«ՀՀ արտաքին քաղաքականությունում որոշ նյուանսներ փոխվում են»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընն անակնկալ դիտարկումներով է հանդես եկել՝ նշելով, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ռուս-թուրքական սերտ համագործակցությունը տապալվել է այլ ուժերի միջամտության արդյունքում:

Անկարայում տեղի ունեցած «Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններ. ձևավորել ապագան» խորագրով գիտաժողովի ժամանակ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընն անդրադարձել է Արցախի հիմնախնդրին ու դրա կարգավորման հարցում Ռուսաստանի ստանձնած դերին: Նա կոչ է արել Հայաստանին հանձնել տարածքներ Ադրբեջանին՝ միևնույն ժամանակ պնդելով, որ Թուրքիան Հայաստանի հանդեպ նախապաշարմունքներ չունի:

«Այս հարցում մեր դիրքորոշումը շատ հստակ է: Մենք մի քանի փորձ ենք կատարել Կովկասում կրկին խաղաղության վերականգնման ու Հայաստանի կողմից շրջափակմանը վերջ դնելու համար: Այս հարցում մեր ռուս գործընկերների հետ սերտ համագործակցություն էլ եղավ, սակայն կրկին այլ ուժեր միջամտեցին, ու գործընթացը տապալվեց: Սակայն երբ դա տեղի ունենա՝ դրանից ամենաշատ օգուտը հենց Հայաստանը կքաղի: Մենք Հայաստանի դեմ որևէ նախապաշարմունք չունենք»,- ասել է Քալընը: Էրդողանի խոսնակը նաև շեշտել է, որ իրենց կարծիքով՝ 1992 թվականին ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբը մինչ օրս որևէ օգուտ չի տվել հակամարտության լուծման գործընթացին:

«168 Ժամի» հետ զրույցում թուրք քաղաքական վերլուծաբան Ջենգիզ Աքթարն ասաց, որ Էրդողանի խոսնակի նմանատիպ հայտարարությունները ցույց են տալիս այն, ինչի կասկածը շատերն ունեցել են` ռուս-թուրքական համագործակցություն՝ տարբեր փուլերում Հայաստանին զիջումներ պարտադրելու նպատակով:

«Սակայն կարծում եմ` այս դեպքում խոսքը 2008թ. Ցյուրիխյան գործընթացի կամ ֆուտբոլային դիվանագիտության և դրանից ենթադրվող՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում առաջընթացի մասին էր: Այդ փուլում, եթե հիշում եք, Ռուսաստանը բավականին ակտիվ էր, թեև ֆուտբոլային դիվանագիտությունը ռուսական նախաձեռնություն չէր: Սակայն այս հայտարարությունից պարզ է դառնում, որ բուն հայ-թուրքական գործընթացին զուգահեռ՝ եղել են այլ պայմանավորվածություններ:

Եթե չեմ սխալվում, այդ շրջանում եղան տարատեսակ անդրադարձներ ԼՂ հակամարտությանը թուրքական միջամտության կամ մասնակցության վերաբերյալ, որոնք հանրային ճնշման ներքո հերքվում էին: Տապալվեց ֆուտբոլային դիվանագիտությունը, և այդ ծրագրերը ևս տապալվեցին, որն ի օգուտ կողմերի էր, քանի որ հակամարտությունը պետք է կարգավորվի բոլոր կողմերի շահերը պաշտպանելու միջոցով, որն այդ գործարքով ապահովված չէր լինելու:

Ըստ իս, մեղադրանքը հնչում է Արևմուտքի հասցեին: Սակայն ես այն համոզմանն եմ, որ դրանից հետո ևս եղել են մի քանի փորձեր, ապրիլյան պատերազմից և ռուս-թուրքական սրացումից հետո ևս եղան փորձեր, երբ սկսվեց ռուս-թուրքական ակտիվ քաղաքական առևտուր, որից Ադրբեջանը ևս ցանկացավ դիվիդենտներ քաղել՝ փորձելով Թուրքիային ներքաշել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթաց: Ադրբեջանը հույսեր ունի, որ Ղարաբաղյան հակամարտությունը տարածաշրջանի համար այնպիսի կարևորություն ունի, որ կարող է դառնալ ռուս-թուրքական առևտրի առարկա: Սակայն ես այդ կարծիքին չեմ:

Ակնհայտ է, որ Թուրքիան խուսափում է ԼՂ հակամարտությանը միջամտելուց, սակայն Ադրբեջանի ճնշումների ներքո ժամանակ առ ժամանակ իր համերաշխությունն է հայտնում ԼՂ հակամարտությունում ադրբեջանական կողմի պահանջներին: Բայց իրականությունն այն է, որ Թուրքիան՝ ներկայումս իրատեսական ծրագիր չունենալով Հայաստանի հետ սահմանը բացելու ուղղությամբ, փորձում է է՛լ ավելի չսրել Հայաստանի հետ հարաբերությունները, քանի որ դրանք Արևմուտքի ուշադրության կենտրոնում են, իսկ Թուրքիայի հարաբերություններն արևմտյան գերտերությունների հետ խիստ վատթարացել են վերջին շրջանում՝ պայմանավորված Էրդողանի ներքին և արտաքին քաղաքականությամբ:

Բայց Ռուսաստանի հետաքրքրվածության պայմաններում հնարավոր է լուրջ ճնշում Հայաստանի նկատմամբ, եթե կրկին նման փորձերի համար հնարավորություն ստեղծվի»,- նման տեսակետ հայտնեց Ջենգիզ Աքթարը:

Իր հերթին՝ ամերիկացի վերլուծաբան Փոլ Սթրոնսկին ասաց, որ ռուս-թուրքական «գործարք» Ղարաբաղյան հակամարտության գոտում հնարավոր է, թեև դա դեմ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափին:

Նրա խոսքով, նման գործարքների հաջողությունն է՛լ ավելի իրատեսական կդառնա տարածաշրջանում Արևմուտքի` ԱՄՆ-ի, ԵԱՀԿ ՄԽ ազդեցության և ներկայության թուլացման, հայ-ռուսական հարաբերություններում խնդիրների պարագայում: Սթրոնսկու համոզմամբ, նման պայմանավորվածությունների մասին խոսակցությունները սովորաբար ակտիվացել են հենց նման շրջաններում:

«Դա կարող է տեղի ունենալ և՛ բանակցային գործընթացում ԱՄՆ-ի պասիվության, և՛ հարավկովկասյան երկրների հետ ոչ լիարժեք հարաբերությունների դեպքում: Հայաստանի պարագայում ներկայումս վերանայման փուլ է արտաքին քաղաքականության ոլորտում, որը փաստեցին նաև ԱՄՆ նախագահի խորհրդականի հայտարարությունները և հանդիպումները Երևանում, ինչպես նաև ՀՀ վարչապետի վերջին հայտարարությունները ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների վերաբերյալ: Դրա մասին են խոսում նաև այն խնդիրները, որոնք կան հայ-ռուսական հարաբերություններում և ՀԱՊԿ-ում: Կան հույսեր, որ փոփոխություններ կլինեն ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում, որը կունենա անդրադարձ նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:

Չէ՞ որ Ջոն Բոլթոնը հույս հայտնեց, որ ՀՀ-ում ընտրություններից հետո հնարավորություն կստեղծվի ԼՂ հակամարտության գոտում առաջընթացի համար: Սրանք փոխկապակցված գործընթացներ են: ԱՄՆ-ը ձգտում է է՛լ ավելի բարձր ակտիվության Հարավային Կովկասում, թեև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո կասկածներ կային, որ ԱՄՆ-ը ուշադրությունից դուրս է թողնելու Հարավային Կովկասը, հետևաբար` ԼՂ հակամարտությունը: Բայց Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները նոր հույսեր ներշնչեցին, թեև ԱՄՆ-ը չի կարծում, որ Հայաստանն էականորեն փոխելու է իր արտաքին քաղաքական վեկտորները:

Բայց որոշ նյուանսներ փոխվում են և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի ուղղությամբ, որոնք էլ ավելի զգալի կլինեն ՀՀ-ում սպասվող ընտրություններից հետո»,- ասաց Փոլ Սթրոնսկին:

Այս պայմաններում, նրա խոսքով, նման գործարքների հնարավորությունը կհասնի մինիմումի: «Ի վերջո, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները պետք է ծավալվեն ԵԱՀԿ ՄԽ ֆորմատի շրջանակում բոլոր կողմերի կողմից համաձայնեցված սկզբունքների շուրջ»,- ասաց Սթրոնսկին:

Տեսանյութեր

Լրահոս