Փողն էժանացավ
Տնտեսական կյանքի անհողմությունը, մեղմ ասած, ձանձրալի է: Միակ մխիթարությունը տնտեսական առաջընթացի մեծ ու փոքր խոստումներն են: Հարկային օրենսգրքի փոփոխությունից մինչև ներդրումների հնարավոր տարափ: Բայց սրանք բարի ցանկությունների շարքից են: Ցավոք: Ու` ափսոս: Իսկ անցնող շաբաթվա ամենակարևոր տնտեսական տեղեկատվության հեղինակը Կենտրոնական բանկն էր: ԿԲ խորհրդի նիստը քննարկել էր ֆինանսատնտեսական վիճակը և որոշել վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0,25 տոկոսով (կամ` 0,25 կետով` ինչպես իրենք են նշում): Ինչո՞ւ է սա կարևոր. հարցը պարզ պատասխան ունի: Փողը՝ որպես ապրանք, իր գինն ունի: Փողի գնի որոշման հարցը կարգավորվում է ԿԲ-ի կողմից` վերաֆինանսավորման դրույքաչափը սահմանելով:
Եթե դրույքաչափը բարձրանում է, ապա տնտեսության համար վարկերը «թանկանում» են: Հետևաբար՝ պակասում են վարկ վերցնողները, ինչը հանգեցնում է տնտեսական աճի դանդաղեցմանը կամ ճգնաժամի: Թույլ տնտեսական համակարգերում վերաֆինանսավորման տոկոսադրույքն էական ազդեցություն ունի տնտեսության վրա: Վերջին տնտեսական ճգնաժամի շրջանից Եվրամիության երկրներում վերաֆինանսավորման դրույքաչափ չի սահմանվում` այն 0-ական է:
Նույն ժամանակաշրջանում ԱՄՆ-ում դրույքաչափը տատանվում է 1-1,25 տոկոսի չափով: Այս ցուցանիշը, կոպիտ ձևակերպմամբ, որոշակի սահման է` տնտեսության (ու ընդհանրապես) վարկավորման տոկոսադրույքի ներքին սահման:
Այսինքն՝ երկրի ԿԲ-ները մի թիվ են նշում՝ գործող բանկերին արգելելով դրանից ցածր տոկոսադրույքով վարկ տրամադրել իրենց հաճախորդներին: Թույլ ֆինանսատնտեսական համակարգ ունեցող երկրների ԿԲ-ները սովորաբար բարձր տոկոսադրույք են նշում-պարտադրում՝ դրանով փորձելով կանխել ցնցումները թե՛ ֆինանսական ոլորտում ընդհանրապես, թե՛ բանկային ոլորտում` մասնավորապես: Ռուսաստանի պարագային այս տոկասադրույքը հիմա 7,75 տոկոս է: Վրաստանում գործող տոկոսադրույքը մի փոքր ավելի ցածր է` 7,25 տոկոս: Երեք-չորս տարի առաջ երկրի բանկային ճգնաժամի տարիներին Ադրբեջանում վերաֆինանսավորման տոկոսադրույքը «հասավ» 15 տոկոսի ցուցանիշի:
Բնականաբար, դա (փողի թանկացումը) մի կողմից՝ հնարավորություն տվեց կանխել բանկային համակարգի փլուզումը: Բայց մյուս կողմից՝ կանխեց նաև տնտեսական աճն ու զարգացումը: Տնտեսության ֆինանսական սովը հաղթահարելու համար անցած տարի տոկոսադրույքը չորս անգամ նվազեցվել է: Նախ` փետրվարին տոկոսադրույքը 15-ից իջավ 13-ի, ապա ապրիլին`13-ից 11-ի, հունիսին՝ 11-ից 10-ի: Հոկտեմբերին արդեն տոկոսադրույքի անկման տեմպն ինքը կտրուկ նվազեց՝ 10 տոկոսի փոխարեն՝ սահմանվեց 9,75: Բայց միևնույն է՝ այս ցուցանիշն ամենաբարձրն է տարածաշրջանում:
Մեր ԿԲ որոշմամբ՝ այս շաբաթ տոկոսադրույքը 0,25 տոկոսով նվազելով՝ դարձավ 5,75: Փաստորեն, մեր երկրում այս ցուցանիշն ամենացածրն է տարածաշրջանում: Հետևաբար՝ կարելի է պնդել, որ տնտեսության զարգացման տեսանկյունից մենք ավելի շահեկան դիրքում ենք: Կարելին, իհարկե, կարելի է: Բայց տնտեսագիտությունը, մեղմ ասած, ճշգրիտ գիտություն չէ: Երկրորդ, եթե հիշում եք՝ արևմտյան երկրների ու ԱՄՆ-ի ցածր տոկոսադրույքների օրինակը բերելիս՝ նշեցի, որ այդ երկրների ֆինանսական իշխանությունները տոկոսադրույքը նվազեցրին ճգնաժամի հետևանքով և այդ ճգնաժամը հաղթահարելու նպատակով:
Մեր ԿԲ խորհուրդն իր որոշման պատճառը հիմնավորելիս անկեղծ է: Այնտեղ արձանագրված է, որ «Տնտեսական ակտիվությունը շարունակում է դեռևս թույլ մնալ»: Այսինքն՝ ԿԲ-ն, որի վրա օրենսդրությամբ որոշակի տնտեսական պարտավորություններ են դրված, որոշել է հնարավորիս ավելացնել զարգացման ֆինանսական հնարավորությունը: «Բայց ինչո՞ւ այդքան համեստ` 0,25 տոկոսի չափով» հարցը պարզ պատասխան ունի: Նույն ԿԲ-ի վրա դրված օրենսդրական ամենաիմպերատիվ պարտականությունը գնաճը զսպելն է: ԿԲ խորհրդի տեքստում չի թաքցվում, որ գնաճի ցածր տեմպն է իրենց նման որոշում ընդունելու հնարավորություն տվել: Որպես մեկ այլ պատճառ էլ՝ նշված է համաշխարհային տնտեսության տեմպի դանդաղումն ակնկալվածից:
Ահա այսպիսի հակասական իրավիճակ: Մի կողմից՝ կարելի է ուրախանալ, որ սկսվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազման գործընթաց, մյուս կողմից՝ պետք է արձանագրել, որ դա տնտեսական ակտիվության թույլ լինելու պատճառով է պայմանավորված: Այ սա` ԿԲ խորհրդի ընդունած որոշման մեջ արձանագրված փաստը, ոչ մի կերպ չի համընկնում մեր իշխանությունների տնտեսական խրոխտ (հեղափոխական, թռիչքաձև և այլն) զարգացման հայտարարվող հեռանկարների հետ:
Այդ հայտարարություն-հեռանկարները նյութական իմաստով առայժմ տեսանելի չեն: Գուցե այն պատճառով, որ խոստումները շատ են գերազանցում մեր հնարավորությունները: Ո՞վ իմանա: