«Խաղաղությանը նախապատրաստվելը ենթադրում է կոնկրետ և մինիմալ գործողություններ». փորձագետ

«Դրական է, երբ ակտիվանում են խոսակցությունները խաղաղության մասին, բայց խաղաղությանը նախապատրաստվելը ենթադրում է կոնկրետ և մինիմալ գործողություններ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին և վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների կոշտացած հռետորաբանությանը, դրա հետևանքներին:

Վլադիմիր Եվսեևն արձանագրում է, որ դեռևս ռազմատենչ հռետորաբանություն չկա կողմերի մոտ, պարզապես նրանք վերահաստատել են կարգավորման գործընթացի վերաբերյալ իրենց ավանդական դիրքորոշումները, ինչը վերջին ամիսներին տեղի ունեցող ոչ պաշտոնական հանդիպումների պատճառով՝ թե՛ Ադրբեջանում, և թե՛ Հայաստանում կասկածի տակ էր հայտնվել հասարակության կողմից: Նրա խոսքով, Հայաստանում առավելապես, քանի որ իշխանությունները նոր են, ում դիրքորոշումը դեռևս լիովին պարզ չէ հասարակության համար:

«Իսկ մենք գիտենք, թե այս հակամարտության ուղղությամբ հակամարտող երկրների իշխանությունների դիրքորոշումը ներքաղաքական դաշտում որքան առանցքային նշանակություն ունի և որքան նուրբ հարց է հակամարտող երկրներում:

ՀՀ իշխանությունների դիրքորոշումն անորոշ էր, ինչը սկզբնական շրջանում ակնառու էր փորձագետների համար, այնուհետև սկսեց խնդիր դիտարկվել նաև հասարակության կողմից, ուստի ՀՀ իշխանությունները` վարչապետն ու նախարարը, վերահաստատեցին իրենց դիրքորոշումը և արձագանքեցին կարգավորման բանակցային գործընթացում հայկական կողմի քայլերի վերաբերյալ մի շարք մեղադրանքներին:

Ըստ իս, տեսնում ենք գործընթաց, որի ընթացքում քննարկվում են ինչ-ինչ կարևոր հարցեր, սակայն որոնք, ըստ իս, չեն ունենա դրական հետևանքներ, քանի որ չի երևակվում քաղաքական երկխոսություն, թեև ձեռք բերվեց օպերատիվ կապի համաձայնությունը, և միջնորդների հետ նախարարները համաձայնեցված աշխատում են: Քանի դեռ չկա քաղաքական երկխոսություն, որի ապացույցն այս հայտարարություններն են, ռազմական գործողությունների վերսկսման վտանգները շարունակում են պահպանվել:

Դրական է, երբ ակտիվանում են խոսակցությունները խաղաղության մասին, բայց խաղաղությանը նախապատրաստվելը ենթադրում է կոնկրետ և մինիմալ գործողություններ:

Ավելին` ռազմական ուժերի գերկենտրոնացումը շփման գծում` մի որոշ ժամանակ՝ շատ, մի որոշ ժամանակ՝ մի փոքր պակաս, ցույց է տալիս, որ դիրքորոշումը կողմերի չի փոխվել, այդ թվում` ռազմական մտադրությունները, քանի որ, որպես առաջին քայլ՝ ուղղված խաղաղության և ռազմական գործողությունների չվերսկսմանը, պետք է պակասեր շփման գծում տեխնիկայի կուտակումը, բայց դա տեղի չի ունեցել:

Այս պայմաններում լարվածության դեպքում օպերատիվ կապի համաձայնությունն անզոր կլինի որևէ օգուտ տալ իրավիճակին, քանի որ ինքնին կանխարգելիչ քայլ կլիներ նշածս գործողությունը: Իսկ քանի դեռ դա չկա, ցանկացած հայտարարություն, նույնիսկ դրական տոնայնությամբ, հռետորաբանություն է թվալու առանց հիմքի: Եթե կողմերից յուրաքանչյուրը զիջումների մասին խոսելու հերթը փոխանցում է մյուսին, ոչ մի կողմ չի պատկերացնում զիջում, ապա կարելի է ենթադրել, որ տեղի ունեցողը մտքերի փոխանակում է, որտեղ փոփոխությունների հեռանկար չի երևում»,- ասաց Եվսեևը:

Տեսանյութեր

Լրահոս