայի համար լրացվել է անհատական սոցիալ-վերականգնողական ծրագիր: Հաշմանդամություն ունեցող երեխաները բաժնի կողմից ուղղորդվում են համապատասխան ծառայություններ տրամադրող կազմակերպություններ: 2018 թվականի ընթացքում հաշվառվել է 22 որդեգրողի թեկնածու և որդեգրման ենթակա 11 երեխա:
Արմենուհի Մխոյան