Բաժիններ՝

Ինչպես են երջանկությունն ապրում աղքատներն ու հարուստները

Ունեւոր մարդիկ հակված են ավելի շատ դրական հույզեր ապրել իրենք իրենց մասին մտքերից: Միեւնույն ժամանակ ավելի քիչ վաստակողներն ավելի մեծ բավականություն են ստանում ուրիշների հետ շփվելու հնարավորությունից: Այդ մասին ասված է Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականների ուսումնասիրության մեջ, որը հրապարակել է Ամերիկյան հոգեբանական ասոցիացիան։

Հետազոտությանը մասնակցել է 1519 մարդ: Բացի եկամուտների վերաբերյալ տվյալներից, գիտնականները հարցման մասնակիցներից իմացել են, թե նրանք որքան ուժեղ են ապրում այն հույզերը, որոնք սովորաբար կապում են երջանկության հետ՝ սերը, ուրախությունը, կարեկցանքը, հպարտությունը, էնտուզիազմը, ակնածանք, գոհությունը: Դրա համար կամավորներին խնդրել են գնահատել, թե որքանով են նրանք համաձայն այն պնդումների հետ, որոնք հնչում են մոտավորապես այս կերպ՝ «Ուրիշների մասին հոգ տանելը իմ մեջ ջերմ զգացողություններ է առաջացնում»: Պարզվել է, որ մեծ եկամուտներ ունեցող մարդկանց համար դրական հույզերի գլխավոր աղբյուրը հպարտությունն է եւ ինքնագոհությունը:

Նրանք առավել բարձր են գնահատել, մասնավորապես, «Ես բավականություն եմ ստանում, երբ մարդիկ ինձ հարգում են» արտահայտությունը: Ոչ շատ հարուստների համար երջանկությունը դրսեւորվում է այնպիսի զգացմունքներում, ինչպիսիք են սերն ու կարեկցանքը: «Այս հետազոտությունն ապացուցում է, որ փողը երջանկություն չի երաշխավորում, բայց կարող է ազդել դրա դրսեւորման վրա»,-ասում է հետազոտության հեղինակներից մեկը՝ Պոլ Փիֆը: Ավելի վաղ ամերիկացի նեյրոկենսաբան Մորան Սերֆը հայտարարել էր, որ երջանկության զգացողությունը կախված է մարդու շրջապատի մարդկանցից եւ ընդհանուր ոչինչ չունի նյութական վիճակի, անձնական փիլիսոփայության կամ կենսափորձի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս