«Ավանդական արժեքներով ապրող սովորական հայ տուն ենք եղել…». Տիգրան Մանսուրյան
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանի առիթով նշանավոր երաժշտի հետ զրուցում է «Արմենպրես»-ի խմբագիր Հովհաննես Այվազյանը:
«Երաժշտություն գրելն ինձ համար գործ չէ։
Ինքնարտահայտման միջոց էլ չէ։ Ես եմ։ Ես ապրում եմ…»
Տ. Մ.
– Պարոն Մանսուրյան, «Արմենպրես»-ի հազարավոր ընթերցողների՝ ձեր երաժշտության երկրպագուների անունից շնորհավորում եմ ձեզ ձեր հոբելյանի առթիվ։ Փորձենք թերթել նշանակալից իրադարձություններով հագեցած ձեր կյանքի ամենակարևոր էջերը և որոշ չափով գնահատել, ի մի բերել արվածն ու անելիքը, ապրվածն ու դեռ ապրվելիքը… Կարո՞ղ ենք հայրենադարձությունը համարել ձեր մանկության գլխավոր իրադարձությունը` թեկուզ և ոչ միանշանակ. մի կողմից` ընտանիքի վերադարձը հայրենիք, պատմական արմատներին, մյուս կողմից` խաղաղ, տաք, ընտել Բեյրութից հետո ետպատերազմյան կիսասոված, սառնաշունչ Արթիկ, Պեմզաշեն…
– 47 թվի աշնան վերջին ընտանյոք հայտնվեցինք Արթիկի շրջանի Պեմզաշեն գյուղում… Ձյուների միջով հասա դպրոց։ Բոլոր կողմնորոշումները կորցրած մոլոր տղա էի, մինչ այդ ոչ ձյուն էի տեսել, ոչ ետպատերազմյան սով, ոչ խուլ գյուղ ու այդքան անծանոթ միջավայր։ Մոտեցա դպրոցի միահարկ շենքին։ Գլխահակ։ Ոտք դրեցի սանդղահարթակի առաջին աստիճանին, երկրորդին, երրորդից հետո հարթակն էր և դպրոցի միջանցք տանող դուռը։ Մտա ներս։ Երբ աչքերս սովորեցին մթությանը՝ միջանցքի աջ ու ձախ պատերին տեսա ուրիշ տեսակ մարդկանց մեծադիր դիմանկարներ։ Ենթադրում եմ, որ Մաշտոցն ու Աբովյանը, Պուշկինն ու Թումանյանը և նրանց նմաններն էին…
Մի քանի վայրկյան հետո հայացքս իջեցրի նրանց դեմքերից և չեմ կարող գոյացած զգացումս հետագա կյանքի ծրագիր համարել, բայց այդ պահը եղավ դեպի այդ ուրիշ տեսակ մարդկանց աշխարհը ձգտելու սկիզբ։ Դա փառքի հասնելու ճամփան բռնել չէր, դա ինձ համար ելք էր դաժան իրականությունից, որում հայտնվել էի։ Այս դրվագը մշտապես ինձ հետ է, կյանքիս այս մի քանի վայրկյանները չափազանց հստակ եմ հիշում, և դրանք կարող են արթնանալ իմ մեջ ուզած ակնթարթի։
Այդ օրից անցած յոթանասուն և ավելի տարիների իմ բարձունքից միստիկ այդ պահը ներկայանում է ինձ իբրև անքննելի ու առեղծվածային մի խորհուրդ։ Երկար ու ձիգ տարիների անցնելիք ճանապարհիս առաջին քայլը պիտի դառնար դա՝ ճակատագրի պես որոշակի, վերևից իջած պայծառացում իբրև։ Դպրոցի միջանցքի այդ մի քանի միստիկ վայրկյանները իմ ամեն օրն են, երբ արթնանում եմ Կոմիտասի, Չարենցի և այն աշխարհում ապրող՝ ինձ հոգեհարազատ մյուս անունների հետ… Եվ ամեն օրս սկսվում է այս ընտանիքի հետ հարաբերվելու պայմանով։
– Ձեր առաջին շփումը երաժշտության հետ: Դուք հաճախ եք կրկնում, որ նախնական երաժշտական կրթություն չունեք, նոտաներ, սոլֆեջիո, մասնագիտական տարրական գրագիտություն սովորել եք ինքնուրույն: Այնուհետև՝ Լենինականի երաժշտական ուսումնարան, Երևանի Ռ. Մելիքյանի անվ. երաժշտական ուսումնարան, Կոմիտասի անվ. կոնսերվատորիա… Ինչպե՞ս ծնվեց կամ արթնացավ սերը դեպի երաժշտությունը:
– Շատ փոքր էի, բեյրության մեր բակից դուրս էի գալիս փողոց, գնում նպարեղենի խանութ։ Ճանապարհին դրացիներից մեկի պատուհանն էր, և այնտեղից հորդում էր ռադիոյով հնչող երգը։ Ես անցնում էի այդ երգի միջով։ Մի քանի քայլ հետո հաջորդ պատուհանն էր, այստեղից ուրիշ երգի հնչյուններ էին գալիս դեպի ինձ։ Այսպիսով, մինչև խանութ հասնելս մի երգից մյուսն էի մտնում։ Ետ գալս էլ երգի ճանապարհ էր։ Այդ երգերից մի քանիսը մինչև հիմա հիշում եմ՝ մեղեդիներով, բառերով։ Մեր տանն էլ երգ կար։
Հայրս այն տարիների Բեյրութի հայկական հավաքատեղիներում, դրացիների հավաքներում մշտապես սիրված երգեցիկ ձայնն էր։ Մեր ընտանիքի վեց անդամներով մենք միշտ ապրել ենք երաժշտության ներսում՝ տանը երգելով, դրսում ուրիշների երգը լսելով։ Այսպիսի տևական հավատարմություն մենք մեր տանը մեկ էլ ունեցել ենք հայերենի՝ հայոց լեզվի նկատմամբ։ Հետո գալիս էին տոկալը, հումորը, պարտականություններին, աշխատանքին տրվելը։
Ավանդական արժեքներով ապրող սովորական հայ տուն ենք եղել։ Եվ այստեղ երաժշտությունը ապրվող կյանքի թևակից ընկերն էր՝ նախաստեղծ և ոչ դրսից հայտնված։ Ինչպես որ մենք՝ վեցս, իրար էինք սիրում, այդպես էլ վեցով երաժշտությունն էինք սիրում։ Ես հիմա էլ կարող եմ երգել մորս՝ ինձ երգած օրորոցայինը, և այդ մեղեդին հիմա էլ է հուզում ինձ, երբ ներքին լսողությամբ էությանս է հասնում մորս ձայնով հնչող «Քնի՜ր, մանկիկ, քնի՜ր…» բառերի հետ… Շատ հուզիչ է… Օ՜ֆ…
– «Երաժշտություն գրելն ինձ համար գործ չէ։ Ինքնարտահայտման միջոց էլ չէ։ Ես եմ։ Ես ապրում եմ…»։ Գրեթե քառասուն տարի առաջ այսպես եք ասել ձեզ հետ վարած իմ զրույցում։ Եթե այսօր նորից տայի, ինչպե՞ս կպատասխանեիք «Ինչ է ձեզ համար երաժշտությունը» հարցին։
– Երաժշտության հետ ապրելու այս երկար տարիների ընթացքում ես նրանից այնքա՜ն բան եմ սովորել։ Սովորել եմ ինձ հայտնաբերել… Սովորել եմ ինձ հայտնաբերել շերտ-շերտ, հնարավոր հստակությամբ ճանաչել դեպի հնչյունների արվեստ եկող մարդկային որակները, դրանց ներսի կայունը, ամուրը, փխրունը, զուսպը, պարկեշտը և այս կարգի բաներ։ Դրանք գործի սկզբում մարմին են առնում մի բուռ հնչյունների հարաբերությունից՝ հասնելու մինչև դրամատուրգիական կառույց և կոմպոզիցիոն ամբողջություն։ Այս արժեքների մարդկային խորհուրդն ինձ համար առավել ճանաչելի է դարձել, երբ ձգտել եմ հասնել իրենց ձևակերպմանը երաժշտության մեջ։ Եթե կուզեք, կյանքի հայելի և մարդաբանության դասագիրք է երաժշտությունը, որ շարադրել են Արևելքի և Արևմուտքի դասականները, մեր եկեղեցու ծառաները… Եվ երբ իմ ապրող լռության ապակուն խազագրում եմ իմ իմացած մարդաբանությունը, գնում եմ ինքնաճանաչման ճանապարհով՝ մարդ ճանաչելու ճանապարհով… Մի ուրիշ անգամ կքննարկենք նաև գեղեցիկի հարցեր…
– Ո՞րն եք համարում ձեր առաջին լուրջ ստեղծագործությունը. «Պարտիտա՞ն», արդյոք, որ գրել եք մոտ հինգուկես տասնամյակ առաջ՝ ուսանողական տարիներին, Քուչակի խոսքերով գրված չորս հայրե՞նը (1967)…
– Թող ժամանակն ու ունկնդիրը որոշեն։ «Պարտիտան» կարևոր ծնունդ եղավ ինձ համար։ Երկու տարի հետո «Չորս հայրենները» ծնվեցին։ Նվագախմբային այն գործում ուրիշ՝ համադրումներից, սինթեզումներից եկած կարողություններ հայտնվեցին, հայրենները այլ էին։ Այնտեղ հոծ հնչողություն պարունակող նվագի եռանդն էր, հայրեններում՝ հայերենի թանձր ու շլացուցիչ հնչերանգները։ Վերջերս աչքովս ընկավ Իսահակյանի մի գրառումը, ահա այն. «Հայոց լեզուն առնական է շնորհիվ իր շատ բաղաձայնների»։ Ի՜նչ խորը խորհուրդ հայերենի մեջ ապրող երաժշտի համար։ Ո՜ւր էր, թե մեր երգիչ-երգչուհիներից ոմանք իրենց երգեցողության մեջ բաղաձայններ հստակ արտաբերել, պայթեցնել կարողանային՝ արդյունքում կայացնելու համար հայոց լեզվի առնականությունը։
– Մաեստրո, ձեր գործունեության մեջ բավական հաճախ եք դիմել հայ և համաշխարհային գրականությանը: Վոկալ շարքեր եք գրել Շնորհալու, Թումանյանի, Իսահակյանի, Տերյանի, Չարենցի, Լորկայի, Կ. Զարյանի, Դավոյանի, այլ հեղինակների բանաստեղծությունների հիման վրա, բալետ` ըստ Անդերսենի «Ձյունե թագուհի» հեքիաթի: Ավստրալիայում կայացած քրիստոնյաների համաշխարհային վեհաժողովի օրհներգի (լատիներեն) հեղինակն եք, դարձյալ լատիներեն տեքստով հեղինակել եք արդեն միջազգային ճանաչման արժանացած «Ռեքվիեմը»… Ինչպես տեսնում ենք, գրականության հետ ձեր կապն առ այսօր ամուր եք պահում ոչ միայն որպես սոսկ մոլի ընթերցասեր:
– Բանաստեղծություններ սկսել եմ գրել դեռևս երկրորդ դասարանում։ Թող ներվի ինձ ասել՝ այդ վատ սովորությունը տևեց մինչև 1969 թվականը, երբ արդեն երեսուն տարեկան էի։ Այդ տարիներին երաժշտություն գրելու ճանապարհը ես անցնում էի մեծ հաղթահարումների գնով։ Եվ մի օր ինքս ինձ ասացի. «Քո բանաստեղծություն գրելը վայրկենական բռնկումի արդյունք է, արագ գրում ես ու ասում՝ եղա՛վ»։ Այդ օրն, ուրեմն, ինքս ինձ ասացի. «Հաղթահարելու դիմադրությունը, որ անցնում ես երաժշտություն գրելիս, քո տարիքի տղաներն անցնում են բանաստեղծություն գրելիս։ Դու վերջ տուր այդպես հեշտորեն բանաստեղծելու «վատ սովորույթին», այդ գործը թող անեն նրանք, ովքեր կարող են նույն բանաստեղծության քանի՜-քանի տարբերակներ ստեղծել, ինչպես դու այդ անում ես երաժշտություն գրելիս։ Ուրեմն, թող իրենք էլ այդ բանաստեղծությունը գրեն. իսկ դու քո գործն արա»։ Այսպես ես պատռեցի բոլոր բանաստեղծություններս և ազատվեցի դրանցից ու այլևս չվերադարձա այդ աղտոտ գրամոլությանը։
Գիրքը միշտ է ձեռքիս։ Իրոք, մոլի ընթերցող եմ եղել ամբողջ կյանքում։ Փոքր տարիքիս գիշեր էի լուսացնում գեղարվեստական գրքի վրա, հետո հարբածի նման գնում էի դպրոց։ Ոչ միայն ընթերցանության հանդեպ իմ սերն էի վայելում, այլև սիրում էի ապրել գրքի իրականության մեջ։
Ռուսաց լեզուն բավական ուշ սովորեցի։ 17 տարեկանում ընդունվեցի Երևանի Ռ. Մելիքյանի անվ. երաժշտական ուսումնարան և հայտնվեցի իմ տարիքի ռուսախոս տղաների, աղջիկների շրջապատում։ Այն տարիների երաժշտական աշխարհում ընդունված, գործածական լեզուն ռուսերենն էր։ Երաժշտության մասին հայերեն լեզվով չորս-հինգ գիրք կար ընդամենը։ Հարկադրված էի ռուսերեն սովորել։ Հեմինգուեյի հատորը ծայրեծայր կարդացի՝ տեղ-տեղ հասկանալով, տեղ-տեղ կռահելով, ավելի շատ չհասկանալով։ Այս ձևով իմ առաջ սկսեցին հետզհետե բացվել ռուսերենի դռները։ Անգլերենին, ցավոք, չհասա։ Շատ էի կարդում օտարերկրյա գրողներին։ «Ինոստրաննայա լիտերատուրա» գրական ամսագրի երկար տարիների հավաքածու ունեի։ Համեմատաբար վերջերս հայտնաբերեցի, որ Չեխովի վրայով հապճեպ եմ անցել։ Ինքս ինձ ասացի. «Չի կարելի այն աշխարհ գնալ առանց պատշաճ մակարդակով Չեխով իմանալու»։
Հիմա գիտեմ, թե այսօր ինչ սուր վեճ կա սովետական չեխովագիտության և ներկայիս չեխովագիտության միջև։ Մայնցում ապրող այն աղջիկը, որի մոր հետ մտերիմ էինք, այդպես էլ նկուղային հարկից դուրս չեկավ, երբ ես ու կինս այցելում էինք իրենց տուն։ Մայրն ասում էր՝ կարդում է, ամեն գիրքը երկու և ավելի անգամ պիտի կարդա։ Այդպես էլ չտեսածս աղջկա հանդեպ խոր հարգանքի զգացում ունեմ։ Հիմա հազվադեպ է պատահում, որ գիրքը մեկ անգամ կարդալով բավարարվեմ։
Հայերենը սիրում եմ այնքան, որ երբեմն ասում եմ. «Ես հայոց լեզվի երաժիշտն եմ»։ Քիչ առաջ ասացի, որ քուչակյան հայրեն երգել եմ դեռ ուսումնառության տարիներիս։ Մինչև հիմա ինձ հետ է այն տարիների հաճույքը, որ վայելում էի հայրենների շեշտադրության ու բաղաձայնների զրնգունությունից։ «Քանի քո քովեդ գնացի…»։ Տես, է, ի՜նչ ք-եր են՝ քարերի պես վերևից թափվող»։ Դրանք տուֆ քարեր չեն, որձաքարեր են։ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթաշարից տասնչորս աղոթքը կարողացա երաժշտություն բերել, մնացյալ տասը, չգիտեմ, պիտի կարողանա՞մ գրել, Բաղդասար Դպիրը մեծ բավականությամբ երգեցի։ Պիտի ուզեի նրա բանաստեղծությունից եկած երգերի թիվն ավելի մեծ լիներ իմ ձայնադարանում։
Թումանյանի վեց բանաստեղծությունները խմբերգերի շարք դարձան։ Ունեցել եմ Տերյանի հետ ապրելու տարիներ, իրենից վեց բանաստեղծություն երգեցի։ Իսահակյանին շատ ուշ հասա։ Ամենից շատ կապվեցի Չարենցի հետ։ Նրա բանաստեղծությունների հիման վրա գրված իմ մեներգերի և խմբերգերի շարքը մի ամբողջ համերգի ծրագիր կարող է լինել։ Տևական շփումներ ունեցա մեր արդի գրողներից շատերի հետ։ Անմոռանալի են շփումներս Կոստան Զարյանի հետ. նրա բանաստեղծություններով մի քանի գործ եմ գրել։
Տարված եմ եղել Սևակով, քանի՜-քանի անգամ փորձել եմ երգել իր բանաստեղծությունը… այդ չեղավ ու չեղավ։ Ես ուզում էի իմ երգելը, իր բանաստեղծությունը չէր ուզում։ Մի օր էլ մտածեցի. «Երևի, իմ այս անկարողությունը նրանից էր, որ նրա բանաստեղծությունը չափազանց է արու, դեպի երգեցողություն չբեկվող»։ Շատ մոտ էի Համո Սահյանի հետ (վկա ես)։ Աղայան փողոցի երկու կողմում դիմաց-դիմաց կանգնած են մեր շենքերը։ Հինգերորդ հարկի իմ պատշգամբից հայացքս գնում է հինգերորդ հարկի իր պատշգամբին՝ ես կամ, ինքն ահա արդեն քանի տարի չկա։ Իր հետ «Մայրամուտի երգեր» խորագրով շարք արեցի՝ չորս երգից բաղկացած։ Լսել, հավանել էր այդ երգերը, ինչի մասին մի գրություն էլ թողել է։ Այդ երգաշարը նվիրեցի քրոջս՝ Արաքս Մանսուրյանին, որն այն տարիների իմ երգերի լավագույն կատարողը եղավ։
Այսօրվա մեր գրողներից շատերին գիտեմ ու ոմանց շատ եմ սիրում։ Նրանց հետ ավելի մոտ ընկերություն կանեի, բայց իրենք, մտածում եմ, իրենց երամի թռչուններն են, ես այնտեղ չկամ։ Երևանում այսօր ապրող երիտասարդ տարիքի երաժիշտների՞ն եմ ավելի սիրում, թե գրականության տղաներին, աղջիկներին՝ չգիտեմ։ Երբեմն ինձ թվում է պատանեկության տարիներին բանաստեղծություններ հորինող այն տղան դեռ իմ մեջ է և հետևում է հիանալի բանաստեղծություններ գրող այսօրվա տղաներին, աղջիկներին։
Այս օրերին նշվելու է իմ 80-ամյակը, հոբելյանի կազմակերպիչներին ասել եմ. «Իմ ակնկալիքը համերգային երկու երեկո է. մեկը Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա գրված խմբերգերով ու մեներգերով, մյուսը՝ Եղիշե Չարենցի բանաստեղծությունների հիման վրա գրված խմբերգերով ու մեներգերով։ Մնացածը ձեր որոշելիքն է»։
– Ձեր գրեթե յուրաքանչյուր նոր ստեղծագործություն երևույթ է դառնում առաջին անգամ հնչելուց անմիջապես հետո: Ընդ որում, այսպես է ոչ միայն լուրջ երկերի դեպքում, այլև մանկական երաժշտության, կինո և թատերական երաժշտության պարագայում: Եվ, այնուամենայնիվ, կարո՞ղ եք անվանել ձեր լավագույն մեկ-երկու գործը` ձեր իսկ գնահատմամբ և հակիրճ մեկնաբանմամբ:
– Պատահել է, որ տարիներ առաջ գրած գործերիցս մեկնումեկը հավանել եմ, բավարարել է ինձ, բայց ես իմ երաժշտությունը չեմ լսում։ Մեկ-երկու րոպե լսելուց հետո փախչում եմ իմ գործից։ Մի օր հանդիպեցի Ստրավինսկու մտքին, որ ասում է՝ իմ ստեղծագործությունն ինձ հետաքրքրում է այն պահին, երբ գրվում է, հետո՝ այլևս ոչ։ Լուտոսլավսկին էլ նույնն է ասել։ Իմ ընկեր հայ կոմպոզիտորներից մեկն ամեն օր իր գործերից մեկ-երկուսը լսելու սովորություն ուներ։ Մտովի ասում էի այդ մարդուն. «Երանի ինքնագոհություն բավարարելու քո ախորժակին»։
Հիմա տեսեք, ձեզ եմ ասում՝ իմ գործերից որը դուք հավանեք, այն էլ ես կհավանեմ։ Վերջերս Երևանում էր անգլիահայ ջութակահար Լևոն Չիլինկիրյանը։ Տարիներ առաջ նրա խնդրանքով մի գործ էի գրել, որը երբևէ չէի լսել ոչ կենդանի հնչողությամբ, ոչ էլ ձայնագրությամբ։ Տեսնեմ, երևանյան իր համերգի ծրագրում դա էլ է ներառել։ Շատ անհանգիստ էի, մտածում էի՝ չլինի՞ այնպես, որ խայտառակվեմ քսանհինգ տարվա հեռավորության իմ գործի հետ առաջին անգամ հանդիպելուս արդյունքում։ Համերգին նախորդած փորձերի ընթացքում մի քանի աննշան շտկումներ արեցի։ Համերգին հնչեց, խայտառակ չեղա։ Կորած-մոլորած այդ գործս տարիների հեռավորությունից եկավ տուն, և իմ ուրախությունը դա էր։
– Խորհրդային Միության փլուզումը մի անգամ որակեցիք որպես Ձեր ամենամեծ երազանքի իրականացում: Բայց «Սովետի ժամանակներում» կարծես թե այնքան էլ չէր զգացվում ձեր դժգոհությունը իշխող համակարգից, դուք այլախոհների մեջ չեք եղել: Թե սխալվո՞ւմ եմ:
– Հիմա ամաչում եմ, որ համարել եմ իմ ամենամեծ երազանքի իրականացումը։ Բայց այն տարիներին ինձ նման մեկը համարվում էր «միոտանի այլախոհ» («Одноногий диссидент»,- այսպես էր անվանում Լևոն Ներսիսյանը իրեն, ինձ ու մեզ նմաններին)։ Սովետի փլուզումը Հրանտ Մաթևոսյանը շատ ծանր տարավ։ Ցավոտ այս հարցի շուրջ չէի ուզենա երկար ծավալվել։ Ամբողջ մի կայսրություն քանդվեց։ Ամենուրեք կորուստներ ու ցավեր եղան։ Նաև՝ այլանդակություններ, պատերազմներ։ Մի կողմ թողնենք ինձ ու իմ երաժշտությունը… Ամենակարևորն ու ուրախալին՝ Արցախն անկախացավ։
– Հայաստանի անկախության տարիներին ձեր երաժշտությունը նորանոր եզերքներ է նվաճում: Արտասահմանյան պատվերներ, կատարումներ ամերիկյան, եվրոպական, ասիական երկրների դահլիճներում, ձայնագրություններ աշխարհի լավագույն ընկերություններից մեկում (Գերմանիա, ECM): Եվ, վերջապես, երկու անգամ «Գրեմմի» մրցանակի նոմինանտ: Այնպիսի տպավորություն ունեմ, ցավոք, թե մեզանում չի զգացվում երաժշտասերների հետաքրքրության աճ ձեր լուրջ երաժշտության նկատմամբ: Միջազգային ճանաչման արժանացած «Ռեքվիեմի», կոնցերտների, վոկալ շարքերի, բագատելների, սոնատների ժամանակը դեռ գալու է… Ունկնդիրները, սակայն, արդեն չորս տասնամյակ հիացմունքով կրկնում են միայն` Մանսուրյան, «Կտոր մը երկինք»…
– Է՛հ, գոնե այդ մեկ կամ մի քանի մեղեդիները կան, որ երբեմն հոգու թեթևություն են բերում ունկնդրին։ Դժվար ժամանակների միջով ենք անցնում։ Նախորդ հարցդ նկատի ունենալով՝ կարող էի ավելացնել. բայց սովետական տարիներին իմ այս կատարումները, ձայնագրությունները, հրատարակությունները չէին լինելու, չէ՞… Փառք Աստծո, այս ամենը կա։ Գոհունակության այս նոտային արի նվնվոց չավելացնենք։ Ինչ որ կա՝ լավ է։
– Ռուս նշանավոր կոմպոզիտորներից մեկը՝ ձեր ընկեր Անդրեյ Վոլկոնսկին ասել է. «Մանսուրյանն ավելի շատ ֆրանսիացի է, քան գերմանացի»։ Ինչպե՞ս հասկանանք։ Ի՞նչ շերտեր կան մեծ երաժշտի այս գնահատականում։
– Հայ երաժշտության և, հատկապես, կոմիտասյան երաժշտության մեջ լիուլի ներկա հնչյունային գունամտածողությունը, բնապատկերի ազատ շնչառությունը նույնքան շոշափելիորեն ներկա են ֆրանսիական դասական երաժշտության մեջ։ Ինձ համար կարևոր է ևս մեկ կետ. հայոց լեզուն, ինչպես նաև ֆրանսերենը կայուն շեշտադրական համակարգ ունեն, այս երկու լեզուներում շեշտը միշտ վերջին վանկի վրա է։ Ռուսերենը, գերմաներենը և այլ լեզուներ համարվում են թափառող շեշտադրական համակարգ ունեցող լեզուներ։ Այլ համակարգեր ունեցող լեզուների մասին չխոսենք… Իմ խորին համոզմամբ, լեզվի շեշտադրական այս համակարգը մեծ ազդեցություն ունի երաժշտական մտածողության վրա. չէ՞ որ լեզուն երկու խարիսխների վրա է հենված. մեկը նրանում պարունակված միտքն է, մյուսը՝ հնչյունը։ Տեսաբաններն այս պարագայում լատիներեն երկու եզրույթ են գործածում՝ «սեմանտիկա» և «ֆոնետիկա»։ Երաժշտի ձևավորման, կայացման ընթացքում տարբեր այլ սնուցիչների կողքին մեծ դեր ունի լեզուն, որով նա խոսել, մեծացել է։
Իմ ամենասիրած եվրոպական օպերան Դեբյուսիի «Պելեաս և Մելիզանդան» է։ Երբ գերմանացի Ռիխարդ Շտրաուսը որոշում է իր հերթական օպերան ֆրանսերենով գրել, դիմում է Ռոմեն Ռոլանին՝ խորհուրդ հարցնելով, թե ֆրանսիացի ո՞ր կոմպոզիտորին պետք է առավելաբար հետևել ֆրանսերենը երաժշտության բնագավառ բերելիս։ Ռոմեն Ռոլանը նրան խորհուրդ է տալիս կողմնորոշվել դեպի Դեբյուսիի հիշածս օպերան։
Տարիներ շարունակ ինձ սիրելի են Կլոդ Դեբյուսիի՝ ֆրանսիական պոեզիայի հիման վրա ստեղծած 64 երգերը։ Էլ չեմ խոսում Դեբյուսիի, Ռավելի գործիքային երաժշտության մասին…
Բայց իմ ուշադրությունը միայն երաժշտական Ֆրանսիայի նկատմամբ չի եղել… Ուրախ եմ, որ ձեր հարցի մեջ հիշեցիք իմ սիրելի իշխան Անդրեյ Վոլկոնսկուն…
– Ձեր հոբելյանի առթիվ ինքներդ ձեզ ինչպիսի՞ նվեր եք անում, արդյոք: Գուցե նոր ե՞րկ է դա: Եթե այդպես է, կարելի՞ է իմանալ՝ ինչ եք գրում:
– Ինձ այնպես է թվում, թե նորից՝ արդեն քանիերորդ անգամ նորոգվելու նախադռանն եմ հասել։ Չգիտեմ՝ նոր դուռ պիտի բացվի՞։ Եթե դուռ բացվելու է՝ իբրև ջերմեռանդ որոնող պիտի ուզեի վաղվա որոնումներում ինձ առաջնորդողն ու ուղենիշը «Խորհուրդ խորին» տիեզերածավալ մեղեդին լիներ։ («Գիտե՞ս այդ մեղեդին,- հարցնում է կոմպոզիտորը,- Կոմիտասի «Պատարագի» մուտքն է»,- ասում է ու ոգեշնչված երգում մի հատված)։
– Ինչպե՞ս եք վերաբերում համաժողովրդական սիրուն, որով շրջապատված եք, փառքին, կառավարական և այլ պարգևներին, կոչումներին, մրցանակներին, որոնք, թվում է, բոլորն արդեն ունեք: Մի անգամ` կարծեմ ձեր 75-ամյակի առիթով, երբ ձեզ առաջարկել են, որ ինքներդ ընտրեք կառավարական պարգևը, որը կուզենայիք ստանալ, կես-կատակ, կես-լուրջ պատասխանել եք. «Ամեն ինչի արդեն արժանացել եմ, ոչ մի բան չի մնացել, որ շնորհեք»: Եվ չեն շնորհել: Բայց, իրականում, չունեք կոչումներից բարձրագույնը` Հայաստանի ազգային հերոսի կոչումը…
– Համարիր, որ դու այդ կոչումն արդեն ինձ տվեցիր, և ես էլ համարում եմ, որ արդեն հերոս եմ հիմա։ Ճիշտ է, որ ես ինձ փողոցում էլ նույնքան ապահով եմ զգում, որքան իմ տանը՝ քո թվարկած ուշադրության արտահայտությունների շնորհիվ։ Կարևոր է հատկապես այս էլ քանի տարի միայնակ ապրողիս համար։
– Սերգեյ Փարաջանովը «Նռան գույնի» ձեր երաժշտությունն անվանել է հանճարեղ։ Այլ գործերի առնչությամբ ձեր հասցեին հնչած «հանճարեղ» բառը լսել եմ հռչակավոր թավջութակահարուհի Նատալիա Գուտմանից, անվանի դիրիժորներ Էդվարդ Թոփչյանից, Ռոբերտ Մլքեյանից, ձեր քրոջից՝ նշանավոր երգչուհի Արաքս Մանսուրյանից, ուրիշներից։ Այդպես էր մտածում ձեր կինը՝ Նորա Ահարոնյանը, որ մասնագիտությամբ երաժշտագետ էր և հանրապետության լավագույն մանկավարժներից մեկը, բայց չէր բարձրաձայնում։ Ինքս էլ, թող ներվի համարձակությունս, տարբեր առիթներով այդպես բնորոշել եմ ձեր ստեղծագործությունը։ Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքն այդ գնահատականին։
– Մի օր իմ արվեստագետ ընկերներից մեկին նվիրված հեռուստահաղորդմանն էի մասնակցում։ Մինչև նկարահանման սկսվելը հաղորդման հերոսը՝ այդ ավագ ընկերս, խնդրելու պես ականջիս շշնջաց. «Ինձ հանճար կասես»։ Ի՜նչ գեղեցիկ երեխա էր այդ պահին ընկերս։ Ես իր խնդրանքը կատարեցի՝ հանճար անվանեցի, ինքը դա լսեց, բայց երբ դիտեցինք հաղորդումը, տեսանք, որ իր համար այդ թանկ բառը խմբագրված հանված էր։ Միևնույն է, իմ ավագ ընկերն է և իմ հանճարն է։
– Շնորհակալություն։ Քաջառողջություն ձեզ, ստեղծագործական նորանոր հաջողություններ, երկար տարիների կյանք՝ ի շահ մեր արվեստի։
– Ես ևս շնորհակալ եմ հանդիպման և հաճելի զրույցի համար։
Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի