Բաժիններ՝

Երեք կարևոր հարց

Կար-չկար մի թագավոր, ով ձգտում էր իմաստության: Մի օր նա լսեց, որ մի ճգնավոր կա, ով գիտե բոլոր հարցերի պատասխանները: Թագավորը գնաց նրա մոտ և տեսավ մի հողը փորող ծերունու: Նա ձիուց իջավ և խոնարհվեց իմաստունին՝ ասելով.

– Եկել եմ քեզանից երեք հարցի պատասխան ստանալու. ո՞վ է աշխարհի ամենակարևոր մարդը, ո՞րն է կյանքում ամենակարևոր գործը, ո՞րն է մարդու կյանքում ամենակարևոր օրը:
Ճգնավորը չպատասխանեց, այլ շարունակեց գործը: Թագավորը սկսեց օգնել նրան:

Հանկարծ տեսավ, որ ճանապարհով գնում է մի մարդ՝ դեմքն արյունոտ: Թագավորն իսկույն դադարեցրեց աշխատանքը, բարի և կարեկից խոսքերով մխիթարեց վիրավորին, առվից ջուր բերեց, լվաց և վիրակապեց նրա վերքերը: Ապա ճամփորդին տարավ ճգնավորի քողտիկը և պառկեցրեց՝ հանգստանալու և ապաքինվելու:

Առավոտյան նա ճգնավորին տեսավ կրկին հողը փորելիս:
– Ճգնավոր, մի՞թե չես պատասխանելու իմ հարցերին, – տարակուսեց թագավորը:
– Ինքդ արդեն տվեցիր դրանց պատասխանը, – ասաց ճգնավորը:
– Այդ ինչպե՞ս, – զարմացած հարցրեց թագավորը:
– Տեսնելով ծերություն ու տկարությունս, խղճացիր ինձ և օգնության ձեռք մեկնեցիր: Հողը փորելիս ես քեզ համար ամենակարևոր մարդն էի, և ինձ օգնելը քեզ համար ամենակարևոր գործն էր: Հետո հայտնվեց վիրավոր ճամփորդը, և նրան օգնելը դարձավ ամենակարևոր գործը: Ուրեմն, ամենակարևոր մարդը նա է, ով տվյալ պահին քո օգնության կարիքն ունի:

Իսկ ամենակարևոր գործն այն բարի գործն է, որն անում ես, – բացատրեց ճգնավորը:
– Լավ, հիմա կարող եմ պատասխանել երրորդ հարցին. ո՞րն է մարդու կյանքում ամենակարևոր օրը: Ամենակարևորն այսօրվա օրն է, – պատասխանեց թագավորը:

«Ինչ էլ անես կյանքում, կլինի աննշան, բայց չափազանց կարևոր՝ անելու համար»: (Մահաթմա Գանդի)
«Արա, ինչ կարող ես, նրանով, ինչ ունես, և այնտեղ, որտեղ գտնվում ես»: (Թեոդոր Ռուզվելտ)

Անգլերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս