«Գազը մեզ համար դարձել է քաղաքական հարց, մենք այդտեղ տանուլ ենք տվել ամեն ինչ…»

«Հասարակական պաշտպանների միություն» ԻԱՄ նախագահ, կառավարման փորձագետ Արամ Գրիգորյանը գտնում է, որ գազի խնդիրն իրականում քաղաքական է դարձել, քանի որ Հայաստանը չունի սեփական ռեսուրս և պետք է ներմուծի այն։ 168.am-ի հետ զրույցում Ա. Գրիգորյանը նշեց, որ այդ խնդիրը քաղաքական է դարձնում նաև ոլորտի մենաշնորհային լինելը։

«Հիմնական խեղդող խնդիրը հենց այդ մենաշնորհն է։ Սա ես տնտեսական մենաշնորհ չեմ համարում, սա քաղաքական մենաշնորհ է, որովհետև ունենալ պայմանագիր, որով երկիրը սահմանափակում է իր բոլոր իրավունքները և այդ իրավունքները տրամադրում է մեկ այլ երկրի, սա քաղաքական մենաշնորհ է։ Եվ մտածել հնարավորություն՝ այս մենաշնորհը վերացնելու, Հայաստանի Հանրապետության այսօրվա իրավիճակում բավական դժվարություններ կան»,- ասաց Ա.Գրիգորյանը՝ հստակեցնելով, որ խոսքը 2013 թ. հայ-ռուսական գազային պայմանագրի մասին է, որը սահմանում է, որ ՀՀ-ն գազի ներկրում կարող է իրականացնել միայն ու միայն Ռուսաստանից, և որը գործելու է մինչև 2043 թ. դեկտեմբեր։

Ըստ նրա՝ նախքան այդ պայմանագիրն էլ արդեն ՀՀ-ում մենաշնորհ կար, քանի որ, չգիտես ինչու, պետությունն իր գազի ամբողջ համակարգը տվել էր այլ երկրի կազմակերպության, և այսօր գազի մասով որևէ համակարգ ՀՀ քաղաքացիների սեփականությունը չէ, և Հայաստանը զրկված է այլ պետությունից գազ ներկրելու հնարավորությունից։ Ա.Գրիգորյանի կարծիքով՝ իշխանափոխությունից հետո, երբ հայտարարվեց նոր լավ երկիր կառուցելու մասին, ինչը պետք է արվի հեղափոխական ճանապարհով, պետք է հայ-ռուսական գազային պայմանագիրը վերանայելու հարց դրվի։ Լուծումներից մեկը, ըստ նրա, կարող է լինել համակարգը ետ գնելը։ Նա նշեց, որ հարցն ուսումնասիրման կարիք ունի։

«Սա այն գործիքն է, որը մեզ փրկելու է անընդհատ գազի քաղաքական այս վիճակից։ Մենք պետություն ենք կառուցում և պետք է կարողանանք այնպիսի գործիքները ստեղծել, որ կարողանանք պետության ճկունությունն ապահովել»,- ասաց Ա.Գրիգորյանը՝ հույս հայտնելով, որ կառավարությունն իր ծրագրում կանդրադառնա այս ռազմավարական խնդիրներին։

Փորձագետը հատուկ ուշադրություն հրավիրեց բնական մենաշնորհների ոլորտը կարգավորող կառույցի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վրա, որի հիմնական գործառույթը ծառայություն մատուցողների և սպառողների, տվյալ դեպքում՝ գազ տվող և գազ սպառող կողմերի շահերի հավասարակշռումն է։ Սակայն, նրա համոզմամբ, ՀԾԿՀ-ն չի իրականացնում իր հիմնական գործառույթն ու նպատակը, օրինակ՝ չի ընդդիմացել գազատար խողովակաշարը ռուսներին հանձնելու հարցում, դրա վերաբերյալ սպառողների կարծիքը չի հարցրել. «Եթե այդ գործառույթն իրականացներ, հավատացեք, այդ համակարգը ռուսական կողմին չէր գնալու, և մենք այսօր կունենայինք այլընտրանքային երկրորդ ճանապարհ և քաղաքական այսպիսի մենաշնորհային վիճակում չէինք գտնվի, ինչպիսի վիճակում գտնվում ենք»։

Նա զարմանք արտահայտեց, թե հայկական պետությունն ի՞նչ է բանակցում ռուսական պետության հետ գազի շուրջ։ Նման խնդիր, ըստ նրա, հայկական պետությունը չունի, որովհետև Ռուսաստանն ինքը խնդիր ունի իր ապրանքը վաճառելու, ՀՀ տարածքում ունի համակարգ, որով այդ ապրանքը հասցնում է գնորդին. «Սահմանին կոչված գին գոյություն չունի։ Դա գոյություն ուներ այն ժամանակ, երբ Հայաստանն ուներ համակարգ, որի համար սահմանի վրա գին էր սահմանված, և այլևս որևէ մեկը գործ չուներ դրա հետ, ինքն էր իր ներքին կարգավորումն իրականացնում։

Հիմա միասնական ռուսական համակարգ է, որը մեզ գազ է տալիս և վաղը հանգիստ կարող է ասել՝ չեմ տալիս։ Եվ սա գազի քաղաքական հիմքն է, որովհետև Հայաստանը հիմա հայտնվել է մի իրավիճակում՝ չունենալով գազ, ունենալով քիչ էներգակիր համակարգեր, որոնց միջոցով չի կարողանում իր սպառումն իրականացնել, քաղաքական թելից կախված է մի կողմի հետ, որը Հայաստանում ունի քաղաքական շահեր։ Հիմա մենք պետություն ենք, այդ մարտահրավերը զգացել ենք, ի՞նչ ենք արել դրան դիմակայելու համար»։

Այս պայմաններում, Ա.Գրիգորյանի կարծիքով, ՀՀ իշխանությունները պետք է մտածեն գազային մենաշնորհը վերացնելու ուղղությամբ, հակառակ դեպքում խնդիրը մշտապես կրկնվելու է, նաև պետք է ուսումնասիրել ՀՀ էներգետիկ բազան՝ այլընտրանքային աղբյուրների զարգացման համար. «Գազը մեզ համար դարձել է քաղաքական հարց, մենք այդտեղ տանուլ ենք տվել ամեն ինչ, մենք կա՛մ մեր տանուլ տվածը պետք է փրկենք՝ որպես պետություն, կա՛մ եթե չենք կարողանում փրկել, այլընտրանքային ճանապարհը պետք է ռազմավարություն դարձնենք ու գնանք այդ ճանապարհով։ Եվ թող չասեն՝ չենք կարող, և թող չասեն՝ փող չկա։ Եթե չեն կարող, դա չի նշանակում, որ հայ ժողովուրդը չի կարող։ Չի կարողանում իշխանությունը։ Երբ իշխանությունը խնդիր է դնում ու չի կարողանում, հանգիստ հեռանում է, ու գալիս է մեկ այլ՝ կարող իշխանություն»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս